Էպիլեպտիկ կարգավիճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կայուն էպիլեպտիկ վիճակ է, որը բնութագրվում է անընդհատ կրկնվող նոպաներով, որոնք հաջորդում են մեկը մյուսին, ամեն հաջորդ նոպան առաջանում է այն ժամանակ, երբ դեռ պահպանված են նախորդի առաջացրած գիտակցության խանգարումները, և դրանց միջև եղած դադարների ընթացքում հիվանդը չի կարողանում լիովին հասնել իր նորմալ հոգեկան և նյարդաբանական վիճակին։

Ծագումնաբանություն[խմբագրել]

Էպիլեպտիկ կարգավիճակի ծագումնաբանական գործոնները բազմազան են։ Այն կարող է առաջանալ որպես էպիլեպսիայի բարդացում կամ լինել դրա սուր դրսևորումը։ Եթե կարգավիճակին նախորդող էպիլեպտիկ պարոքսիզմներ չկան, ապա դրա պատճառ կարող են հանդես գալ նեյրովարակները, գլխուղեղի նյութափոխանակության սուր խանգարումները, գանգուղեղային տրավման, ԿՆՀ-ի պրոգրեսիվող հիվանդությունները, թունավորումները [1]։ Էպիլեպտիկ կարգավիճակը անհապաղ բժշական օգնություն է պահանջում, իսկ մահացությունը հասնում է մինչև 30-50%-ի։

Տարածվածություն[խմբագրել]

Էպիլեպտիկ կարգավիճակը հանդիպում է 100 000 բնակչությունից 18-10 հոգու մոտ և համարվում է առավել տարածված նյարդաբանական վիճակը։ Էպիլեպտիկ կարգավիճակը 50% դեպքերում առաջանում է վաղ տարիքի երեխաների մոտ։ Էպիլեպտիկ երեխաների մոտ հանդիպում է առավել հաճախ (10-15%), քան մեծահասակների մոտ (5%) [1]։

Փուլեր[խմբագրել]

  1. Նախնական․ ցնցումային պարոքսիզմները հաճախակի են և երկարատև, սակայն սոմատովեգետատիվ գործառույթների փոփոխությունները և գիտակցության խանգարումները նոպաների միջև ընկած ժամանակահատվածներում չափավոր են արտահայտված,
  2. Լայնատարած․ ցնցումային պարոքսիզմների տևողությունը փոքրանում է, սակայն նոպաների արանքներում պահպանվում է խորը կոման, շնչառության խանգարումները, զարկերակային ճնշման անկումը, տախիկարդիան,
  3. Տերմինալ․ ցնցումները բացակայում են, հիվանդը անընդհատ գտնվում է խորը կոմայի վիճակում, կտրուկ խանգարվում են շնչառության և արյան շրջանառության գործառույթները, աճում է գլխուղեղի այտուցը [2]։

Տեսակներ[խմբագրել]

Ցնցումային կամ մեծ նոպաներով էպիլեպտիկ կարգավիճակ[խմբագրել]

Ցնցումային կարգավիճակի առաջացման պատճառներից մեծահասնակների մոտ առաջինը ալկոհոլի չարաշահումն է, իսկ երեխաների մոտ՝ մենինգո-էնցեֆալիկ վարակները, զարգացման բնածին անոմալիաները, ցերեբրալ վնասվածքների հետևանքները, պրոգրեսիվող նեյրոդեգեներատիվ հիվանդությունները։ Նորածինների մոտ դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ կարգավիճակի պատճառն են հանդիսանում նեյրոմետաբոլիկ խանգարումները, վարակները, գլխուղեղի արյունազեղումները։ Եթե էպիլեպտիկ դրսևորումները նախկինում բացակայել են, ապա հավանական պատճառներն են գլխուղեղի ուռուցքը, էնցեֆալիտը, գանգուղեղային տրավմաները, թունավորումները, ալկոհոլամոլությունը, նյութափոխանակության խանգարումները։

Ցնցումային նոպաների հաճախականությունը 3-20 անգամ 1 ժամում։ Սոպորի, խլացման, կոմայի չընդհատվող վիճակ։ Ցնցումները կարող են դադարել, ինչի ժամանակ առաջանում է էպիլեպտիկ անջատման փուլ՝ աչքերն ու բերանը կիսաբաց են, հայացքը անտարբեր է, բիբերը լայնացած։ Այս վիճակին կարող է հաջորդել մահ։ Նախկինում ախտորոշված էպիլեպսիայի դեպքում մահացությունը կազմում է 5%։ Եթե կարգավիճակը 30 րոպեից երկար է տևում, կարող են զարգանալ լուրջ ցերեբրալ, սիրտանոթային, ռեսպիրատոր, վեգետատիվ և նյութափոխանակության բարդացումներ։

Փոքր նոպաներով էպիլեպտիկ կարգավիճակ[խմբագրել]

Փոքր նոպայի կարգավիճակը կարող է հանդիսանալ էպիլեպսիայի առաջին դրսևորումը, որի ժամանակ տարեց մարդկանց մոտ զարգանում է գիտակցության անսպասելի մթագնում։ Աբսանսների կարգավիճակը, որ փոքր նոպայի էպիլեպտիկ կարգավիճակի տեսակներից է, կարող է հետևել մեծ նոպային կամ վերածվել դրա։

Փոքր նոպայի կարգավիճակը առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ և գեներալիզացված էպիլեպսիաների 5%-ի դեպքում։

Փոքր նոպայի կարգավիճակը հանդիսանում է գեներալիզացված առանց ցնցումների կարգավիճակի տարատեսակ։ Նոպաներն ընթանում են գիտակցության խանգարման ձևով, որի տեսակները տատանվում են կենտրոնացման թույլ խանգարումից մինչև ապակողմնորոշում և ստուպոր։ Երբեմն գիտակցության խանգարումը այնքան աննշան է, որ բացահայտվում է միայն հոգեբանական թեստավորման միջոցով։ Նոպաների 50%-ը արտահայտվում են կոպերի դողի, ձեռքերի աննպատակ շարժումների և այլ ցնցումային դրսևորումների միջոցով։ Երբեմն փոքր էպիլեպտիկ կարգավիճակը դառնում է էպիլեպտիկ ֆուգայի («շարժողական փոթորիկ») պատճառ, երբ հիվանդը տեղաշարժվում է շրջանագծով նշանակալի տարածություններով մինչև լիակատար անուժություն։ Ֆուգան ամբուլատոր ավտոմատիզմի կամ տրանսի տեսակներից է, որոնք ուղեկցվում են մթագնած գիտակցությամբ, սակայն հիվանդի վարքը կարող է նպատակաուղղված և կարգավորված թվալ, ինչի արդյունքում շրջապատը կարող է ոչինչ չնկատել։

Աբսանսների կարգավիճակ[խմբագրել]

Ընթանում է երկու ձևով՝ տիպիկ և ատիպիկ։

  1. Տիպիկ աբսանսների կարգավիճակի ընթացքին բնորոշ է անսպասելի սկիզբ և ավարտ, մինչև մի քանի օր տևողություն (սովորաբար՝ ավելի քիչ), տրանսանման վիճակ, որի ժամանակ բացակայում է արտաքին ազդակների հանդեպ որևիցե ռեակցիա, անամնեզում գեներալիզացված էպիլեպսիայի իդեոպաթիկ ձևերի առկայություն։
  2. Ատիպիկ աբսանսների կարգավիճակին բնորոշ է աստիճանական սկիզբ և ավարտ, մինչև մի քանի շաբաթ տևողություն, ատիպիկ աբսանսների և տոնիկ, միոկլոնիկ նոպաների զուգակցում, անամնեզում ախտանշային կամ կրիպտոգեն գեներալիզացված էպիլեպսիաների առկայություն։


Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Абрамович Г.Б., Харитонов Р.А. Эпилептические психозы у детей и подростков - Л., Медицина, 1979
  2. Алейникова Т.В. Возрастная психофизиология - Ростов-на-Дону, 2002