Եզան լեզու
Եզան լեզուն (լատիներեն՝ Plantágo májor) ջրախոտազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս է։ Ունի յուրահատուկ, երկարավուն, ձվաձև տերևներ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են ամռան ամիսներին։ Կարող է հասնել 10-30 սմ բարձրության։ Աճում է ճամփեզրերին, աղբուտներում, տնամերձ հողամասերում, մարգագետիններում, ցանքսերի մեջ։ Տերևները ուտելի են։
Համարվում է, որ եզան լեզուն Հյուսիսային Ամերիկայում հայտնվել է Եվրոպայից՝ եվրոպական գաղութացման ժամակաշրջանում։ Բնիկ հնդկացիները այն անվանում էին «սպիտակամորթի ոտնահետք» կամ էլ «անգլիացու ոտ», քանի որ հայտնաբերում էին այդ բույսը միայն այն տեղերում, որտեղ եվրոպացիներ էին անցել։[1]
Քիմիական կազմը [խմբագրել]
Պարունակում է գլիկոզիդներ, ֆլավոնիդներ, վիտամին K, ասկորբինաթթու, դաբաղող նյութեր, պոլիսախարիդներ, ֆիտոնցիդներ և այլն։[2]
Բուժական նշանակությունը [խմբագրել]
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ։[3]
Հայտնի է, որ նախկինում մարդիկ այն կիրառում էին վերքերը բուժելու և որպես օձի կծածի դեմ միջոց. արդյունավետությունը կարծես թե գիտականորեն հիմնավորված է։[4]
Կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերևը օգտագործվում է թրջոցի ձևով։[5]
Աղբյուրներ և ծանուցումներ [խմբագրել]
- ↑ Sauer, Leslie Jones (1998). The Once and Future Forest. Island Press. p. 49. ISBN 1-55963-553-3. http://books.google.am/books?id=bC76cUM721sC.
- ↑ Է. Ղուկասյան, «Բուժում դեղաբույսերով» Երևան, «Նարեկացի» հրատարակչություն, էջ 30։
- ↑ Է. Ղուկասյան, «Բուժում դեղաբույսերով» Երևան, «Նարեկացի» հրատարակչություն, էջ 30։
- ↑ D. Jackson & K. Bergeron Plantain Alternative Nature Online Herbal
- ↑ Բաղադրատոսմերը կարելի է գտնել հետևյալ գրքում՝ Է. Ղուկասյան, «Բուժում դեղաբույսերով» Երևան, «Նարեկացի» հրատարակչություն, էջ 30։