Էրնստ Հոֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ETA-Hoffmann.JPG

Էռնեստ Հոֆման Թեոդոր Ամադեուս (գերմ.՝ Ernst Theodor Amadeus Hoffmann, 1776թ. հունվարի 24 , Քյոնիգսբերգ - 1822թ. հունիսի 25, Բեռլին), ռոմանտիզմի ուղղությանը պատկանող գերմանացի գրող, երգահան, բեմանկարիչ, երաժշտական քննադատ, նկարիչ։ Հայտնի է գրոտեսկով, սուր հումորով ու երգիծանքով հագեցած ֆանտաստիկական նովելներով, որոնցից շատերն այսօր էլ ժողովրդականություն են վայելում ոչ միայն գերմանալեզու երկրներում («Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը»[1], «Պստիկ Ցախեսը» և այլն)։ Նվազ ճանաչված է որպես երգահան, թեև նրա «Ունդինա» օպերայի առաջին բեմադրությունը 1816 թ. հաջողություն է ունեցել։

Ստեղծագործություններ[խմբագրել]

Հոֆմանի «Ասպետ Գլյակը» (1809), «Ցոհան Կրայսլերի, խմբավարի երաժշտական տառապանքները» (1810), «Դոն Ժուան» (1813) նովելները հետագայում ամփոփվել են «Ֆանտազիաներ՝ Կալլոյի ոգով» ժողովածուի մեջ։ «Ոսկե կճուճ» (1814) վիպակում աշխարհը պատկերված է երկու պլանով՝ իրական ու ֆանտաստիկ։ «Սատանայի էլիքսիրը» (1815—1816) վեպում իրականությունը ներկայացվում է որպես գերբնական չար ուժերի տարերք։ Հոֆմանը գրել է նաև «Թատրոնի մի դիրեկտորի զարմանալի տառապանքները» (1819), «Գիշերային պատմվածքներ» (մաս 1—2, 1817), «Սերապիոն եղբայրներ» (1—4, 1819—1821), «Լվերի տիրակալը» (1822) և այլ գործեր։ Վարշավայում, որտեղ ծառայել է որպես պալատական խորհրդատու (1804—1807), կազմակերպել է ֆիլհարմոնիկ ընկերություն, սիմֆոնիկ նվագախումբ։ 18071813-ին որպես դիրիժոր, կոմպոզիտոր և բեմանկարիչ աշխատել է Բեռլինի, Բամբերգի, Լայպցիգի և Դրեզդենի թատրոններում։

Հոֆմանը ռոմանտիկական երաժշտական գեղագիտության հիմնադիրներից է։ Հեղինակել է Գերմանիայի առաջիև ռոմանտիկական «Ունդինա» (1813) օպերան, սիմֆոնիաներ, «Ավրորա» օպերան, խմբերգեր, կամերային երկեր, երաժշտագիտական հոդվածներ։ Նրա շատ երկերի հիման վրա ստեղծվել են երաժշտական ստեղծագործություններ (Դելիբի «Կոպելիա» և Չայկովսկու «Շելկունչիկ» բալետը), ազդեցությունն են կրել Վեբերը, Շումանը, Վագները, բանաստեղծական կերպարները մարմնավորվել են Շամանի («Կրայսլերիանա»), Վագների («Թռչող հոլանդացին»), Ադանի («Ժիզել»), Դելիբի («Կոպելիա») և այլոց երկերում։ Հոֆմանն ազդել է Էդգար Ալան Պոյի և Հովարդ Լաֆկրաֆտի ստեղծագործության վրա։ Նա Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» (1881) և Լաչչետիի «Հոֆման» (1912) օպերաների հերոսն է։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. թարգմանվել է հայերեն` Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը : Հեքիաթ-վիպակ / Է.Թ.Ա. Հոֆման; Թարգմ.՝ Է. Մակարյան; Նկ.՝ Ե. Սադովնիկովա. - Երևան : Արևիկ, 1988. - 62 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png