Դոլմաբահչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոլմաբահչե պալատ։ Տեսարանը Բոսֆորի կողմից
Մեծ սրահ

Դոլմաբահչե (թուրք.՝ Dolmabahçe), Օսմանյան սուլթանների պալատ։ Գտնվում է Ստամբուլում` Բոսֆորի Եվրոպական հատվածում։

Կառուցվել է 1842-1853 թվականներին Աբդուլ-Մեջիդ I սուլթանի համար, որը տարվել էր միջնադարյան Տոպկապի պալատի շքեղությամբ և ցանկանում էր բարոկկո ոճով պալատ ունենալ։ Այդ պալատը իր նբաճաշակությամբ և շքեղությամբ պետք է մրցեր 18-րդ դարի եվրոպական ճարտարապետության հետ։ Պալատի ճարտարապետները եղել են Օսմանյան կայսրությունում մեծ հռչակ վայելող Բալյան ընտանիքի ներկայացուցիչները։

Պատմություն[խմբագրել]

Շինարարությունն սկսել է Կարապետ Ամիր Բալյանը և շարունակել ու ավարտին հասցրել նրա որդին` Գաբրիել Բալյանը։ Սուլթանը ցանկացել է եվրոպական պալատներին ոչնչով չզիջող նստավայր ունենալ, ինչն էլ հաջողվել է անել հանճարեղ Բալյաններին։ Շենքի ներքին հարդարանքի վրա ծախսվել է 14 տոննա ոսկի, իսկ շինարարության ողջ ծախսերը գերազանցել են 5 միլիոն ոսկե ֆունտը։ Շենքի ներքին հարդարումը նույնպես առանց հայերի մասնակցության չի անցել։ Ամբողջ պալատում կարելի է գտնել Հովհաննես Այվազովսկու նկարները, որոնք վերջինս նկարել է օսմանյան սուլթանների պատվերով՝ 1840 թվականներից մինչ 1890-ական թվականները (ընդհանուր առմամբ՝ այժմ Թուրքիայում գտնվում է Այվազովսկու 30 կտավ, այդ թվում նաև Պոլսո Հայոց պատրիարքարանում)։ Պալատի կարևոր մասն է նաև Անգլիայի թագուհի Վիկտորիայի նվիրած 5 տոննա կշռող հախճապակե ջահը։ Օսմանյան կայսրության անկումից հետո Դոլմաբահչեն իր նստավայրն է դարձրել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ով էլ 1938 թվականի նոյեմբերի 10-ին պալատի սենյակներից մեկում կնքել է իր մահկանացուն։ Մինչ այժմ էլ պալատում անձեռնմխելի կերպով պահպանում են Աթաթուրքի մահճակալը, որը ծածկված է Թուրքիայի դրոշով։ Պալատն Աթաթուրքի մահից հետո ծառայել է որպես թանգարան, սակայն 2007 թվականին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշմամբ դարձել է երկրի վարչապետի պաշտոնական նստավայրը։ Թուրքիայի այժմյան վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատասենյակը կահավորվել է նախկին հարեմի տեղում։

Պատկերասրահ[խմբագրել]

Աթաթուրքի մահճակալը
Դեսպանների սրահը
Հախճապակե ջահը
Կենտրոնական դռներ