Երնջակաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երնջակ բերդից)
1rightarrow.png  Տես նաև Երնջակ (այլ կիրառումներ) 

Երնջակաբերդ, հին հայկական բերդ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Երնջակ գավառում, որը կառուցվել է Սյունի իշխանական տան տողմից։ Այժմ բերդը գտնվում է Երնջակ գետի միջին հոսանքի շրջանում, գրեթե հարթ տարածության մեջ վեր խոյացած մի ապառաժոտ ժայռի կատարին։ Ըստ երևույթին, Սյունիքի գահագլուխ իշխանների գանձերի մի մասը պահվում էր այս բերդում։

Երնջակ բերդը նշանավոր է Երնջակի հերոսական պաշտպանությամբ, երբ Ատրպատականի Յուսուֆ ամիրան ավելի քան մեկ տարի Հայաստանի բազմաթիվ շրջանները ավերելուց հետո, իր ստվարաթիվ բանակով եկել պաշարել էր Երնջակը։ Բերդի պաշտպանները երկար ժամանակ ետ էին շպրտում գրոհող թշնամիներին։ Ապարդյուն են անցնում Յուսուֆի ջանքերը՝ Սմբատ Ա-ի միջոցով բերդեցիներին համոզելու, որ առանց դիմադրության բերդը հանձնեն, որովհետև հայոց շղթայակապ թագավորը ոչ միայն չի հանձնարարում բերդը հանձնել, այլև հորդորում է բերդապաշտպան զինվորներին և մյուս քաղաքացիներին, որ շարունակեն դիմադրությունը։ Չնայած այդ բոլորին, երկար պաշարման շնորհիվ Յուսուֆին հաջողվում է գրավել Երնջակ բերդը։ Նա այստեղ պաշարվածների մի մասին ոչնչացնում է, իսկ մյուս մասին, այդ թվում և Սյունյաց իշխանների կանանց, գերեվարում է և տանում Դվին։ Գրավելով Երնջակը, Յուսուֆը այն իր շրջակա տարածքների հետ տալիս է Գողթնի արաբական էմիրությանը։[1]

2012 թվականի ապրիլի 28-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքում հայտնվել է Երնջակաբերդ այցելած զբոսաշրջիկների մի տեսագրություն, որտեղ պարզ երևում են ամրոցի մնացորդները[2]։

Տես նաև՝[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Թ.Խ. Հակոբյան (1981)։ Հայաստանի պատմական աշխարհագրություն։ Երևան: «Միտք», էջ 210-211։ 
  2. Ի՞նչ գաղտնիքներ է թաքցնում Երնջակաբերդը (ադրբ.)