Ենթակեղևային գոյացություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չափահաս մարդու գլխուղեղի հորիզոնական կտրվածք

Ենթակեղևային գոյացություններ, գորշ նյութի կուտակումներ գլխուղեղի մեծ կիսագնդի հաստության մեջ։

Ենթակեղևային գոյացություններ են պոչավոր կորիզը (ո․ caudatus), կճեպը (putamen), դժգույն կորիզը (globus pallidus), պատնեշը (claustrum), նշաձև կորիզը (ո․ amygdale)։ Պոչավոր կորիզի և կճեպի բջջային կառուցվածքի ու ֆունկցիոնալ նմանության համար Կապերսը (1908) նրանց միավորել է և անվանել նոր զոլավոր մարմին (corpus neostriatum)։ Ներկայումս պոչավոր կորիզը, կճեպը և դժգույն կորիզը միասին անվանում են ստրիոպալիդար համակարգ։ Վերջինս բազմաթիվ առբերող թելերով կապված է տեսաթմբերի (որտեղից ստանում է զգայական և տեսողական գրգիռներ), գլխուղեղի մեծ կիսագնդերի զգայաշարժական գոտու և ուղեղիկի հետ։ Զոլավոր մարմինը արտատար թելերով կապված է դժգույն կորիզի, իսկ վերջինս՝ միջանկյալ և միջին ուղեղի շարժիչ կորիզների հետ։ Ցածրակարգ ողնաշարավոր կենդանիները գլխուղեղի կեղև չունեն, նրանց ենթակեղևային գոյացություններն են ապահովում միջավայրի պայմաններին հարմարվելը, վարքը։ Կաթնասունների և մարդու գլխուղեղի կեղևի զարգացման ու հիմնական ֆունկցիաների կեղևայնացման շնորհիվ ենթակեղևային գոյացությունները կորցրել են իրենց այդքան կարևոր ֆունկցիան և պայմանավորում են չգիտակցված, ինքնաբեր շարժումներ, ինչպես նաև պաշտպանական և հուզական-արտահայտչական որոշ գործողություններ։ Ենթակեղևային գոյացություններ ախտահարվելիս նկատվում է կամայական շարժումների սահունության և ճկունության կորուստ, շարժումները դառնում են աններդաշնակ, կոպիտ, սխեմատիկ։ Զոլավոր մարմինը դժգույն կորիզի նկատմամբ ունի արգելակող ազդեցություն։ Առաջինի մեկուսի ախտահարումից նկատվում է շարժումների աշխուժացում։ Առաջանում են աննպատակ, անկանոն շարժումներ, հատկապես ծայրանդամների հեռադիր հոդերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 515