ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյան անվան գրադարան, Երևանի Պետական Համալսարանի գրադարանն է, ստեղծվել է 1920 թ-ի փետրվարի 28-ին։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

Դեռ 1919 թվականին ԵՊՀ առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանին մտահոգում էր բուհի գիտական բազայի` գրադարանի ստեղծումն ու մասնագիտական անհրաժեշտ գրականության ապահովումը։

Այդ իսկ պատճառով հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ռեկտորը դիմում է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին Ամերիկայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կ. Պոլսում, Ավստրիայում և Պարսկաստանում, որպեսզի «Կազմակերպեն համալսարանի համար կամավոր նվիրատվությունների հանգանակում և ձեռք բերեն համալսարանի գրադարանի համար գրքեր թե՛ գիտական հիմնարկներից, թե՛ մասնավոր անձերից»։

1921-1922 թթ.-ին ԵՊՀ ռեկտոր է նշանակվում Հակոբ Մանանդյանը, ով և կարգվում է գրադարանի ժամանակավոր կառավարիչ։ Գրադարանի հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1922 թ.-ի նոյեմբերի 8-ին։ Հետզհետե, տարիների ընթացքում ԵՊՀ գրադարանի գրքային ֆոնդը համալրվում է նոր գրքերով։ Դեռ 1927 թ-ին գրադարանում առկա էր 52 հազար միավոր գիրք։ Ներկա պահին գրքերի թիվը հասնում է 2 միլիոնի, որից 1,2 միլիոն անուն գիրքը գիտական է։

Գրադարանի նորակառույց շենքը բացվում է 1994 թ.-ի հոկտեմբերի 12-ին, այն տարում, երբ պաշտոնապես նշում էին ԵՊՀ հիմնադրման 75-ամյակը։ Երեք տարի անց` 1997 թ.-ի հոկտեմբերի 7-ին գրադարանն անվանակոչվում է Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվամբ։ Վերջիններս շվեյցարահայ բարերար Տիգրան Իզմիրլյանի ծնողներն են, ովքեր 1995 թ.-ին գրադարանի տեխնիկական վերազինման և աշխատատար գործընթացների արդիականացման նպատակով գրադարանին նվիրաբերել է մեկ միլիոն ԱՄՆ դոլար։

Այսօր Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրենը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Եզնիկ Միրզոյանն է։

Գրադարանում գործում է նաև էլեկտրոնային քարտարան, որի միջոցով ԵՊՀ ուսանողներն ու ԵՊՀ գրադարանի տոմս ունեցող ցանկացած անձ կարող է պատվիրել իրենց անհրաժեշտգրականությունը։