Էլդորադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլդորադո (իսպաներեն՝ El Dorado - ոսկյա), ոսկու և թանկարժեք քարերի առասպելական երկիր, «Որտեղ գանձերը սովորական են, ինչպես՝ ճամփեզրի քարերը»։ Այդ երկրի մասին առաջին հիշատակումները կապված են Ամերիկայի հայտնագործման հետ։ Կոնկիստադոր Պիսառոյի զինակիցներից մեկը՝ Օրելյանոն, հնդկացիների պատմած ոսկով և գոհարեղենով հարուստ երկրների մասին պատմությունները գունավորելով սեփական երևակայությամբ, տարածել էր Եվրոպայում։ Ըստ Օրելյանոյի, Էլդորադոն գտնվում էր Ամազոն, Օրինոկո գետերի միջև՝ Պարիմե լճի ափերին։

Իսպանացի Մարտինեսն ավելի հեռու է գնացել։ Նա Եվրոպայում տարածել էր, որ 7 ամսով գտնվել է Էլդորադոյի մայրաքաղաք Մանոյում, որի արքան՝ Մոկսոն, ամեն առավոտ մարմինը ոսկեզօծում էր։ Նա մանրամասն նկարագրում էր արքայական պալատի հարստություններն ու շքեղությունը։

Զիպա արքայի ոսկեզոծվելու արարողությունը պատկերող արձան, ցուցադրվում է Կալումբիայի, Բոգոտա քաղաքաի Ոսկու թանգարանում

Այդ պատմությունները այնպես էին գրգռել մարդկանց երևակայությունը, որ հետագա 250 տարիներին Էլդորադոն հայտնաբերելու բազմաթիվ փորձեր են եղել։ Առաջին փորձը կատարել է 1535 թվականին Սեբաստիան դե Բալալկազարը, վերջինը՝ 1775 - 1780 թթ. Նիկոլայ Ռոդրիգեսը։ Էլդորադոն հայտնաբերելուն ամենից «մոտ էր» Հիմենես դե Կեսադան, որին Իսպանական արքան նշանակել էր Էլդորադոյի կառավարիչ։ Իրականում Էլդորադոյի որոնումներն հարստացրեցին աշխարհագրությունն ու ազգագրությունը։

Իրականում առասպելի սկզբնավորումը կապված է հնդկացիական մի ցեղի սովորույթի հետ՝ երբ առաջնորդի «թագադրման» ժամանակ նրան օծում էին ոսկով, իսկ երբ արարողության վերջում առաջնորդը լողանում էր, Գուատավիտա լիճ էին նետում ոսկյա իրեր։ Միաժամանակ, Կանադայի Քվեբեք նահանգի հյուսիսում, առաջ էր եկել Սագնեյ երկրի (Էլդորադոյի նմանակի) առասպելը, որտեղ իբր ապրում էին սպիտակամաշկ մարդիկ, որոնք տիրապետում էին ոսկու, արծաթի և թանկարժեք մորթիների մեծ պահեստների։ Երկրի որոնմամբ զբաղվում էին ֆրանսիացի հետազոտողները։

Արտաքին հղումներ[խմբագրել]