Տրամասություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիսկուրսից)

Տրամասություն (անգլ.՝ discourse, ֆր.՝ discours, բացի տրամասություն տերմինից հայերենում օգտագործվում են նաև քննախոսություն կամ խոսույթ բառեզրերը) ընդհանուր իմաստով նշանակում է հաղորդակցության գործընթաց կամ խոսքային գործողություն։

Տերմինը տարածում գտել է ֆրանսերեն discours բառից, որն իր հերթին ծագել է լատիներենում այս ու այն կողմ վազվզել, մանյովր (ռազմ.) անիմաստ վազք, իրարանցում, դեսուդեն ընկնել, անընդհատ թարթում, զրույց, խոսք նշանակող discursus բայից [1]։ Ժամանակակից գիտական լեզվում և մասնավորապես հասարակագիտության մեջ տրմասություն եզրը պահպանել է իր նախնական իմաստներից միայն խոսքը և զրույցը ու հիմնականում կիրառվում է որպես լեզվաբանական կատեգորիա։ Այն լայն տարածում ունի շատ հումանիտար և հասարակական գիտություններում՝ սոցիոլոգիա, փիլիսոփայություն, ազգագրություն (մարդաբանություն), հոգեբանություն, իրավագիտություն, հաղորդակցագիտություն, մշակութաբանություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, գրականագիտություն և այլն։

Տրամասության ընկալման դիապազոնը[խմբագրել]

Ընդհանուր առմամբ տրամասությունը ընկալվում է որպես «հաղորդակցության թեմատիկ միասնություն», «խոսք կամ տեքստ» և «հայեցակարգերի մանիպուլիացիայի միջոց», որոնք պայմանավորված են սոցիալական կյանքի արժեքներով և նորմերով։ Տրամասությունը հաղորդակցման կարևոր և անբաժան ագենտ է, որը հանդես է գալիս որպես իմաստների, արժեքների, գաղափարների, մեկնաբանությունների և այլ մենթալ կառուցվածքների կրող և տարածող։ Սակայն տրամասություն տերմինը ունի բազմաթիվ նշանակություններ, ինչը երբեմն խառնաշփոթություն է ստեղծում հասկացության ընկալման և դրա սահմանների որոշման մեջ։ Այսպես՝ Նորման Ֆերկլոն տրամասություն է համարում այն լեզուն, որն օգտագործվում է սոցիալական պրակտիկայի ներկայացման ժամանակ, Տորֆինգը տրամասությունը ներկայացնում է որպես հոգեմոնիկ արտիկուլյացիաների արդյունք, որոնց նպատակն է հասարակության մեջ հաստատել քաղաքական, բարոյական, ինտելեկտուալ առաջնություն, Պեշյոյի կարծիքով տրամասությունն այն կետն է, որտեղ հանդիպում են լեզուն և գաղափարախոսությունը, ըստ նրա՝ բառերի իմաստների փոփոխումը կապված է քաղաքական պայքարում դասակարգային դիրքերի հետ։ Պետք է ասել, որ քաղաքական դաշտում տրամասությունը ունի իր ուրույն ընկալումը, այն հանդիսանում է իշխանական ռեսուրս, որի միջոցով սոցիալական ինստիտուտները իրականացնում են իրենց ինքնաներկայացումը, լեգիտիմացիան, իրականության օրինակների կառուցումն ու տարածումը, ինչպես նաև դիրքավորումը սոցիալ-մշակութային և քաղաքական դաշտում։ Տրամասության իշխանական ուժը կայանում է նրա ընձեռած հնարավորության մեջ ստեղծելու սոցիալական, մշակութային, քաղաքական և այլ տիպի ինքնություններ։ Այլ կերպ ասած՝ այն դիտարկվում է որպես ինքնությունների գաղտնաբառ՝ «դուք այնպիսին եք, ինչպիսին ձեր տրամասությունն է»։

Տրամասության սահմանման հիմնական մոտեցումները[խմբագրել]

