Երաշտակայունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երաշտակայունություն, բույսերի ունակություն, որով բույսերը կարողանում են դիմանալ բջիջներում, հյուսվածքներում, օրգաններում առաջացած ջրի պակասին, ինչպես նաև գերտաքացմանը։ Համեմատաբար ավելի երաշտակայուն են քսերոֆիտները։ Երաշտակայունությունը պայմանավորված է բույսերի ժառանգական հատկանիշներով, որոնք առաջացել են Էվոլյուցիայի պրոցեսում, սակայն կարող են ձեռք բերվել նաև անհատական զարգացման՝ օնտոգենեզի ընթացքում։ Երաշտակայունության ձևավորման համար կարևոր նշանակություն ունեն օդի և հողի խոնավությունը, հանքային սնուցումը, ֆոտոսինթեզի ինտենսիվությունը և ֆիզիոլոգիական այլ պրոցեսներ։ Կեսօրյա ժամերին, իսկ երաշտը շարունակվելիս՝ նաև ամբողջ օրը, բույսերի մեջ առաջանում է խոնավության պակաս, օրգանների գերտաքացում, բույսերն սկսում են թառամել։ Տեղի է ունենում սպիտակուցների խոր հիդրոլիզ, ցիտոպլազմայի քայքայում, խանգարվում է շաքարների ֆոսֆորիլացումը և այլն։ Ջրազրկումը բջիջներում առաջացնում է նաև ցիտոպլազմայի կոլոիդա-քիմիական հատկությունների, դիսպերս վիճակի փոփոխություն։ Այդ բոլորը բացասաբար են ազդում բույսի աճման և բերքատվության վրա, հաճախ՝ նրա ոչնչացման պատճառը դառնում։ Երաշտակայունությունը կարելի է մեծացնել նախացանքային մշակությամբ՝ պարարտացման և ոռոգման ռեժիմները կանոնավորելով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 542