Էնեոլիթյան Հայաստանի խեցեգործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էնեոլիթյան Հայաստանի խեցեգործությունը, Հայկական լեռնաշխարհի տարածքում էնեոլիթյան դարաշրջանի խեցեգործությունը։

Էնեոլիթյան Հայաստանի նյութական արտադրության բնագավառներից մեկն էլ խեցեգործությունն էր, որի բուռն զարգացումը պայմանավորվա էր երկրագործության և անասնապահության ընդհանուր վերելքով։ Չունենալով հազարամյակների արտադրական փորձ ու ավանդույթներ, 5-6-րդ հազարամյակներում խեցեգործությունը Առաջավոր Ասիայում և Կովկասում արագորեն հասավ զարգացման համեմատաբար բարձր մակարդակի։ Գունազարդ հասարակ խեցեղենի տարբեր տեսակները հարյուրամյակների ընթացքում հաջորդաբար փոխարինում էին իրար՝ կապված արտադրության զարգացման, նյութական մշակույթի այս կամ այն օջախի բուռն առաջադիմության, մշակութային փոխառումների և փոխազդեցությունների, ցեղային տեղաշարժերի, փոխանակության և այլ երևույթների հետ։

Մշակույթի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավրոսն ու Ռշտունյաց լեռները, Եփրատը, Տիգրիսն ու Կովկասյան լեռնաշղթան, երբեք անանցանելի արգելքներ չեն եղել մշակութային տեղաշարժերի ու փոխազդեցությունների ճանապարհին։ Խարբերդ-Մալաթիայի շրջանները Հյուսիսային Միջագետքի, Անտիոքի հովտի և Կիլիկիայի ետ կապվում է Եփրատ գետով, որը Հասսունյան և Հալաֆյան արտադրանքի ներթափանցման գլխավոր ուղին էր։ Հեիմհանի մոտ՝ Մալաթիայի և Սեբաստիայի ճանապարհին, Արգուվանում, Հինձորում հանդիպում են Հասսունյան, Հալաֆյան և մերսինյան տիպերի գունազարդ խեցիների բնորոշ օրինակներ, որոնք աներկբայորեն ցույց են տալիս, որ Խարբերդի դաշտը, Մալաթիայի, Արգուվանի, Հեքիմհանի միջև ընկած տարածությունները Հյուսիսային Ասորիքի և Միջագետքի հետ պատմական շփման մեջ են եղել մ.թ.ա. 5-րդ հազարամյակի ընթացքում։ Արարատյան դաշտի ծայր հարավ-արևելյան հուշարձանները որոշակի զուգահեռներ ունեն ինչպես միջագետքյան, այնպել էլ Պարսկահայքի մերձուրմյան շրջանների հետ, իսկ Մուղան-Ղարաբազի ծայրամասային մարզը կապվում է, ըստ երևույթին, մի կողմից Արարատյան, մյուս կողմից՝ Հյուսիսային Կովկասի դաղստանյան շրջանների հետ։ Թեղուտի երկրագործական բնակավայրում բնորոշ տեղական կերամիկայի հետ երբեմն հանդիպում են ինչպես Հալաֆյան, այնպես էլ օբեյդյան մշակույթներին բնորոշ խեցեղեի տեսակներ։ Խեցեղենի վերը թվարկված տիպերը վերաբերում են մ.թ.ա. 5-րդ հազարամյակի վերջին և 4-րդ հազարամյակին։

Կերամիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակայն կավե ամանների արտադրության մեջ գլխավորը տեղական կերամիկան էր, որը տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում առանձնահատուկ երանգներ ու յուրահատկություններ է ունեցել։ Այսպես, Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջաններում, որոնցից են Խարբերդը, Մալաթիան, Բալուն, Հինձորը, Հեքիմհանը, գերակշռում է բաց մակերեսով և կարմիր նախշազարդով կոպիտ ու ոչ րիվ թրծված խեցեղենը, ինչպես և հասարակ, ոչ գունազարդ կերամիկան։ Ալբիստանում՝ Եփրատից արևմուտք, Մալաթիայից հյուսիս, գերակշռում է ավելի գորշ փայլեցված խեցեղենը. կան նաև եղջերվենագույն արտադրանքի նմուշներ, որոնք համադրվում են Մարաշի հարթավայրի կերամիկայի հետ և տարածվում Արևելքում՝ մինչև Արծն-Կարնո շրջանը։

Արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Հայաստանի՝ մ.թ.ա. 4-րդ դար հազարամյակին պատկանող խեցեղենի արտադրության մեջ նկատվում են տեխնիկական առաջընթացի շատ գծեր, թեև արտաքնապես այն քիչ է փոխվում։ Արարատյան դաշտի ու ներկայից Ադրբեջանի արևմտյան շրջանների հուշարձաններում բաց մակերեսով կերամիկայի հետ մեծ մասամբ հանդիպում է կարմիր կամ վարդագույն մակերեսով, սև, շագանակագույն, կարմիր նախշերով զարդարված խեցեղեն։ Վանի երկրագործական օազիսի խեցեգործների արտադրանքը, որ ծագում է Շամիրամ-Ալթիի եռաշերտ բնակավայրերից, և համապատասխանորեն ընդգրկում է նյութական մշակույթի զարգացման հաջորդական երեք փուլերը, մի տեսակ կապող օղակ է հանդիսանում մի կողմից Միջագետքի, Արևմտյան ու Արևելյան Հայաստանի և մյուս կողմից Իրանական սարահարթի ժամանակագրորեն տարբեր հուշարձանների միջև։ Ինչպես վերը նշվեց, Շամիրամ-Ալթիի ստրոին շերտի համար բնորոշ է փոյլեցված գունազարդ կերամիկան, որն իր գերազանց որակով չի տարբերվում միջագետքյան նմուշներից և ստույգ զուգահեռներ ունի Արարատյան դաշտի Թեղուտի և Նախիջևանի Քյուլթափայի բնակավայրերի կավե գունազարդ ամանեղենի հետ։ Խոսքը գնդաձև, փոքր կամ միջին ծավալի երկարավիզ, նրբախեցի սափորների մասին է, որոնց արտաքին, երբեմն էլ ներքին մակերեսները զարդարված ե կարմրափայլ եռանկյունի շեվրոններով շեղանկյուններով, ուղղաձիգ գծերով ու պուտերով, այսպես կոչված «քայլող» դրվագանախշերով։ Շամիրամ-Ալթիի երկրորդ շերտն իր փայլեցված, չգունազարդված խեցեղենով զուգահեռներ է գտնում Թեղուտի և Նախիջևանի Քյուլ-Թափայի բնակատեղիներում։ Նրա վերջին էնեոլիթյան հորիզոնը բնորոշվում է հարդախառն կերամիկայով, որը զարդարված է անփայլ կարմիր ներկի ալիքավոր գծերով։ Նույն տիպի խեցեղենի գունազարդ ու աննախշ տեսակներ հանդիպում են ամբողջ Հայկական լեռնաշխարհում՝ Տարոնից մինչև Արարատյան դաշտ ու Մուղան-Ղարաբաղի տարփաստանը։ Անդրկովկասի սահմաններից դուրս էլ այն տարածվում է Դաղստանի և Պարսկահայքի մերձուրմյան շրջաններում։

