Երիտասարդ Էստոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Երիտասարդ Էստոնիա» ալմանախը

Երիտասարդ Էստոնիա (էստ․՝ Noor-Eesti), էստոնական գրական-գեղարվեստական խմբակ, որը գոյություն է ունեցել 1905-1915 թվականներին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնական մտավորականությունը ձևավորվել է գերմանական ու ռուսական մշակույթների ազդեցությամբ։ 1906 թ. Նիկոլայ II-ը թույլատրում է բացել էստոնալեզու մասնավոր դպրոցներ։ Երիտասարդությունը կրթություն էր ստանում Սանկտ-Պետերբուրգում, Ռիգայում, Տարտուում, Մյունխենում, Հելսինկիում, որտեղ ծանոթանում էին տեղական մշակույթին, ինչպես նաև սիմվոլիզմի, իմպրեսիոնիզմի ու մոդեռնիզմի հիմնադրույթներին։

1905 թ. էստոնացի մի խումբ գրողների ու նկարիչների կողմից կազմակերպվում է «Noor-Eesti» («Երիտասարդ Էստոնիա») գրական-մշակութային խմբակը։ Խմբակի կազմակերպման նախաձեռնությունը պատկանում էր գրող Գուստավ Սույտսին։ Խմբի մեջ ներգրավված էին նրա ընկերները՝ գրողներ Ֆրիտեբերտ Տուգլասը, Վիլլեմ Գյունտհալը, Յոհանես Աավիկը, Անտոն Հանսեն Տամսաարեն, նկարիչներ Նիկոլայ Տրիյկը, Կոնրդ Մյագին, Քրիստիան Ռաուդը, Ալեքսանդր Տասը։

Խմբակի անդամները ձգտում էին ճանաչում ձեռք բերել արևմուտքում, քանզի հայրենի երկրում նրանց չէին հասկանում ու գնահատում։ Նրանք հետևում էին արևմտյան մշակութային հոսանքներին՝ գնալով մասնավորապես ֆրանսիական ու սկանդինավյան մշակույթների հետքերով։ 1917 թ. «Գրականության հեռանկարների մասին» զեկույցում Ֆ. Տուգլասն ասում է. ««Երիտասարդ Էստոնիան» գրական որևէ հոսանք չէ։ Այն չի հետևում միայն ռեալիզմի, ռոմանտիզմի կամ սիմվոլիզմի կանոններին։ Նրա նպատակն է զարգացնել գրական մշակույթը և գիտակից վերաբերմունք ձևավորել բոլոր հոսանքների նկատմամբ։ Սակայն ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ մշակույթւոմ միայն գիտակցությունն է հնարավոր դարձնում ցանկացած խմբավորման գոյությունը»։

Խմբակի մանիֆեստը դարձավ բանաստեղծ Գուստավ Սույտսի (1883—1956) «Մնանք էստոնացի, բայց դառնանք նաև եվրոպացի» ստեղծագործությունը։

«Երիտասարդ Էստոնիան» համագործակցում էր Էստոնիայի ժողովրդական կրթության միության, Էստոնական գրականության միության և «Սիուրու» խմբակի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ խմբակը հանդես էր գալիս հակապատերազմական ելույթներով։

«Երիտասարդ Էստոնիա» գրական խմբակի մանիֆեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ ալիքն իջնում է, այն նորից բարձրանում է։

Մենք զգում ենք, թե ինչպես է վեր բարձրացող շարժումը ուժ հավաքում ու ծածկում ողջ երկիրը։ Բնական զարգացման արդյունքում մեր կյանքը նորից ձեռք բերեց հզոր արտահայտություն ու գտավ նոր հեռանկարներ, ինչի մասին են վկայում վերջերս մեր հայրենիքի հասարակական կյանքում տեղի ունեցող երևույթները։

Ուզում ենք արդյոք մենք երիտասարդներս, մեր մեջ ճնշել մտքերն ու գաղափարները, որ մեր ժամանակի ոգու ծնունդ են։

Առաջ ասում էին՝ Noblesse oblige - դրությունը պարտադրում է։ Մենք ասում ենք՝ Jeunesse oblige - Երիտասարդությունը պարտադրում է։ Եվ մենք կանգնած ենք ճամփաբաժանին։

Մեր երկիրը շատ նպատակներ ու ձգտումներ ունի, սակայն երիտասարդության նպատակը պիտի լինի հետևյալը. եթե ներկա ժամանակը մեզ համար չափազանց նեղ է ու ցածր, ապա այն պիտի լայնացնել, համապատասխանեցնել նոր պահանջմունքներին։

Օգնել մարդկանց ու ժողովուրդներին փոխել գոյություն ունեցող պայմաններն ըստ իրենք պահանջմունքների, ինչպես նաև մարդկանց բարձրացնել ու առաջ տանել կարող է, առաջին հերթին, կրթությունը։ Եվ մենք կոչ ենք անում՝

Ավելի շատ մշակույթ։ Սա ազատագրող գաղափարների ու նպատակների առաջին պայմանն է։ Ավելի շատ եվրոպական մշակույթ։ Մնանք էստոնացի, բայց դառնանք նաև եվրոպացի.... Մենք ուզում ենք գտնել այն նպատակակետը, դեպի ուր մեզ տանում են, մի կողմից, մեր ժողովրդի ոգին, և, մյուս կողմից, եվրոպական մշակույթը[1]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երիտասարդ Էստոնիա» գրական հինգ ժողովածուներ (1905, 1907, 1909, 1912, 1915),
  • «Պայքարի օրերին» ժողովածու (1906),
  • «Երիտասարդ Էստոնիա» (1910), «Կամայական խոսք» (1914—16) ամսագրեր,
  • «Ազատ խոսք» (1914—1915) ամսագիր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aavik J. Eesti kirjakeele täiendamise abinõudest. — Noor-Eesti I. Trt., 1905;
  • Aavik J. Tuleviku Eesti-keel. — Noor-Eesti IV. Trt, 1912;
  • Kallas A., Noor-Eesti, «Eesti Biografiline Leksikon», IV, Tartu, 1929;
  • Sõgel Е., Gustav Suitsu elu ja luuletajateest, в его кн.։ Kirjandusloo lehekülgedelt, Tallinn, 1963;
  • Thauvón-Suits A., Gustav Suitsu noorus, [Lund, 1964];
  • Кто есть Кто в культуре Эстонии. Составление и подготовка текста «Авенариус», 1996;
  • Ристикиви К. Очерки по истории эстонской литературы. Таллин, 1997;
  • Tuglas 2001a։ Tuglas F. Noor-Eesti 1903—1905 // Tuglas F. Kogutud teosed 9. Kriitika V. Kriitika VI. Tallinn, 2001;
  • «Noor-Eesti» 1908—1915;
  • Noor-Eesti väljaanded ja tutvustus;
  • Noorte püüded., «Noor-Eesti» I, 1905;
  • Bernhard Linde, Eesti intelligents., «Noor-Eesti» V, 1915;
  • Peeter Ruubel, Noor-Eesti ja poliitika., "Kümme aastat. Noor-Eesti 1905—1915.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. G. Suits. Noorte püüded. — Noor Eesti. I. 1905. ― Tartu, 1905. Lk. 17-19:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]