Էյմերիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյմերիաներ
Դասակարգում
Թագավորություն  Քրոմիստներ (Chromista)
Ինֆրաթագավորություն Halvaria
Տիպ/Բաժին Սպորակենդանիներ (Apicomplexa)
Դաս Conoidasida
Ենթադաս Coccidia
Կարգ Eucoccidiorida
Ընտանիք Eimeriidae
Ցեղ Էյմերիաներ (Eimeria)
Schneider, 1875

Էյմերիաներ (լատին․՝ Eimeria), կոկցիդիաներ, սպորավորների դասի էյմերիդե ընտանիքի միաբջիջ նախակենդանիներ։ Մակաբուծվում են ոչխարների, տավարի, ճագարների և թռչունների օրգանիզմում (հիմնականում՝ աղիների լորձաթաղանթներում)՝ պատճառելով զգալի տնտեսական վնասներ։ Հայաստանում լայնորեն տարածված են հատկապես ճագարների և հավերի էյմերիոզները։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիները վարակվում են՝ կերի կամ ջրի միջոցով էյմերիաների ինվազիոն ձվերը ներս ընդունելով, որոնք անցնում են զարգացման 3 հաջորդական փուլեր, առաջին երկուսը (շիզոգոնիա, գամետոգոնիա) տեղի են ունենում տիրոջ օրգանիզմում, իսկ 3-րդը (սպորոգոնիա)՝ արտաքին միջավայրում։ Գամետոգոնիայի հետևանքով գոյացած օոցիստները, տիրոջ արտաթորանքի հետ ընկնելով արտաքին միջավայր, համապատասխան պայմանների առկայության դեպքում դառնում են ինվազիոն (գոյանում է սպոր՝ սպորոզոիտներով)։ Ինվազիոն օոցիստներն ընկնելով կենդանիների օրգանիզմ՝ շարունակում են հետագա զարգացումն աղիների էպիթելային բջիջներում, և, այդպես շարունակ։

Ճագարների և հավերի էյմերիոզներն ընթանում են զանգվածային անկումներով, միաժամանակ նկատվում է աճի դանդաղում, կենդանի զանգվածի և ստացված մթերքի որակի նվազում։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

էյմերիոզի բուժման և կանխարգելման նպատակով օգտագործում են ամպրոլում, կոկցիդին, կոկցիդիովիտ, սուլֆանիլամիդներ, տետրացիկլին և այլն։

էյմերիոզի կանխարգելման համար վճռական նշանակություն ունի նաև տնտեսության պատշաճ սանիտարական վիճակի պահպանումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։