Ուսումնասիրությունների արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրողների մի զգալի մասը, հենվելով խեցեղենի զարդանախշերի նմանության վրա, պնդում է, թե ալիքավոր դրվագանախշով հարդախառն խեցեղենը ծագոմ է Իրանի Սիալկ, կամ Թեփե-Հիսար մշակույթներից։ Սակայն միանգամայն հնարավոր է, որ Հայկական լեռնաշխարհի և Արևմտա-իրանական սարահարթի խեցեղենի արտադրությունը ունեցած լինի միասնական, ավելի նախնական մի ակունք, որից սնված լինեն ժամանակագրորեն հանընկնող կամ նախորդող ու հաջորդող մշակույթի օջախները, մանավանդ, որ իրանական կավանոթներն իրենց ձևերով ու զարդանախշերի մոտիվների զգալի մասով չեն զուգադիպում Հայկական լեռնաշխարհի կամ Լեվանտական աշխարհի խեցեղենին։ Այս կապակցությամբ ճշտգրման կամ վերանայման մկարիք ունի գիտական շրջաններում լայնորեն տարածված այն թեզը, ըստ որի Շամիրամ-Ալթիի 3-րդ շերտում շոշափելի ձևով արտահայտված միջագետքյան մշակությաի աերսները հետագայում փոխարինվում են իրանական ազդեցություններով, և հյուսիս-իրանական մշակութային գոտին մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջում տարածվում է Հայկական լեռնաշխարհի գրեթե ողջ տերիտորիայի վրա։ Առանձնախես կարևոր է այն հանգամանքը, որ Թեղուտի բնակավայրում ալիքավոր զարդանախշերով կերամիկան ուղեկցվում է խեցեղենի Հալֆյան և գերազանցապես օբեյիդյան տիպերով, որոնք, անկասկած, վերաբերում են ավելի վաղ ժամանակների, քան Թեփե-Սիալկի 3-րդ շերտը։ Կավանոթների ձևերի մեջ գերակշռում են տարբեր մեծության ու խորության կիսագնդաձև, ծակոտկեն կողերով կրակարաններն ու սաջերը, բաց դեղնավուն կարասները և վաղ բրոնզեդարյան սև խեցեղենի հետ կապվում են միայն պատրաստման տեխնիկայով. իսկ այս կարող էր շատ ընդհանուր լինել ողջ Արևելքի համար, որտեղ բրուտի դուրգերին ու վառարաններին զուգընթաց լայնորեն կիրառվում էին նախնադարյան արհեստների պարզունակ ավանդույթներն ու հնարքները։ Առաջավոր Ասիայի և Հայաստանի նյութական արտադրության մեջ դիտվող սերտ կապերն ու համագործակցությունը պարարտ հող էին ստեղծում այս շրջաններում մշակութային և տնտեսական զարգացման այնպիսի մակարդակի համար, որի նմանը չէր դիտվում հին քաղաքակրթության և ոչ մի օջախում։ Հյուսիս Միջագետքյան և Հայաստանյան հզոր օջախներին են պատկանում մետաղաձուլության, խեցեգործության, անիվի, բրուտագործական դուրգի, մշակովի հացաբույսերի մշակման և մի ամբողջ շարք այլ կարևոր հայտագործությունների պատիվը, հայտնագործություններ, որոնք մուծվեցին համամարդկային մշակույթի գանձարանը։ Այս տարածությունների վրա բնակվող ցեղերի ստեղծած մշակույթը, ինչպես Գորդոն Չայլդն է գտնում, իր պատկառելի հնությամբ և արժեքներով կարող է մրցել հարավային Միջագետքի և Նեղոսի հովտի հնագույն մշակույթների հետ։ Երկրագործության, անասնապահության, արհեստների զարգացումը հրամայական տեղաշարժեր պիտի առաջացնեին նաև հասարակական կյանքում։ Կասկած չկա, որ այս պայմաններում մայրիշխանական տոհմական համայնքը իր տեղը զիջում է հայրիշխանական հասարակական կազմավորումներին, տեղի է ունենում տոհմերի ու ցեղերի հետագա կոնսոլիդացում, ցեղային ժամանակավոր հզոր միությունների կազմավորում։ Հայկական լեռնաշխարհում սկսվում է որոշակի ցեղերի ու ցեղախմբերի էթնիկական բյուրեղացման բացառիկ կարևոր պրոցեսը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]