Էդիպյան բարդույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էդիպի բարդույթը (գերմ.՝ Ödipuskomplex) համարվում է հոգեվերլուծության գլխավոր կոնցեպցիաներից մեկը։ Առաջ է քաշվել հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի կողմից 1910 թ.: Այն սահմանվում է` որպես երեխայի կողմից ենթագիտակցականի կամ անգիտակցականի մակարդակով հակառակ սեռի ծնողի հանդեպ ունեցած սեռական հակումն ու իր սեռի ծնողի նկատմամբ ունեցած երկակի զգացողությունները։ Այն Ֆրոյդի կողմից անվանվել է Սոֆոկլեսի հայտնի ողբերգության համանուն հերոսի` Էդիպ արքայի անունով, որտեղ Էդիպը անգիտակցորեն սպանում է սեփական հորը և ամուսնանում մոր հետ։

Մանուկ Էդիպը

Էությունը[խմբագրել]

Ըստ Ֆրոյդի` այս բարդույթն ունի ունիվերսալ, համընդհանուր բնույթ: Այն դրսևորվում է և՛ տղաների, և՛ աղջիկների մոտ: Բայց առավել ցայտուն է տղաների մոտ: Դեռևս 1897 թ. Վիլհելմ Ֆլիսին ուղարկված նամակում Ֆրոյդը գրում է. «Ես ինձ վրա բացահայտեցի մորս նկատմամբ ունեցած սիրո ու հորս նկատմամբ ունեցած խանդի զգացողությունները, որոնք ես կարծում եմ, համընդհանուր են բոլոր փոքր երեխաների համար»: Ուսումնասիրելով երեխաների վարքն ու համադրելով չափահաս մարդկանց հիշողությունները` Ֆրոյդը վերջնականապես հաստատեց իր տեսությունը։ Բարդույթը դրսևորվում է երեքից հինգ տարեկան հասակում։ Ցանկացած երեխայի մոտ առաջանում է կենսական խնդիր` հաղթահարել բարդույթը։

Բարդույթը տղաների մոտ[խմբագրել]

Տղաներն այդ տարիքում սեռական հակումներ են ունենում դեպի իրենց մայրը և հակառակ` թշնամական, խանդի զգացողություններ հոր նկատմամբ։ Բարդույթը տղաների մոտ հաղթահարվում է հինգից վեց տարեկան հասակում, երբ առաջ է գալիս հոր կողմից պատժի` կրտման վախ։ Այդ տարիքում տղաների մոտ ձևավորվում է այսպես կոչված Գեր-Եսը, որի շնորհիվ երեխան սկսում է ճնշել իր հակումները մոր նկատմամբ և սկսում է իրեն նմանեցնել հորը։

Բարդույթն աղջիկների մոտ[խմբագրել]

Չնայած, Ֆրոյդն ընդգծում է բարդույթի համընդհանրությունը, այնուամենայնիվ այն տարբեր դրսևորումներ է ունենում աղջիկների մոտ։ Երկուսից երեք տարեկան հասակում աղջիկները նույնպես սեռական հակումներ են ունենում դեպի մայրը, սակայն նկատելով իրենց մոտ առնանդամի բացակայությունը, նրանց մոտ սկսվում է այսպես կոչված խանդ առնանդամի նկատմամբ, որից էլ նրանց մոտ ուժեղանում է կախվածությունը հորից, և խանդն ու ատելությունը մոր նկատմամբ։

Դրական և բացասական Էդիպյան բարդույթ[խմբագրել]

Բարդույթն, ըստ հոգեվերլուծության հիմնադրի, կարող է ունենալ նաև դրական և բացասական բնույթ։ Քանի որ մարդն ունի բիսեքսուալ բնույթ, ուստի երեխան նույնպես կարող է սիրել ծնողներից մեկին և խանդ ու ատելություն տածել մյուսի նկատմամբ։ Եթե երեխայի սեքսուալ հակումն ուղղված է հակառակ սեռի ծնողին, ապա Ֆրոյդի տեսանկյունից, դա համարվում է պոզիտիվ բարդույթ։ Սակայն լինում են դեպքեր, երբ երեխան սեռական հակում է ունենում միևնույն սեռի իր ծնողի նկատմամբ և ատում հակառակ սեռի ծնողին։ Այստեղ արդեն ի հայտ է գալիս բարդույթի նեգատիվ բնույթը։

Գրականություն[խմբագրել]

  1. В. Словарь-справочник по психоанализу, 2010 г.
  2. d'Œdipe