Դմիտրիե Կանտեմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրիե Կանտեմիր
Dimitrie Cantemir - Foto01.jpg
ԱԱՀ՝ Դմիտրիե Կանտեմիր
Բնագիր
ԱԱՀ՝
Dimitrie Cantemir
Ծննդյան օր՝ հոկտեմբերի 26, 1673
Ծննդավայր՝ Ցաշ, Ռումինիա
Վախճանի օր՝ օգոստոսի 21, 1723
Վախճանի վայր՝ դաստակերտ Դիմիտրիևկա
(այժմ՝ գյուղ Դմիտրովկա,
Ուկրաինա
Մասնագիտություն՝ պատմաբան,
արևելագետ,
փիլիսոփա,
երաժշտագետ,
պետական-քաղաքական գործիչ

Դիմիտրիե Կոնստանտինի Կանտեմիր (ռում.՝ Dimitrie Cantemir, հոկտեմբերի 26, 1673, Ցաշ, Ռումինիա - օգոստոսի 21, 1723, դաստակերտ Դիմիտրիևկա (այժմ՝ գյուղ Դմիտրովկա, Ուկրաինա), մոլդավ պատմաբան, արևելագետ, փիլիսոփա, երաժշտագետ, պետական-քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Մոլդովայի իշխան Կոնստանտին Կանտեմիրի որդին։ Սովորել է Կոստանդնուպոլսի հունա-լատինական ակադեմիայում, տիրապետել բազմաթիվ լեզուների։

Եղել է (1693 թվական, 1710-1711 թվականներ) Մոլդովայի իշխան, փորձել վերականգնել երկրի անկախությունը՝ հենվելով ռուս, ցար Պետրոս Մեծի հետ կնքած (մարտի 4, 1711) հակաթուրքական դաշինքի վրա։ Պրուտյան անհաջող արշավանքից հետո անցել է (1711 թ.) Ռուսաստան, ստացել ռուս իշխանի տիտղոս, կալվածքներ և նշանակվել ցարի խորհրդական։

Պարսկական արշավանքի (1722-1723 թվականներ) ժամանակ ղեկավարել է արշավային գրասենյակները, եղել Կովկասում ու Հայաստանում։

Աշխատություններ[խմբագրել]

Կոստանդնուպոլսում եղած տարիներին ուսումնասիրել է թուրքական երաժշտությունը և գրել «Գիրք երաժշտագիտության» (1-ին հրատարակչություն ռումիներեն, 1973 թվական) երկը, որը նշանակալի ազդեցություն է թողել թուրքական երաժշտագիտության զարգացման վրա։ Հորինելէ նաև երգեր, ստեղծել խազագրության նոր մեթոդ, որը հայտնի է «Կանտեմիր օղլու» անունով։

Կանտեմիրի շատ երգեր հետագայում գրի են առնվել պոլսահայ նշանավոր երաժշտագետ Պապա Համբարձումի ստեղծած նոտաներով և փրկվել կորստից։ Ուշագրավ են խոհա-փիլիսոփայական և կրոնական բնույթի «Հիերոգլիֆական պատմություն» (1-ին հրատարակչություն, ռումիներեն , 1883 թվական), «Ղուրան կամ Գիրք մահմեդական կրոնի համակարգի մասին» (1-ին հրատարակչություն ռումիներեն, 1722 թվական) աշխատությունները, որոնցում Կանտեմիրը, թեև իդեալիստական դիրքերից, սակայն որպես հումանիստ, լավատեսությամբ է դիտում մարդկության ապագան, գտնում, որ մարդը չպետք է մնա գերի, այլ պետք է տիրի բնությանը, աշխարհին, նկատում է աշխատավորների և կեղեքողների միջև եղած հակամարտությունները և ճիշտ համարում ճնշվածների ընդվզումները։

Աշխարհաճանաչման աղբյուր Կանտեմիրը համարում է բանականությունը, թեև բանականության հետ մեծ նշանակություն է տալիս նաև աստվածային կամքին։ Կանտեմիրի առավել արժեքավոր գործերը Ռուսաստանում գրած պատմա-աշխարհագրական երկերն են, որոնց վրա մեծ ազդեցություն են թողել պետրոսյան բարեփոխումները։

«Օսմանյան կայսրության փառքի և անկման պատմություն»-ը (1-ին հրատարակչություն, անգլերեն, 1734-1735 թվականներ, թարգմանվել է նաև հայերեն, անտիպ) Կանտեմիրի ստեղծագործության գլուխգործոցն է, որի համար 1714 թվականին ընտրվել է Բեռլինի ԳԱ անդամ։ Գրել է նաև «Հռոմեա-մոլդո-վալաքների վաղեմության քրոնիկոն» (1-ին հրատարակչություն, ռումիներեն, 1835-1836) և հատկապես հայագիտության համար արժեքավոր «Մոլդովայի պատմական, աշխարհագրական և քաղաքական նկարագրություն» (1-ին հրատարակչություն, գերմաներեն, 1769-1770) ու «Կովկասյան լեռնապատից» (1-ին հրատարակչություն, լատիներեն, 1726) երկերը, որոնցում բազմիցս անդրադարձել է հայերին ու Հայաստանին, կարևոր տեղեկություններ հաղորդել Մոլդովայում ապրող հայերի հարկերի ու դրանց չափի, հայոց իրավունքների, դավանության, եկեղեցիների, նշանավոր անձանց մասին և այլն։

Կանտեմիր թաղվել է Մոսկվայում։ 1935 թվականին աճյունը տեղափոխվել է Ցաշ։

Գրականություն[խմբագրել]

  • Бабий А. И. Дмитрий Кантемир М.։ Мысль, 1984.- 173 с.
  • Густерин П. В. Первый российский востоковед Дмитрий Кантемир / First Russian Orientalist Dmitry Kantemir. М.։ Восточная книга, 2008.
  • Густерин П. В. По следу Кантемира. Российскому востоковедению исполняется 300 лет // Российская газета. 2011, № 147 (8 июля).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png