Եվգենի Օնեգին (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուս երգիչ Լեոնիդ Սոբինովը Լենսկու դերում

Եվգենի Օնեգին (ռուս.՝ Евгений Онегин, 1877—1878) — ռուս երգահան Պյոտր Չայկովսկու օպերա յոթը տեսարանով ըստ Ալեքսանդր Պուշկինի նույնանուն ստեղծագործության: Առաջին բեմադրությունը կայացել է Մոսկվայի Փոքր թատրոնում 1879թ. մարտի 17 (29) Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողների ուժերով և Նիկոլայ Ռուբինշտեյնի ղեկավարությամբ: Պետերբուրգի Մարիինյան թատրոնում բեմադրվել է 1884թ. հոկտեմբերի 19 (31): Հայաստանում օպերան բեմադրվել է 1943թ. (դիրիժոր - Գ.Բուդաղյան, բեմադրիչ – Ի.Վոլչեկ)[1], 1955թ. (դիրիժոր- Յ.Դավթյան, բեմ.- Գ.Մելքումյան)[2] և 1964թ. (դիրիժոր – Ս.Չարեքյան, բեմ. – Հ.Ղափլանյան)[3]:

[խմբագրել] Օպերայի բովանդակությունը

Չայկովսկին օպերան անվանել է «Քնարական տեսարաններ», ներկայացվում է գյուղական համեստ ազնվական ընտանիքի զավակի՝ Տատյանայի ճակատագիրը։
Լարինների ընտանիքն ունի երկու դուստր՝ Տատյանան և Օլգան։ Տատյանան համեստ, ազնվաբարո, զգացմունքային աղջիկ է, իսկ նրա քույր Օլգան՝ զվարճասեր և թեթևամիտ։ Ընտանիքին այցելում են երկու քաղաքից ժամանած բարձրաշխարհիկ երիտասարդ՝ Լենսկին և Օնեգինը։ Տատյանան սիրահարվում է վերջինիս, և նամակով հայտնում է իր զգացմունքների մասին։ Օնեգինի կերպարը մեծամիտ է և սառնասիրտ, ուստի նա մերժում է աղջկա սերը և ավելին, սկսում է սիրահետել նրա քրոջը՝ Օլգային, ում սիրահարված էր Լենսկին։ Վերջինս մենամարտի է հրավիրում Օնեգինին և զոհվում է հենց այդ մենամարտում։
Այս դեպքից անցնում է 20 տարի։ Պետերբուրգի բարձրատոհմ հասարակության պալատներից մեկում պարահանդես է, այստեղ է նաև Օնեգինը։ Շրջելով պալատում նա հանդիպում է մի կոմսուհու և ապշած ճանաչում Տատյանային, ով ամուսնացել էր Պետերբուրգի կոմս Գրեմինի հետ։ Միայնակ մնացած Օնեգինը զղջում է և այս անգամ ինքն է սիրահարվում կոմսուհուն, սակայն Տատյանան, հավատարիմ մնալով ամուսնուն, մերժում է Օնեգինի սերը։

[խմբագրել] Ստեղծագործությունը

Օպերան սկսվում է սիմֆոնիկ նախերգանքով, որտեղ հնչում է Տատյանայի ճակատագրի դրամատիկական թեման։ Հերոսների բնութագրերը օպերայում բացահայտվում են քնարական և դրամատիկական արիաների, ասերգերի և վոկալ զուգերգերի միջոցով։ Խմբերգային համարներից է գյուղական կենցաղը նկարագրող հատապտուղ հավաքող աղջիկների խմբերգը երրորդ տեսարանում։ Լիբրետոն կազմել է գրականագետ Շիլովսկին։
Օպերան ավարտվում է Օնեգինի զղջման ճիչերով.

«Ամո՜թ, օ՜ ողորմելի իմ ճակատագիր»։


[խմբագրել] Ծանոթագրություններ

  1. http://opera.am/xagacank_old_2_arm.html
  2. http://opera.am/xagacank_old_3_arm.html
  3. http://opera.am/xagacank_old_4_arm.html
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով