Էլվինա Մակարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվինա Մակարյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԷլվինա Մակարյան
Ծնվել էօգոստոսի 16, 1950(1950-08-16)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ և Հայաստան Հայաստան
Մահացել էհուլիսի 9, 2007(2007-07-09)[1] (56 տարեկան)
Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԺանրերՋազ
Մասնագիտություներգերի հեղինակ և երգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1962-2007

Էլվինա Մակարյան (օգոստոսի 16, 1950(1950-08-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 9, 2007(2007-07-09)[1], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ երգչուհի, երգահան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվինա Մակարյանը ծնվել է 1950 թվականի օգոստոսի 16-ին Երևանում։ Արմատներով Արևմտյան Հայաստանից էր։ Վաղ տարիքից Էլվինան մեծ սեր և ձգտում է ունեցել երաժշտության նկատմամբ։ Մայրը, նկատելով աղջկա սուր լսողությունը, նրան տանում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։

12 տարեկան հասակում մասնակցում է դպրոցական քաղաքային օլիմպիադային, որտեղ առաջին հաղթանակն է ունենում։ Էլվինան հիմնականում կատարում էր Շառլ Ազնավուրի և Ռոբերտինո Լորետիի երգերը՝ դաշնամուրով նվագակցելով ինքն իրեն։ Նկատելով երգչուհու տաղանդը՝ Մարտին Վարդազարյանը նրան հրավիրում է իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում Էլվինան առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ։ Հետագայում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից առաջարկ է ստանում երգել նրա «Կռունկ» վոկալ-գործիքային անսամբլում։ Էլվինա Մակարյանը «Կռունկում» կատարելագործվում է որպես ջազային երգչուհի։

Երկու տարի անց Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, լսելով աղջկա հզոր ձայնը, նրան հրավիրում է անսամբլ։ Օրբելյանի նվագախումբը դարձավ Էլվինայի թռիչքը երգարվեստում։ Սկսվեցին արտասահմանյան շրջագայությունները։ Երգչուհին տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին, առնչվում էր համաշխարհային մշակույթի և օտարազգի երաժիշտների հետ։ Սիրահարված էր ամերիկյան ջազին։

Աշխատելու հետ մեկտեղ Էլվինան սովորում էր Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում։ 1970-ականներից երգչուհին մասնակցում է միջազգային բազմաթիվ փառատոնների, ելույթ ունենում աշխարհի տարբեր բեմերում և օտարազգիներին ևս մեծ հիացմունք պատճառում։ 1973 թվականին Օստանկինոյում կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում Էլվինան արժանանում է գլխավոր մրցանակի՝ Ռոբերտ Ամիրխանյանի «Ու՞ր եք, տղաներ» երգի կատարման համար։

Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար։ 1980-ականներին Կոմկուսի Կենտկոմը փաստորեն «տնային կալանքի» է ենթարկում նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով։ Նույնիսկ այդ տարիներին՝ 1986-1989 թվականներին, նա չի դադարել ստեղծագործել։

Այդ ժամանակ ԱՄՆ-ից հրավեր է ստանում, տղայի հետ մի քանի շաբաթով զբոսաշրջության մեկնում։ Այդ օրերին ստորագրում են Հեռուստառադիոպետկոմից նրան ազատելու հրամանը։ Մայրը զանգահարում է և ասում, որ կարող է հետ գալու մասին չմտածել, մնալ ԱՄՆ-ում։ Երգչուհին հարկադրաբար հաստատվում է ԱՄՆ-ում։ Թողարկել է երեք ձայնասկավառակ, բացել է սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ, գրել երգեր։

1990-ականների սկզբներին վերադարձավ Հայաստան։ Նորանկախ հայրենիքում երգչուհին ունեցավ մի քանի հիթեր՝ «Յարո ջան», «Երևան»։ Մինչև 90-ականների վերջ Էլվինան մնաց և ստեղծագործեց հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնեց ԱՄՆ, որտեղ շարունակեց իր գործը սեփական ստուդիայում մինչև 2007 թվական։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանին հայտնաբերում են անշնչացած սեփական բնակարանում։ Պաշտոնապես նրա մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը։ Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել և կյանքին վերջ է դրել ատրճանակի օգնությամբ։

Էլվինա Մակարյանը կտակել էր իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին։ Կտակով նա խնդրել էր նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել։ Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար[2]։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրող Արտակ Ալեքսանյանը, որին երգչուհին մահից մեկ շաբաթ առաջ հարցազրույց էր տվել, գրում է. «Կարծում եմ՝ երգչուհու որոշումը խիստ գիտակցված էր։ Դա կշռադատված հանրային քայլ էր՝ ուղղված մտավորականությանն ու հասարակությանը։ Էլվինան հարցազրույցի ժամանակ ակնարկեց. «Ես այժմ իմ մասին ձայնագրություններ եմ թողնում։ Երբ չլինեմ, ում ձեռքը որ ընկնի, թող մի հատ մեծ գիրք գրի իմ մասին»։ Այժմ նրա հարազատները փորձում են գտնել այդ ձայնագրությունները»։ Ալեքսանյանը նաև գրում է, որ Էլվինա Մակարյանը կյանքից հեռացավ, որովհետև ուներ պատճառներ։ Նոր հազարամյակը երգչուհու համար ճակատագրական էր։ Սկզբում վախճանվեց նրա մայրը, որի հետ շատ կապված էր, որը նրա ամենամտերիմ մարդն էր, ընկերը, երկրպագուն, քննադատն ու ծնողը. «Երգչուհին մոր մահից հետո տեղափոխվում է նոր բնակարան։ Բայց ամենածանր հարվածն առջևում էր։ Ռոմանը՝ Էլվինա Մակարյանի միակ որդին, ինքնասպան է լինում 28 տարեկան հասակում։ Թվացյալ հրապարակային կյանքով, բայց բոլորին անհայտ Էլվինան փորձում է վերադառնալ կյանք։ Սկսում է ձայնագրությունները։ Բայց այն, ինչ անում էր, ավելի շատ նախապատրաստական աշխատանք էր հիշեցնում։ նա պատրաստում էր իր հրաժեշտը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://armradioarchive.am/ar/n9LHRil
  2. «Էլվինա Մակարյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]