Զարթիր լաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Զարթիր լաո», հայկական ժողովրդական երգ, ստեղծվել է 1890-ական թթ. Արևմտյան Հայաստանի Տարոնի շրջանում:

Բովանդակություն

Ծագումը[խմբագրել]

Երգի բնօրինակի հեղինակն է Ֆահրատը:

Երգի հերոսը՝ Արաբոն, որը հայտնի հայդուկ էր ու ազդեցիկ խումբ ուներ, չի գիտակցվում այլևս իբրև իրական պատմական անհատ, այլ հանդես է գալիս որպես ազատամարտիկի խորհրդանիշ: Արաբոյի խմբի գործունեության ասպարեզը Մշո դաշտն էր, Սասունը: 1893 թվականին Արաբոն Կովկասին վերադառնալիս հանկարծակի իր խմբով շրջապատվում է Բուլնըխի Գյալեռաշ ձորում. անհավասար կռվի մեջ բոլորը զոհվում են:[1][2]

Հետագա գործածության ժամանակ այս պատմական երևույթի հետ կապ ունենալը մոռացության է մատնվել:

Երգի կրած փոփոխությունները դրսևորվել են նաև վերնագրում՝ «Արաբոյի երգ»,[3] «Քաջ Արաբոյի երգ»,[4] «Մշեցու երգ»,[5] «Զարթիր լաո»[6] և այլն:

Ձևը և կազմը[խմբագրել]

«Արաբոյի երգը» հորինված է ավանդական օրորների նմանակությամբ, միայն հակառակ նպատակադրմամբ՝ արթնացնել, ոտքի հանել լաոյին, զենքի կոչել: Օրորում կենտրոնական դեմքը մայրն է: Նա որդուն պատմում է հայության թշվառ վիճակի մասին և առաջարկում զենքի դիմել, կշտամբում նրան սին հույսերով պատեհ առիթը բաց թողնելու համար.

Սասունա սար փչե ուր հով,
Զուր ե՞ք քնիս երազներով...

Մայրը մատնացույց է անում Արաբոյի, հորդորում որդուն՝ հետևելու Արաբոյի օրինակին՝ զինվորագրվել հայրենիքի ազատագրության գործին.

Դեն իրիշկե՛, գալող ո՞րն է
Քաջ Ատաբո բազդավորն է
Կարմիր իրիցանց զինվորն է...

Երգի հիմնական տրամադրությունը բացահայտված է «զարթիր լաո, մեռնիմ քեզի» կրկնակի միջոցով, որը պայքարի ելնելու կոչ է՝ ուղղված ողջ հայությանը: Խնդրո առարկա երգը առավել տարածված, բազմաթիվ տարբերակներով գոյատևած ստեղծագործություններից է, որը կենդանի է նաև մեր օրերում:

Տարբերակներ[խմբագրել]

«Քաջ Արաբոյի երգը»

Գրող տանի քուրդ Աբոյին,
Սպաներ է ջոջ ափոյին,
Իլլաջ մացեր Արաբոյին,
Զարթի՛ր լաո, մըռմիմ քըզի:

Չուր ե՞բ մնամ էլու դռներ,
Էրթամ գտնեմ զիմ խեղճ գառներ,
Ջրեմ զիմ բոսընի ծառներ,
Զարթիր՛ լաո, մըռնիմ քըզի:

Դեն իրիշկե գալող ո՞րն է,
Քաջ Արաբո բաղդավորն է,
Կարմիր իրցանց զինվոր է,
Զարթի՛ր լաո, մըռնիմ քըզի:

Խեղճ մշեցին մեռավ լալով,
Հեռու երկրներ ման գալով,
Մեռավ թուրքի պարտքեր տալով.
Զարթիր՛ լաո, մըռնիմ քըզի:

Ելեք կայնե՛ք, կտրիճ Խերան,
Ոտով գացե՛ք առաջ ուրան,
Սալլաթ Մեհրու բաժին խուրբան,
Զարթի՛ր լաո, մըռնիմ քըզի:

Սեֆի՛լ, շիվար մացած ձագեր,
Էղած անտեր, բնավեր խավքեր,
Տե՛ր դու փրկե, պահե ճըժէր,
Զարթի՛ր լաո, մըռնիմ քըզի:
«Մշեցու երգը»

Չուր ե՞րբ մնանք զէլու դռներ,
Երթամ գտնիմ զիմ խեղճ գառներ,
Սււքեմ զիմ պախչայիս ծառներ,
Զարթի՛ր լաո, մռնիմ քզի:

Խըղք մշեցին մեռավ լալով,
Օտար երկրներ մանգալով,
Մեռավ թուրքի պարտքը տալով,
Զարթի՛ր լաո, մռնիմ քզի:

Գրող տանի քուրդ Հատոյին,
Որ չսպաններ ջոջ Ափոյին,
Իլաճ մացեր Արաբոին,
Զարթի՛ր լաո, մռնիմ քզի:

Դեն իրիշկե՝ գալող ո՞րն ա,
Քաջ Արաբո բաղդավորն ա,
Կարմիր իրիցանց զինվորն ա,
Զարթի՛ր լաո, մռնիմ քզի:

«Մշեցու մոր օրորոցային երգը»

Խուժան ասկեր զգեզ պաշարե,
Մոր ու մանգան ծեռվին կապե,
Մըգա գիկա սըրե մըզի,
Զարթնիր, լաո, մեռնիմ քեզի:

Էլի վերունք թվանք, զոռվել,
Հըդ թուրքերուն գուզիմ կռվել,
Սուլթան գուզե ջնջը մըզի,
Զարթնիր, լաո, մեռնիմ քըզի:

Ի՞նչ անիծեմ թուրք ըսկարին,
Որ ըսպանեց մեծ ապոյին,
Զմըր հուս թողեց վըր օրորոցին,
Զարթնիր, լաո, մեռնիմ քըզի:

Խեղճ մշեցին մեռավ լալով:
Օտար երկրներ ման գալով,
Մեռավ խըլխի պարտքը տալով,
Զարթնիր, լաո, մեռնիմ քըզի:

Չուր ե՞րբ մնամ էլու դռներ,
Էրթամ գըտնիմ զիմ խեղճ գառներ,
Զուքիմ զոիմ բախչան ու ծառներ,
Զաթնիր, լաո, մեռնիմ քըզի:

«Մշեցու երգը»

Խեղճ մշեցիք մնացին լալով,
Երկրե-երկիր ման գալով,
Մեռան թուրքին հարկ տալով,
Զարթնի՛ր, լաո, մեռնիմ քեզի:

Զարթնի՛ր, զարթնի՛ր, գնա Սասուն,
Գնա Սասուն, օգնե հայուն:

Բոբիկ ոտքով չուր Ախթամար,
Ելնեմ երթամ հայու համար,
Ձեր օգնական սուրբ տիրամայր,
Զարթնի՛ր, լաո, մեռնիմ քեզի:

Գրողը տանի քուրդ Հասոյին,
Որ սպանել է ջոջ Ափոյին,
Էլ ճար չմնաց Արաբոյին,
Զարթնի՛ր, լաո, մեռնիմ քեզի,
Զարթնի՛ր, զարթնի՛ր, գնա Սասուն,
Գնա Սասուն, օգնե հայուն:

Աղբյուրներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Մուրճ», 1895, համար 7, 1017-1018
  2. «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 6-րդ, էջ 238-240
  3. Ա. Բրուտյան, 1898, էջ 95-96
  4. Ա. Մխիթարյան, էջ 39-40
  5. «Վազգեն» երգարան, էջ 316
  6. «Ծաղկեփունջ» երգարան, Թիֆլիս, 1907, էջ 141