Զարուհի Դոլուխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dolukhanyan.jpg

Զարուհի Աղասի Դոլուխանյան (ռուս.՝ За́ра Алекса́ндровна Долуха́нова 1918 - 2007թ. դեկտեմբերի 4), խորհրդային օպերային երգչուհի (կոլորատուրային մեցցո-սոպրանո), վոկալ կատարողական արվեստի վարպետ, ՀԽՍՀ /1955/, ՌՍՖՍՀ /1956/, ԽՍՀՄ /1990/ ժողովրդական արտիստ, Լենինյան մրցանակի դափնեկիր /1966թ./, պրոֆեսոր։

1933 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, 1957 թվականին՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ 1941 թվականին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, հանդես եկել Օլգայի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Գայանեի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբելի (Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Պոլինայի (Չայկովսկու «Պիկովայա Դամա») և այլ դերերգերով։

1944 թվականին տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության․ եղել է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, 1959 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի։ [[1949]թվականին Բուդապեշտում կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Դոլուխանյանը հռչակված երգչուհի է․ նրա ձայնն առանձնանում է կոլորատուրային մեցցո-սոպրանոյում հազվադեպ հանդիպող գեղեցիկ տեմբրով և մեծ դիապազոնով (երկու և կես օկտավա), հատկապես տպավորիչ է ցածր ռեգիստրի հագեցած, թավշե ձայնի և թեթև, փայլուն կոլորատուրայի զուգորդումը։

Դոլուխանյանը կատարում է ինչպես տեխնիկական ազատություն և ձայնի հատուկ շարժունակություն պահանջող վիրտուոզային գործեր (Ռոզինայի դերերգը Ռոսինիի Զ․ Ա․ Դոլուխանովա «Սևիլյան սափրիչ» օպերայից, Ռոսինիի «Նեապոլիտանական տարանտելլա», Մոցարտի «Ալելուիա»), այնպես էլ լայնաշունչ մեղեդայնությամբ և ներքին դրամատիզմով առանձնացող երկեր (Տոսկայի դերերգը Պուչչինիի համանուն օպերայից, Դալիլայի դերերգը Մեն-Մանսի «Սամսոն և Դալիլա» օպերայից, Ռախմանինովի, Չայկովսկու ռոմանսները)։ Դոլուխանյանի երգացանկում մեծ տեղ են գրավում հայ կոմպոզիտորները (Կոմիտաս, Ա․ Սպենդիարյան, Ռ․ Մելիքյան, Արամ Խաչատրյան, Ա․ Հարությունյան, Վ․ Կոտոյան, Մ․ Թարիվերդին) և հայկական ժողովրդական երգերը։ Համերգներ է ավել Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Կանադայում, Իտալիայում, Հունաստանում, ԳԴՀ-ում, Լեհաստանում և այլուր։ Դոլուխանյանն արժանացել է ԽՍՀՄ պետական (1951 թվական), լենինյան (1966 թվական) մրցանակների։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png