  • «Առաջին մոտեցումը» կարելի է անվանել զուտ լեզվաբանական։ Այստեղ տրամասություն հասկացությունը դիտարկվում է որպես «խոսք», որպես հաղորդակցային իրավիճակների շրջանակներում տեղեկատվության «շարժման» տեսանկյունից դիտվող մի դինամիկ երևույթ։ Ֆրանսիացի լեզվաբան Է. Բենվենիստը XX դարի 70-ականներին առաջին անգամ սկսեց դիտարկել տրամասությունը որպես «հաղորդակցության մեջ լեզվի գործառնություն»։ Նա ընդլայնեց ֆրանսիական լեզվաբանական ավանդույթում տրամասության ընկալումն ընդհուպ մինչև լեզվի, գաղափարախոսության և մարդու միջև հարաբերությունների ամբողջության։
  • «Երկրորդ մոտեցումն» առաջարկվել է Յուրգեն Հաբերմասի կողմից։ Կարելի է ասել, որ սա ինչ-որ իմաստով հանդիսանում է նախորդի մի մասը։ Այս ընկալման մեջ տրամասությունը դիտարկվում է որպես հաղորդակցման իդեալական ձև, որն իրականցվում է մասնակիցների հայացքների քննարկման և հիմնավորման համար, և ինչ-որ չափով նման է գիտական ռացիոնալության շրջանակներում իրականցվող հաղորդակցությանը։ Ըստ Հաբերմասի՝ տրամասությունը երկխոսություն է, որտեղ մենք փորձում ենք հասնել համաձայնության, ինչն էլ հանդիսանում է հաղորդակցային գործողության հիմքը։ Տրամասությունը պահանջում է, որ մասնակիցների գործողությունների բոլոր մոտիվները բացի համատեղ փոխըմբռնման հասնելու մոտիվից չեզոքացվեն։ Սա ունի որոշակի նմանություն «գաղափարների գեներացիայի գործընթացի» հետ, որը հանդես է գալիս իբրև իրականության ճանաչողության գործիք։
  • Ն. Արությունովան առաջարկում է տրամասության հետևյալ սահմանումը՝ «Տրամասությունը կապակցված տեքստ է, որը համալրված է արտալեզվական` պրագմատիկ, սոցիալմշակութային, հոգեբանական և այլ գործոնների ամբողջությամբ։ Տրամասությունը «կյանքի մեջ ընկղմված» խոսք է։ Այդ իսկ պատճառով ի տարբերություն «տեքստ» հասկացության «տրամասություն» հասկացությունը չի կիրառվում հին, և այն տեքստերի նկատմամբ, որոնց կապը կյանքի հետ անմիջականորեն չի վերականգնվում» [2]։ Ընդհանրապես գիտության մեջ կա միտում տրամասություն հասկացությունը նույնականացնել խոսքին և հակադրել տեքստին, սակայն դրա հետ մեկտեղ կա նաև մոտեցում, որը գերադասնում է տրամասությունը սահմանել, որպես տեքստի և խոսքի գումարում[3]։
  • Երբեմն հետազոտողները տրամասական տեսությունների հիմնադիր են համարում ֆրանսիացի փիլիսոփա, պատմաբան և մշակութաբան Միշել Ֆուկոյին, ով տալիս է տրամասություն երևույթի բավականին վերացական հայեցակարգ, որը կապվում է ոչ, թե քերականական կանոնների, տրամաբանության, սուբյեկտի (խոսողի), համատեքստի հետ այլ իրենից ներկայացնում է պատմական կանոնների մի անանուն ամբողջություն, որը որոշակի դարաշրջանում սոցիալական, տնտեսական, աշխարհագրական կամ լեզվաբանական տարածության մեջ ստեղծել է արտահայտվելու յուրատեսակ մոտեցումներ[4]։ Ֆուկոն ձգտում էր այդ մոտեցումների վերլուծության շնորհիվ ցույց տալ, թե ինչպես են տարբեր ժամանակաշրջաններում և մշակույթներում տեղի ունենում որոշակի տրամասությունների իշխումը և գերակայումը, թե ինչպես են դրանք ստեղծում բացառման համակարգեր և թե ինչպես են այդ տրամասությունները ենթարկվում մեկը մյուսին[5]։ Տրամասությունները այստեղ վերացական կատեգորիաներ են, որոնք պայմանավորում են մեր գիտելիքը և մեր վերաբերմունքը մեզ շրջապատող աշխարհի նկատմամբ, հենց տրամասությունների շնորհիվ ենք մենք գնահատում և փոխառնչվում իրականության հետ։ Ֆուկոն այս մոտեցմամբ ձգտում էր հետազոտել մարդկային պատմությունը, սակայն ի տարբերություն ավանդական պատմագրության, որը ցանկանում է «զարգացումներ» գտնել երևույթների միջև և ցույց տալ դրանց պատճառանքահետևանքային կապը, Ֆուկոն տրամասությունների վերլուծության շնորհիվ փորձում է նախևառաջ ազատվել «անընդհատության» բոլոր հետքերից։ Նա տրամասությունը ներկայացնում է որպես մի տարածություն, որը կազմվում է այնտեղ գտնվող անհատների այլ ոչ թե պատմական օրինաչափությունների կողմից[6]։
