Էդուարդ Ութուճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

էդուարդ Մկրտչի Ութուճյան (1905թ. նոյեմբերի 12, Կ․ Պոլիս - 1975թ. հուլիսի 28, Շարտր, Ֆրանսիա), ֆրանսահայ քաղաքաշինարար, ճարտարապետ։ Քաղաքացիական ինժեների կրթությունը ստացել է ամերիկյան Ռոբերտ կոլեջում։ 1934-ին ավարտել է Փարիզի համալսարանի քաղաքաշինական ճարտարապետության ինստիտուտը, 1934 - 36-ին ուսանել է հուշարձանների վերականգնման դասընթացներում։

Ութուճյանի նախաձեռնությամբ 1933-ին Փարիզում կազմակերպվել է Ստորգետնյա քաղաքաշինության ընկերություն, որը 1937-ին վերածվել է միջազգայինի, ընդգրկելով շուրջ 90 երկիր։ Ընկերության 1937, 1948 և 1959 թթ․ համագումարներում Ութուճյանն ընտրվել է քարտուղար։ 1936-ին հիմնել է «Լը մոնդ սուտերեն» («Le monde souterrain») մասնագիտական հանդեսը, որի պատասխանատու տնօրենն ու խմբագիրն է եղել մինչև կյանքի վերջը։

Ութուճյանի նախագծերով Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում կառուցվել են շուրջ 250 կառույցներ։ Ութուճյանի հեղինակակից է Փարիզի, Բորդոյի, Վերսալի, Ռուանի կոյուղու ջրերի մաքրման կայանների, Բաղդադ և Բասրա քաղաքների հատակագծման նախագծերի։ Դասավանդել է Փարիզի տարբեր բարձրագույն դպրոցներում, զբաղվել գիտահետազոտական գործունեությամբ։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, «Հայաստանի IV— XVII դդ․ հուշարձանները» (1967, ֆրանս․) գրքի։

Նրա մասնակցությամբ ու նախագծերով վերականգնվել են որոշ հուշարձաններ, այդ թվում՝ Երուսաղեմի մայրավանքի Սբ․ Հակոբ եկեղեցին։ Ութուճյանը Փարիզի ստորգետնյա տնտեսության նախագծի համար համաշխարհային ցուցահանդեսում (Փարիզ, 1937) արժանացել է «Մեծ պարգև» (Grand prix) մրցանակի։ Պարգևատրվել է ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանով։ 1957, 1958, 1959, 1961, 1964 թթ․ եղել է Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png