Երանուհի Գարագաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երանուհի Գարագաշյան
Yeranuhi Karakashian.jpg
Ծնվել է` 1848
Ծնվելու վայր` Կ. Պոլիս
Վախճանվել է` Թիֆլիս
Վախճանի օր` 1924 մարտի 16

Երանուհի Գարագաշյան (1848, Կոստանդնուպոլիս - 1924 մարտի 16, Թիֆլիս[1]), հայ դերասանուհի։

Ծնվել է Կոստանդնուպոլիսում Ուսկուդար թաղամասում, որտեղ ստացել է նախնական կրթությունը, ավարտել 1861թ.[2]։ Բեմական ասպարեզ է մտել 1865թՍ.Թղլյանի «Մեծն Տրդատ» պիեսում կատարելով Աշխենի դերը։ Առաջին մեկ-երկու թատերաշրջանում գերազանցապես խաղացել է արական դերեր, Ինչպես Պողի դերը Բ. դը Սեն-Պյերի «Պող և Վերգինե» պիեսում, Թ.Թերզյանի Հովսեփ Գեղեցիկի դերը համանուն պիեսում և այլն։ Նրա բեմական գործունեության ամենափայլուն շրջանն սկսել է 1867-ից, երբ դարձել է Հ.Վարդովյանի թատերախմբի պրիմադոնա դերասանուհի և բոլոր ներկայացումներում հանդես է եկել առաջնակարգ դերերով, ինչպես Սանդուխտ (Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս»), Անժելիք («Նեղսիրտ բարեգործը»), Հայկանուշ («Կործանումն Ռուբինյան թագավորության»), Թեոդորա («Վենետիկուհին») և այլն։ 1878թ. միացել է Ս.Պենկլյանի օպերետային խմբին, շրջել է մի շարք քաղաքներ, եղել Ադրիանապոլսում, Ադանայում, Սելանիկում և Կավալայում, հանդես է եկել Տիգրան Չուխաճյանի և թարգմանական մի քանի օպերետներում։ 1880թ. իր քրոջ՝ Վերգինե Գարագաշյանի հետ եկել է Թիֆլիս, մեկ թատերաշրջան խաղացել է Թիֆլիսի հայկական խմբերում, Պետրոս Ադամյանի, Սիրանույշի և այլ պոլսահայ դերասանների հետ։ Հաջորդ թատերաշրջանից նորից վերադարձել է Պոլիս, Ս.Պենկլյանի խմբի հետ մեկնել է Եգիպտոս, այնտեղից անցել Բալկանյան երկրներ։ 1887թ. վերադարձել է Պոլիս, միառժամանակ թողել բեմը, ապա մասնակցել է Կահիրեում կազմակերպված մի շարք ներկայացումների, մեծ հաջողությամբ կատարելով Մարգարիտ Գոթիեի (Ա.Դյումա (որդու) «Կամելիազարդ տիկինը»), Մեդեայի (Եվրիպիդեսի «Մեդեա»), Կատարին Հովարդի (համանուն պիեսում) դերերը, արժանանալով եգիպտական մամուլի բարձր գնահատմանը։ 1900-ականների սկզբներին եկել է Թիֆլիս, ամուսնացել է և մինչև կյանքի վերջը ապրել այնտեղ։[3] Դերերից են՝ Աշխեն (Ս.Հեքիմյանի «Հարմակ և Աշխեն»), Քեթևան (Գ.Սունդուկյանի «Խաթաբալա»), Հեղինե (Ժ.Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե»), Թերեզա (Մ.Կամոլետտիի «Քույր Թերեզա»)։[4]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Երանուհի Գարագաշյանը «Անուններ» կայքում
  2. Պարոնեան Յ., Ազգային ջոչեր, Բեյրութ, 1993
  3. Ստեփանյան Գ., Կենսագրական բառարան, հատոր Ա, Երևան, 1973, էջ 234-235
  4. Ով ով է.Հայեր, հատոր Ա., Երևան, 2005