  • Հոլանդացի հայտնի լեզվաբան Թեուն վան Դեյկն առանձնացնում է տրամսություն բառեզրի մի քանի իմաստներ։ Ըստ նրա ամենապարզ և տրամասական վերլուծության մեջ ամենատարածված իմաստով տրամասությունները իրենցից ներկայացնում են որոշակի միջավայրում (ժամանակ, վայր, պայմաններ) տեղի ունեցող ոչ բարդ հաղորդակցային իրադարձություն, որն ունի այդ հաղորդակցային գործողության մեջ ներգրավված մասնակիցներ (խոսողներ, գրողները կամ լսողներ)։ Այս հաղորդակցային գործողությունը համալրվում է ոչ վերբալ տարրերով (ժեստեր, միմիկա և այլն)։ Այսպիսի տրամասությունների տիպիկ օրինակներ են առօրեա խոսակցույթունները ընկերների և ծանոթենրի հետ, երկխոսությունը բժշկի և հիվանդի միջև կամ թերթում հոդված գրելը (կարդալը)։ Ավելի լայն իմաստով տրամասությունը հաճախ նույնանում է խոսակցության/տեքստի կամ բարդ հաղորդակցային իրադարձության հետ. այս իմաստով տրամասությունը մարդկանց ներգրավում է յուրահատուկ իրավիճակի և համատեքստի մեջ, որտեղ նրանք կիրառում են բառերի որոշակի հաջորդականություն, ինտոնացիա, ժեստեր, իմաստներ կամ գործողություններ։ Այստեղ տրամասությունները իրենցից ներկայացնում են որոշակի վարքագծի, բառապաշարի, հաղորդակցության կանոնների մի խմբավորում։ Օրինակ՝ այս ընկալմամբ քաղաքական տրամասությունը ոչ թե զրույցն է քաղաքականության մասին, այլ քաղաքական շրջանակներում ընդունված լեզվի, բառապաշարի, հատուկ արտահայտությունների, ժեստերի և վարքագծի դրսևորումն է։ Ըստ վան Դեյկի կան ամենաքիչը տրամասության ևս երկու ավելի վերացական հայեցակարգեր։ Առաջինը կարելի է բնորոշել որպես յուրատեսակ ժանր, որը ավելի շատ առնչվում է սոցիալական ոլորտի հետ, օրինակ՝ քաղաքական տրամասություն, բժշկական տրամասություն կամ ակադեմիական տրամասություն։ Այս դեպքում տրամասությունները իրենիցից ներկայացնում են բավականին վերացական երևույթներ, օրինակ՝ քաղաքական տրամասությունը քաղաքականության մեջ կամ քաղաքական գործիչների շրջանում կիրառվող տրամասության ժանրերի ամենաընդգրկուն սահմանումն է։ Այսինքն այն ոչ թե պարզ ժանր է (տվյալ դեպքում՝ պառլամենտական դեբատ կամ քարոզչական բուկլետ) այլ սոցիալապես հիմնադրված այդպիսի ժանրերի ամբողջություն։ Եվ վերջապես տրամասության ամենավերացական ընկալումը, որը առնչվում է ոչ այնքան տեքստերի կամ խոսակցությունների հետ, որքան որևէ ժամանակային շրջանի, համայնքի կամ մշակույթի բոլոր հնարավոր տրամասությունների ժանրերին և հաղորդակցության բոլոր ոլորտներին։ Այս մակարդակում մենք օգտագործում են տրամասությունների կազմ կամ տրամասույթունների կարգ հասկացությունները, որոնք ձևավորում են հասարակական կազմ կամ հասարակական կարգ երևույթները։ Օրինակ՝ քաղաքական տրամասության կարգը այն բոլոր տրամասություններն են, որոնք տեսականորեն կարող են դառնալ քաղաքական տրամասություն։ Չնայած իր վերացական մակարդակին, այսպիսի տրամասությունները նույնպես կարող են ունենալ նեղ (բոլոր տեքստերը և խոսակցույթունները) կամ լայն (բոլոր հաղորդակցային իրադարձություններ, ներառյալ լեզուն կիրառողներ, համատեքստ և այլն) կիրառություն [7]։

