Երկրորդ աշխարհամարտի փուլերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրվագներ երկրորդ աշխարհամարտից
Երկրորդ աշխարհամարտի ընթացքը Եվրոպայում
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Շառլ դը Գոլ
Ուինսթոն Չերչիլ
Ադոլֆ Հիտլեր

Երկրորդ աշխարհամարտի (1939 թվականի սեպտեմբերի 1-1945 թվականի սեպտեմբերի 2) սկիզբը համարվում է 1939 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա: Երկու օր անց Լեհաստանի դաշնակիցներ և նրա անվտանգության երաշխավորներ Անգլիան ու Ֆրանսիան, համաձայն վերջինիս հետ ունեցած փոխադարձ օգնության պայմանգրի, պատերազմ հայտարարեցին Գերմանիային: Այսպիսով` Երկրորդ աշխարհամարտն սկսվեց ժողովրդավարական և ֆաշիստական խմբավորումների միջև բախումով: Պատերազմը գնալով ընդգրկեց նո­րանոր երկրներ ու տարածաշրջաններ և շարունակվեց վեց տարի:

Երկրորդ աշխարհամարտի փուլերը[խմբագրել]

Երկրորդ աշխարհամարտի ընթացքը ընդունված է բաժանել 5 փուլերի.

  1. 1939 թվականի սեպտեմբերի 1–ից մինչև 1941 թվականի հունիսի 21
  2. 1941 թվականի հունիսի 22–ից մինչև 1942 թվականի նոյեմբեր
  3. 1942 թվականի նոյեմբերից մինչև 1943 թվականի ավարտը
  4. 1944 թվականի սկզբից մինչև 1945 թվականի մայիսի 8
  5. 1945 թվականի մայիսի 9–ից մինչև սեպ­տեմբերի 2

Գերմանիայի և ԽՍՀՄ-ի գործողությունները Լեհաստանի դեմ[խմբագրել]

Գերմանիան շատ արագ` ընդա­մենը մեկ ամսում, նվաճեց Մոլոտով–Ռիբենտրոպ գաղտնի արձանագրու­թյուններով որոշված իր հասանելիք լեհական տարածքը: Իսկ Արևմտյան Եվրոպայում ֆրանսիական ու բրիտանական զորքերը, որ իրական հնարավորություն ունեին գերմանացիների դեմ հակահարձակման անցնելու և իրենց դաշնակից լեհերին օգնելու, մնացին սպասողական վիճակում: Այդ նույն ժամանակ խորհրդային զորքերը մտան Լեհաստանի արևելյան սահմանները` Արևմտյան Ուկրաինան և Արևմտյան Բելոռուսիան ազատագրելու: Այդ տարածքները միացվեցին Ուկրաինական և Բելոռուսական ԽՍՀ-ներին: Սեպտեմբերի 28-ին կնքվեց խորհրդա-գերմանական բարեկամության և սահմանների մասին գաղտնի պայմանագիր: Այսպես լեհական պետությունը դադարեց գոյություն ունենալուց, իսկ նրա տարածքները բաժանվեցին Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև:

ԽՍՀՄ-ի հեռացումը Ազգերի լիգայից և հետագա գործողությունները[խմբագրել]

Շուտով ԽՍՀՄ-ը պատերազմ սկսեց Ֆինլանդիայի դեմ (1939 թվականի նոյեմբերի 30-1940 թվականի մարտի 12): Ծրագրավորված արագ հաղթանակը չստացվեց. միայն ավելի քան երեք ամիս տևած պատերազմական գործողություններից հետո ու հսկայական զոհերի գնով Կարմիր բանակը հաղթեց ֆիննական զորքին: ԽՍՀՄ-ը Ֆինլանդիայից գրավեց աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող Կարելյան պարանոց ու Լենինգրադից հյուսիս-արևմուտք ընկած տարածքները: Այս պատերազմի պատճառով ԽՍՀՄ-ը, որպես ագրեսոր, հեռացվեց Ազգերի լիգայից: Մինչև 1940 թվականի մայիսը Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այդպես էլ ռազմական գործողություններ չիրականացրին Գերմանիայի դեմ, որի պատճառով Արևմտյան ճակատի այդ պատերազմաշրջանն ստացել է «տարօրիանկ պատերազմ» անունը: Գերմանիան, օգտվելով նպատավոր իրավիճակից ապրիլին գրավեց Դանիան, Նորվեգիան, իսկ հաջորդ ամսվա ընթացքում` Նիդերալնդները, Բելգիան և Լյուքսեմբուրգը: Հերթը հասավ Ֆրանսիային: Ինչպես և Առաջին աշխարհամարտի ժամանակ, գերմանական զորքերը շրջանցեցին ֆրանսիական պաշտպանական ամրությունները հյուսիսից և Նիդերլանդների ու Բելգիայի տարածքով ներխուժեցին Ֆրանսիա: Ունենալով զգալի թվով զինուժ և տեխնիկա` Ֆրանսիան չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ ու կարճ ժամանակում խայտառակ պարտություն կրեց:

Ֆրանսիայի պարտությունը և պայքարը[խմբագրել]

1940 թվականի հունիսի 22-ի անձնատվության պայմանագրով Ֆրանսիայի տարածքի 2/3-ը բռնազավթվեց, իսկ մնացած մասում ստեղծվեց խամաճիկային կառավարությամբ, որի նստավայրը Վիշի քաղաքն էր: Ֆրանսիան դուրս եկավ պատերազմից և պետք է հսկայական ռազմատուգանք վճարեր Գերմանիային:Ֆրանսիական հայրենասերները, սակայն, չհաշտվեցին նման իրավիճակի հետ: Գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ ձևավորվեց «Ազատ Ֆրանսիա» շարժումը, որը ազատագրական խայքար ծավալեց գերմանական զավթիչների դեմ: Մեծ Բրիտանիան Դը Գոլին պաշտոնապես ճանաչեց այդ շարժման ղեկավար:

Մեծ Բրիտանիայի հերոսական պայքարը[խմբագրել]

Դաշնակցի կորստով Մեծ Բրիտանիայի դրությունը բարդացավ, գերմանական ներխուժման սպատնալիքն ավելի մեծացավ: 1940 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ դարձավ Ուինսթոն Չերչիլը, որը կարողացավ ամրապնդել երկրի պաշտպանունակությունը: Քանի որ անգլիական ռազմական նավատորմն ավելի հզոր էր գերմանականից, Ադոլֆ Հիտլերը որոշեց օդային հարձակումների միջոցով նախապատրաստել ցամաքային ուժերի ներխուժումը Մեծ Բրիտանիա: Սակայն մինչև 1940 թվականի աշուն տևած մարտերը ցույց տվեցին, որ Անգլիայի գրավման գերմանացիների ռազմական ծրագիրը չի հաջողվում: Գերմանական ներխուժումը տեղի չունեցավ, սակայն կղզուօդային ռմբակոծումները շարունակվեցին գրեթե մինչև Գերմանիայի պարտությունը: Մեծ Բրիտանիայի նվաճման հաջող փորձից հետո Գերմանիան այս անգամ շարունակեց ծավալվել Բալկաններում:Մեկը մյուսի հետևից գերմանամետ վարչակարգեր հաստատվեցին Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, որոնք միացան ֆաշիստական խմբավորմանը: 1941 թվականի ապրիլին Գերմանիան և Իտալիան միացյալ ուժերով նվաճեցին Հարավսլավիան ու Հունաստանը: Իտալական և անգլիական զորքերի միջև 1940 թվականի հուլիսից պատերազմական գործողություններ էին մղվում Աֆրիկայի հյուսիսում և արևելքում: Հաջորդ տարվանից գերմանացիները օգնության եկան իրենց դաշնակցին: Ռազմական գործողությունները Երկրորդ աշխարհամարտի այս թատերաբեմում շարունակվեցին երեք տարի: Պատերազմի առաջին փուլում իր տարածքային ընդարձակումն էր շարունակում նաև ԽՍՀՄ-ը: 1940 թվականի ամռանը Կարմիր բանակի վերահսկողության ներքո խորհրդային կարգեր հաստատվեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում: Ռումինիան ստիպված էր առանց կռվի զիջել Հյուսիսային Բուկովինան և Բեսարաբիան, որոնց հիման վրա ձևավորվեց Մոլդովական ԽՍՀ-ն: Շուտով մերձբալթյան երեք պետությունները և Մոլդովական ԽՍՀ-ն մտան ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Այսպես` ԽՍՀՄ-ը Լեհաստանից և Ֆինլանդիայից ռազմական ուժով խլեց տարածքներ, իսկ Լիտվան, Լատվիան և Էստոնիան «խաղաղ ճանապարհով» մաս կազմեցին խորհրդային կայսրությանը: