Զույգություն (ֆիզիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զույգությունից)

Զույգություն, մասնիկի կամ մասնիկների համակարգի ալիքային ֆունկցիայի փոխակերպման հատկությունը՝ կոորդինատների համակարգի հայելային անդրադարձման դեպքում։ Այս հատկությունը հաճախ անվանում են նաև տարածական զույգություն։ Համակարգի զույգությունը որոշվում է մասնիկների ուղեծրային մոմենտներով և ներքին զույգությամբ։ Վերջինս բնութագրում է դադարի մեջ գտնվող մասնիկի ալիքային ֆունկցիայի հատկությունները՝ տարածության հայելային անդրադարձման դեպքում։ Կրկնակի անդրադարձման ժամանակ ալիքային ֆունկցիան չի փոխվում, ուստի բնության մեջ հանդիպում են միայն անդրադարձման նկատմամբ սիմետրիկ կամ հակասիմետրիկ վիճակներ (դրական կամ բացասական տարածական զույգությամբ)։

Զույգության պահպանման օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ համարվում էր, որ բոլոր փոխազդեցություններում գոյություն ունի զույգության պահպանման խիստ օրենք՝ համակարգի տարածական փոխազդեցությունից առաջ և հետո մնում է անփոփոխ։ Սակայն 1956 թվականին K-մեզոնների տրոհման հիման վրա Լի Ցզուն Դաոն և Յանգ Չժեննինը տեսականորեն կանխագուշակեցին, որ թույլ փոխազդեցության հետևանքով տարրական մասնիկների փոխակերպման պրոցեսներում տարածական զույգությանը չի պահպանվում։ Զույգության խախտումը հանգեցնում է մի շարք յուրահատուկ երևույթների (էլեկտրոնների ասիմետրիան բևեռացած միջուկների բետա-տրոհման ժամանակ, էլեկտրոնների երկայնական բևեռացումը նույն պրոցեսում և այլն)։ Փորձերը ցույց են տվել, որ մյուս փոխազդեցություններում (ուժեղ և էլեկտրամագնիսական) տարածական զույգության պահպանման օրենքը խստորեն իրագործվում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 716