Այսպիսով ընդհանրացնելով վերոհիշյալը՝ տրամասական վերլուծության մեջ պետք է առանձնացնել հետևյալ նախապայմանները.

  • Իրականության մասին գիտելիքներն ու պատկերացումներն արտաքին իրականության ուղղակի արտացոլումը չեն, դրանք կատեգորիաների միջոցով իրականության դասակարգման արդյունք են, այսինքն՝ մեր գիտելիքները տրամասության արդյունք են։
  • Այդ գիտելիքները ձևավորվում են որոշակի պատմամշակութային, սոցիալական համատեքստում, դրանք մարդկանց միջև պատմականորեն ձևավորված փոխհարաբերությունների արդյունք են։
  • Աշխարհընկալման միջոցները ստեղծված են և պահպանվում են սոցիալական լեզվի և տեքստերի շնորհիվ փոխազդեցությունների գործընթացով, որտեղ կառուցվում են հայտնի ճշմարտություններն ու գիտելիքները։
  • Տարբեր աշխարհընկալումները տանում են տարբեր սոցիալական վարքերի, այդ իսկ պարճառով էլ գիտելիքների և ճշմարտությունների կառուցվածքն ունի սոցիալական հետևանքներ։
  • Տրամասության վերլուծության խնդիրն է ցույց տալ, թե ինչպես է մեզ հայտնի «օբյեկտիվ» իրականությունը կառուցվում և թե ինչպիսի սոցիալ-մշակութային, տնտեսական կամ քաղաքական համատեքստ ունի այդ կառուցումը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Дворецкий И. Х. 1976. Латинско-Русский словарь. Москва: Издательство «Русский язык». Էջ 335
  2. Языкознание - Большой Энциклопедический Словарь. Москва: Большая Российская энциклопедия. 1998. Էջ 136-137:
  3. Макаров М. Л. 2003. Основы теории дискурса. Москва: Гнозис. Էջ 87-90:
  4. Фуко М. 1996. Археология знания Киев: Ника-центр. Էջ 118
  5. Горелов Василий. Анализ дискурса в социальной теории: Мишель Фуко и Тьюен А. ван Дейк https://ecsocman.hse.ru/data/746/693/1219/glava_6.pdf‎
  6. Зотов А. Ф. 2005. Современная западная философия. Москва: Высшая школа. Էջ 627-628.
  7. van Dijk Teun. 1998. Ideology. A Multidisciplinary Approach. London, Thousand Oaks, New Delhi: SAGE Publications. Էջ 193-196: