Դիֆուզիոն խցիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիֆուզիոն խցիկի սխեման 1. վերևի ապակին, 2. մեթիլ սպիրտով (9) լցված մետաղե տաշտակ, 3. ապակե գլան, 4. խցիկի՝ պինդ ածխաթթվով (5) սառեցվող մետաղե հատակը, 6. ջերմամեկուսիչ մխոց, 7. սեղմված զսպանակ, 8. պարաբոլային հայելի, 10. լուսանկարչական ապարատ, 11. էլեկտրական դաշտ ստեղծող ցանց, S - լույսի աղբյուր

Դիֆուզիոն խցիկ, լիցքավորված մասնիկների տեսանելի հետքերը դիտելու սարք։ Ստեղծել է ամերիկացի ֆիզիկոս Ա․ Լանգսդորֆը 1936 թվականին։

Դիֆուզիոն խցիկում, ինչպես և Վիլսոնի խցիկում, լիցքավորված մասնիկների հետքերն առաջանում են գերհագեցած գոլորշու կաթիլներով, իսկ խտացման կենտրոններ են դառնում մասնիկի շարժման հետագծով առաջացած իոնները։ Դիֆուզիոն խցիկում գազը գերհագեցման է հասնում խցիկի վերնամասի առավել տաք մակերևույթից սառը հատակն ընթացող գոլորշու անընդհատ հոսքի շնորհիվ։ Ի տարբերություն Վիլսոնի խցիկի, դիֆուզիոն խցիկում գոլորշին միշտ գերհագեցած և անընդհատ զգայուն է իոնացնող մասնիկների նկատմամբ։ Գազով լցված խցիկի հատակը սառեցվում է պինդ ածխաթթվով՝ մինչև —60—70°С ջերմաստիճան։ Գազի ջերմահաղորդականության և գազի ու խցիկի պատերի կոնվեկցիոն ջերմափոխանակման հետևանքով խցիկում ըստ բարձրության ստեղծվում է ջերմաստիճանների մեծ տարբերություն։ Դիֆուզիոն խցիկի վերին մասը լցվում է հագեցման հասնող առաձգականություն ունեցող մեթիլ սպիրտի գոլորշիով (10—20°С ջերմաստիճանի պայմաններում)։ Դիֆուզիայի հետևանքով սպիրտի գոլորշիները խտանում են դիֆուզիոն խցիկի հատակին։ Խցիկի ստորին մասում, որտեղ ջերմաստիճանն այստեղ ավելի ցածր է, գոյանում է սպիրտի գերհագեցած գոլորշու 50—70 մմ հաստության շերտ, որտեղ և ձևավորվում են մասնիկների տեսանելի հետքերը։

Կիրառությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիֆուզիոն խցիկն օգտագործում են ջրածնի, դեյտերիումի, հելիումի միջուկների և մեծ էներգիայի մասնիկների փոխազդեցության պրոցեսները ուսումնասիրելու համար։ Խցիկը տեղավորելով մագնիսական դաշտում՝ կարելի է մեծ ճշտությամբ որոշել մասնիկի իմպուլսը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 421