Էկումենյան շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկումենյան շարժումը (հունարեն էյկումեն բառից, նշանակում է ամբողջ տիեզերքը, էկումենիկ – տիեզերական), քրիստոնեական եկեղեցիների միավորման շարժում է։

V դ. Քաղկեդոնի ժողովից հետո սկիզբ առած Ընդհանրական եկեղեցու պառակտումը, XI դ. Հույն և Հռոմի եկեղեցիների բաժանումը, XVI դ. Ռեֆորմացիայի արդյունքում ավետարանական եկեղեցիների սկզբնավորումը, այնուհետև՝ XVIII–XX դդ. նորանոր եկեղեցիների ծնունդը հանգեցրել են քրիստոնեական եկեղեցիների միության գաղափարի՝ փոխադարձ հարգանքի, վստահության, միջեկեղեցական գործակցության հիման վրա։

Էկումենյան շարժման սկզբունքն է՝ նախ լուծել եկեղեցիների միջև առկա տարաձայնությունները և խնդիրները, ապա՝ միավորվել։ Էկումենյան հարաբերությունների ձևավորման առաջին պաշտոնական առաջարկը կատարել է Կ. Պոլսի հունաց տիեզերական պատրիարքը։ Նա 1920-ին «Քրիստոսի եկեղեցիներին ամենուրեք» խորագրով մի շրջաբերական գիր է հղել, որտեղ բոլոր քրիստոնյա եկեղեցիներին կոչ է արել հաղթահարել անվստահությունը և զարկ տալ համագործակցությանը՝ անտեսելով դավանաբանական տարաձայնությունները։

Էկումենյան շարժման կազմակերպությունը ձևավորում է ստացել 1948 թ. օգոստոսի 30-ին Ամստերդամում գումարված իր առաջին համաժողովում, երբ ստեղծվել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ, նստավայրը՝ Ժնև)։ Էկումենյան շարժման մասնակից եկեղեցիների գործունեությունը համակարգող այս կազմակերպության նպատակն է զարգացնել քրիստոնեական եկեղեցիների համագործակցությունը, հաղթահարել տարաձայնությունները։ ԵՀԽ-ի բարձրագույն մարմինը համաժողովն է, այն գումարվում է յոթ տարին մեկ, ընտրում Կենտրոնական կոմիտե, որը հիմնական գործող մարմինն է համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում։ Գործադիր աշխատանքները ղեկավարում է գլխավոր քարտուղարը, որին ընտրում է Կենտրոնական կոմիտեն։ ԵՀԽ-ն 1961-ին Դելիում գումարված III համաժողովում ընդունել է հետևյալ դավանական բանաձևը. «ԵՀԽ-ն եկեղեցիների մի ընկերակցություն է, որը դավանում է մեր Տեր Հիսուս Քրիստոսին որպես Աստված և Փրկիչ ըստ Սբ. Գրոց, և աշխատում է միասին իրագործել իր հասարակական կոչումը, ի փառս Աստծո՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու»։ Մինչև 2000 թ ԵՀԽ-ն գումարել է ութ համաժողով, վերջինը՝ 1998-ին, Հարարեում (Զիմբաբվե)։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին ԵՀԽ անդամ չէ, բայց ունի իր մշտական դիտորդները կազմակերպությունում։

Հայ առաքելական եկեղեցին մշտապես կողմ է եղել քրիստոնեական եկեղեցիների միությանը, դեմ՝ անհանդուրժող ոգուն, պառակտումներին, մեկը մյուսի վրա իշխելու ձգտումներին։ Միաժամանակ ձգտել է, որ յուրաքանչյուր եկեղեցի հավատարիմ մնա իր դավանական, ծիսական, ազգային ավանդույթներին, աստվածաբանական և կանոնական մտածողության իր կերպին, պահպանի իր ինքնուրույն ղեկավարությունը։

Արդի շրջանում էլ Հայ եկեղեցին գործուն մասնակցություն է ունեցել միջեկեղեցական հարաբերություններին։ Հայ եկեղեցին ԵՀԽ-ին անդամակցել է 1962-ի օգոստոսին, փարիզյան նստաշրջանում, Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի՝ նույն թվականի ապրիլի 26-ի դիմումով։

Էկումենյան շարժման շրջանակներում քննարկվում են ոչ միայն եկեղեցական, կրոնական, աստվածաբանական, այլև՝ մարդկությանը հուզող բազմաթիվ այլ խնդիրներ, մշակվում են ընկերային, մարդասիրական, բարեգործական, կրթական և այլ համատեղ ծրագրեր, ստեղծվում էկումենիկ կազմակերպություններ, տեղական խորհուրդներ։ Այդպիսիներից է ԵՀԽ-ի Հայաստանյան Կլոր սեղանը, որը 1997-ից Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է մի շարք ծրագրեր՝ Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիների ուժերով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2000 թ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 43