Երկրաջերմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրաջերմություն, գեոթերմիա, Երկրի ընդերքի ջերմային վիճակն ու ջերմային պատմությունն ուսումնասիրող երկրաֆիզիկայի բաժին։ «Գեոթերմիա» բառն առաջացել է հին հունարեն γῆ՝ Երկիր և θέρμη՝ տաք, ջերմություն բառերից[1]։

Երկրաջերմային դաշտը պայմանավորված է Երկրի ընդերքում արտազատվող և Արեգակից ստացվող էներգիայով։ Երկրի մակերևույթ հասնող արեգակնային էներգիան (1016 Ջոուլ/տարի) թափանցում է միայն երկրակեղևի ամենավերին շերտերը։ Այն լրիվ մարում է 10-20 մ խորություններում (հաստատուն ջերմաստիճանի գոտի), որտեղ ջերմաստիճանի օրական տատանումներ չեն հայտնաբերված։ Սակայն հաստատուն ջերմաստիճանի գոտուց դեպի խորք դիտվում է ջերմաստիճանի անընդհատ բարձրացում, ինչը վկայում է Երկրի ընդերքում ջերմության աղբյուրների գոյության մասին։ Ենթադրվում է, որ այս ջերմության հիմնական աղբյուրը ճառագայթաակտիվ տրոհման էներգիան է։ Ջերմային հոսքն անընդհատ արտահոսում է Երկրի ընդերքից դեպի մակերևույթ և տարածվում շրջապատում։ Հաշվված է, որ ջերմության այդ արտահոսքը կազմում է 1021 Ջոուլ/տարի։

Ընդերքի ջերմաստիճանի հետազոտությունները կատարվում են արտավիժած լավաների, ջերմուկների, հանքահորերում, հորատանցքներում և ծովի հատակում գտնվող ապարների ջերմաստիճանները չափելով, ինչպես նաև ընդերքում նյութի էլեկտրահաղորդականության, ապարների ջերմաֆիզիկական հատկությունները որոշելով։

Երկրի ընդերքում ջերմաստիճանի անմիջական չափումները հնարավոր են միայն մի քանի կմ խորություններում, այնուհետև ջերմաստիճանը գնահատում են անուղղակիորեն՝ ըստ հրաբուխների լավայի ջերմաստիճանի և երկրաֆիզիկական որոշ տվյալների։ Իսկ 400 կմ-ից ավելի խորություններում որոշվում են ջերմաստիճանի հավանական սահմանները։

Ջերմության արտահոսքի միջին արժեքն ամբողջ Երկրի համար 1,2-1,5 մկկալ/սմ2․վ է և տատանվում է 0,6-2,4 մկկալ/սմ2․վ սահմաններում, հազվադեպ հասնում 8 մկկալ/սմ2․վ-ի։

Երկրից արտահոսող ջերմության քանակն ավելի քան 4000 անգամ փոքր է Արեգակից Երկիր հասնող ջերմության քանակից, ուստի Երկրի ընդերքից արտահոսող ջերմությունը չի ազդում կլիմայի վրա։

Երկրի ընդերքի ջերմաստիճանները՝ ըստ խորության
Խորություն (կմ) Ջերմաստիճան (°C)
50 700-800
100 900-1300
500 1500-2000
1000 1700-2500
2900 (միջուկի սահմանը) 2000-4700
6371 (Երկրի կենտրոնը) 2200-5000

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքում երկրաջերմային դաշտը հետազոտվել է 1960-ական թվականներին։ Հայաստանի կենտրոնական մասում (մոտավորապես Արագած-Գեղամա-Վարդենիսի լեռնազանգվածների գծով) երկրաջերմային արտահոսքը բավական բարձր է (միջինը՝ 2,4 մկկալ/սմ2․վ) և նվազում է դեպի Արաքս և Կուր գետերի հովիտները (մինչև 1,2 մկկալ/սմ2․վ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Геотермия // Горная энциклопедия / Гл. редактор Е.А. Козловский. — М.: Советская энциклопедия, 1986. — Т. 2. — С. 8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 626