Էստոնական խոհանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարտուլիպորս (էստ.՝ Kartulipõrsad)
Կամա (էստ.՝ kama)

Էստոնական խոհանոց, էստոնական ավանդական կերակրատեսակներն ու կերակուր պատրաստելու ավանդույթները։ Այն առաջին հերթին ներառում է այն կերակուրները, որ պատրաստում էին էստոնացի գյուղացիները մինչև 19-րդ դարը։ Սակայն հետագա տարիներին այն կրել է գերմանական, շվեդական ու ռուսական խոհանոցների ազդեցությունը։

Կերկրատեսակներ[խմբագրել]

Էստոնական խոհանոցում օգտագործվում են՝ տարեկանի սև հաց, խոզի միս, կարտոֆիլ, կաթնեղեն, կաղամբ, սիսեռ, ընդեղեն, ծովափնյա տարածքներում՝ նաև ձկնեղեն։ Կերակուրների պատրաստման եղանակը բավական պարզ է։ Կերակուրը սննդարար է ու պարզ։ Ուտելիքը սովորաբար շոգեխաշում են, հազվադեպ են տապակում։ Համեմունքների օգտագործումը սահմանափակ է. սոխից ու աղից բացի օգտագործում են սամիթ, մաղադանոս, չաման, դափնու տերև և այլն։ Կերակուրները սննդատեսակների ոչ սովորական համատեղման (օրինակ՝ ձուկը խոզի ճարպի հետ, ոլոռը կաթի հետ) շնորհիվ ունենում են յուրահատուկ համ։

Էստոնական խոհանոցի հիմնական կերակուրը տարեկանի հացն էր։ Դրա հետ ուտում էին աղ դրած սալակա (ձուկ), խմում էին կվաս ու կաթ։ Տոներին եփում էին գարեջուր։ Այսօր էլ բավական տարածված է կաման (էստ.՝ kama). նախապես բոված ու աղացած տարեկանը, վարսակը, գարին ու սիսեռը խառնում են ալյուրին և ուտում կաթի հետ։ Մինչև 19-րդ դարն էստոնական խոհանոցի կերակրատեսակները բազմազանությամբ աչքի չէին ընկնում։ Ճորտատիրության պայմաններում գյուղացին ամռանն աշխատանքի էր գնում արևածագին, այդ պատճառով էլ ստիպված էր լինում նախաճաշել վաղ առավոտյան։ Հողամասերը, որտեղ նրանք աշխատում էին, տանից հեռու էին, և նրանք ճաշում էին դաշտում, ուտում էին հաց ու աղ դրած սալակա։ Ընթրում էին ուշ երեկոյան, ընթրիքին հավաքվում էր ողջ ընտանիքը, ուտում էին սիսեռով կամ լոբով ապուր, չորեքշաբթի ու շաբաթ օրերին՝ հացահատիկի շիլա։

Էստոնացիների սննդակարգում բազմազանություն էին մտցնում տոնական ու ծիսական սննդատեսակները։ Տոնական սեղանին դնում էին սեպիկ հաց (էստ.՝ sepik)։ Ամանորյա ու Սուրբ ծննդի տոների համար նախապես պատրաստում էին երշիկ՝ աղիների մեջ լցնելով ձավար, ավելի ուշ՝ նաև արյուն։ նրանք հավատում էին, որ ձավարով լցված աղիները երջանկություն են բերում տուն։

19-րդ դարում Էստոնիա բերվեց կարտոֆիլը, որ էստոնացիների կերակրացանկում շուտով գրավեց երկրորդ տեղը՝ հացից հետո։ Տնտեսության ու առևտրական հարաբերությունների, ինչպես նաև հաղորդակցության միջոցների զարգացումը մեծապես նպաստեց էստոնական խոհանոցի զարգացմանը։

Խմիչքներ[խմբագրել]

Էստոնացիների ամենասիրված ու ավանդական խմիչքը կոչվում է կալի, այն ռուսական կվասին նմանվող խմիչք է։ Իսկ ահա մեադ (մօդու) կոչվող խմիչքը, որ հնում մեծ ժողովրդականություն էր վայելում, ներկայումս գրեթե չի օգտագործվում։ Այսօր ամենասիրված ու ամենաշատ օգտագործվող խմիչքը մնում է գարեջուրը։ Էստոնիայում գործող գարեջրի հնագույն գործարանները երկուսն են. Տարտուի A. Le Coq գործարանը հիմնադրվել է 1807 թ., Սակուի գարեջրի գործարանը՝ 1820թ

Ոչ ալկոհոլային խմիչքներից տարածված են տարբեր տեսակի հյութերն ու սովորական ջուրը։ Կաթը նույնպես շատ է օգտագործվում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների կողմից։

Գինին նույնպես լայնորեն օգտագործվում է էստոնական խոհանոցում, սակայն դեռևս այնքան ժողովրդականություն չի վայելում, որքան գարեջուրը։ Էստոնացիները գինի են պատրաստում խնձորից ու տարբեր հատապտուղներից։ Տարածված են նաև օղին և ալկոհոլային այլ խմիչքներ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg