Եղջերավոր արտույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղջերավոր արտույտ

Եղջերավոր արտույտ (Eremophila alpestris), արտույտների ընտանիքին պատկանող թռչուն:

Եղջերավոր արտույտի մարմնի վերին մասը մոխրագույն է, թևերի թափահարող փետուրները մուգ դարչնագույն են, պոչի փետուրները սև` սպիտակավուն եզրով, գլխի երկու կողմերում կան սովորականից երկար սև փետուրներ, որոնք նմանվում են եղջյուրների: Կոկորդը դեղնավուն է: Կտնառքի և այտերի հատվածը սև է, ճակատը սև է` պիտակավուն շերտով, ականջների մոտ փետուրները դեղնավուն են, որովայնը սպիտակ է: Էգի փետրավորումը համեմատաբար դժգույն է, գլխի եղջերանման փետուրները թույլ են զարգացած: Քաշը` 30-45 գ, թևի երկարությունը` 94-119 մմ:

ՀՀ-ում նստակյաց թռչուն է: Բնադրվում է լեռնատափաստանային և ալպիական գոտում, բույնը սարքում է չոր խոտերից` գետնին կամ փոսիկի մեջ: Ապրիլ-մայիս ամիսներին դնում է 3-5 ձու: Ձագերը թռչելու ընդունակ են դառնում ձվից դուրս գալուց 13-16 օր հետո: Ձմռանը մեծ երամներով հանդիպում է ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային շրջանների ցածրադիր վայրերում: Սնվում է սերմերով և միջատներով:

Տարածված է Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի տափաստաններում:[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ», էջ 13։