Դիլիջան ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիլիջանի ազգային պարկից)
Դիլիջան ազգային պարկ
Տեսակազգային պարկ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՏավուշի մարզ
Հիմնվել է1958
Մակերես240 կմ²
ԲԾՄ1685 ± 600 մետր
Դիլիջան ազգային պարկը գտնվում է Հայաստանում
Դիլիջան ազգային պարկ
Դիլիջան ազգային պարկը գտնվում է Տավուշի մարզում
Դիլիջան ազգային պարկ

      «Դիլիջան» ազգային պարկ» -ն ունի 33765 հա տարածք և հիմնականում զբաղեցնում է ՀՀ Տավուշի մարզը, փոքր հատվածներով նաև՝ Լոռու և Գեղարքունիքի մարզերը։

Այն տարածվում է մի քանի լեռնաշղթաների լանջերին՝ 1070մ - 2900մ բարձրությունների վրա:Ազգային պարկը տարածված է Դիլիջան քաղաքի և 9 գյուղական համայնքների վարչական սահմաններում։

  «Դիլիջան» ազգային պարկը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Դիլիջան» ազգային պարկ կազմակերպելու մասին» N 165 որոշմամբ` Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության մասին» օրենքի կիրառման մասին» N 341 որոշմամբ կազմակերպված «Դիլիջան» պետական արգելոցի և դրան հարակից տարածքների սահմաններում։ Պարկը հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք է:

Կլիման

  ԴԱՊ-ի տարածքի կլիմայական պայմանները պայմանավորված են ուղղահայաց գոտիավորմամբ և հիմնականում բնութագրվում են չափավոր տաք և խոնավ կլիմայով։ Միջին լեռնային գոտու կլիմայական պայմանները համընկնում են սեզոնային եղանակներին, ստորին գոտուն հատուկ է երկար ամառը, իսկ բարձր լեռնային գոտուն՝ երկար ձմեռը։ Մթնոլորտային շրջանառությունը և օդի հոսքերը մեծապես ազդում են տարածքի կլիմայի վրա։ Բարձրությանը զուգահեռ տեղումներն ավելանում են։ Ստորին լեռնային գոտում տարեկան տեղումների միջին մակարդակը 500մմ է, իսկ բարձր լեռնային գոտում այն հասնում է 850մմ-ի։ Առավելագույն տեղումները լինում են գարնանը, (տարեկան միջին տեղումների 35%-ը), իսկ նվազագույն տեղումները՝ ձմռանը (12%)։ Բարձր լեռնային գոտում, որտեղ ձյունածածկ շրջանը տևում է մոտ 270 օր, ձյան խորությունը գերազանցում է 70 սմ-ը։ Ստորին լեռնային գոտում ոչ բոլոր տարիներին է առաջանում ձնածածկույթ։ Ստորին լեռնային գոտում միջին ջերմաստիճանը հունվարին 0-2.5 աստիճան է, իսկ հուլիսին այն հասնում է մինչև 21 աստիճանի։ Միջին լեռնային գոտում միջին ջերմաստիճանը հունվարին 10-13 աստիճան է, իսկ օգոստոսին՝ մինչև 15 աստիճան։    Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 35 աստիճան է, իսկ բացարձակ նվազագույնը՝ -26: Անսառնամանիք շրջանը տևում է 200-210 օր։

Հիդրոլոգիան

   ԴԱՊ-ի գետերը պատկանում են Կուր գետի ավազանին։ Գետերն ու գետակները տիպիկ լեռնային են, սնվում են ձնհալից և անձրևաջրերից, ինչպես նաև բազմաթիվ ստորերկրյա աղբյուրներից։ Գետերի հիմնական ուղղությունը հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք է։ Գետերի մեծ մասը սակավաջուր են, հեղեղները հիմնականում տեղի են ունենում գարնանը՝ առաջացնելով սելավներ։ Այս գետերը բնութագրվում են բարձր անկմամբ և թեքություններով, արագ հոսքով, քարի և ավազի բարձր պարունակությամբ, ինչպես նաև լեռնային գետերին բնորոշ ջրվեժներով և սահանքներով։ Աղստևը պարկի տարածքով անցնող հիմնական գետն է, որը սկիզբ է առնում Փամբակի հյուսիսային լանջերից /Թեժ լեռ, 3101մ/: Գետի երկարությունը 121 կմ է, ավազանի մակերեսը՝ 2500 քառակուսի կիլոմետր, իսկ տարեկան հոսքը՝ 256 մլն խորանարդ մետր։ Աղստևի հիմնական վտակը Գետիկն է, իսկ Հովվաջուր, Շտողանաջուր, Հաղարծին և Բլդան գետակները փոքր վտակներ են։  Գետիկ գետը (58 կմ երկարությամբ և 586 քառակուսի կիլոմետր ավազանով) սկիզբ է առնում Սևանի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից՝ 2620մ բարձրությունից, հոսելով Արեգունու և Միափորի միջլեռնային հովտով։ Այն աջ կողմից թափվում է Աղստև գետը՝ Հաղարծին գյուղից 5 կմ ներքև, Աղստևի գետաբերանից 63 կմ հեռավորության վրա։ ԴԱՊ-ը հայտնի է իր հանքային աղբյուրներով։ Հատկանշական են Թթուջուրը (Գետիկ գետի հովտում), Մարգահովիտը (հարուստ է երկաթով), Ֆիոլետովոն (հարուստ է ածխածնով և կալցիումով) և Բլդանի աղբյուրները (որոնք հայտնի են «Դիլիջան» բրենդավորմամբ)։

Պարկը հայտնի է նաև իր լճակներով, որոնցից ամենամեծն ու ամենահայտնին Արեգունի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին՝ 1400մ բարձրության  վրա  գտնվող  Պարզ լիճն  է, որն ընկած է Դիլիջան քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք։ Պարզ լիճը զբաղեցնում է 2 հա մակերես, երկարությունը 250մ է, լայնությունը՝ 70մ, միջին խորությունը՝ 6մ, ջրի ծավալը՝ 83,8 հազ. մ3, իսկ ջրհավաք ավազանը՝ 1,52 կմ2։ Հաջորդը՝ Գոշալիճն է (Տզրկա), որը գտնվում է Պարզ լճից արևելք՝ ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա։ Այն ունի 56մ երկարություն և 270մ լայնություն, մակերեսը 1,53 հա է, ջրբաժան հատվածի մակերեսը՝ 1,34 կմ2 է, իսկ միջին խորությունը՝ 6մ ։ Պարկում կան նաև մի քանի փոքրիկ լճակեր։    Ամենաբարձր կետը Բովաքար լեռն է՝ 3016մ: Հարավարևմտյան հատվածում պարկը շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի լեռնաբազուկներով։ Փամբակի լեռնաշղթայի քարեգրությունը ներկայացնում են էոցենային դարաշրջանի, հրաբխա-նստվածքային ապարները։ Այն առանձնանում է լանջերի մեղմ թեքություններով և քիչ անհարթություններով։ Լեռնաշղթայի գագաթները գմբեթաձև են։ Կենտրոնական մասը համեմատաբար բարձր է (Թեժ լեռ՝ 3101մ) և բնորոշվում է մասնատվածության բարձր մակարդակով։ Լեռնաշղթայի այս հատվածներում (հատկապես Դիլիջանում) սողանքները շատ տարածված են։

Կենսաբազմազանությունը

Բուսական աշխարհ

   «Դիլիջան» ազգային պարկի բուսականության հիմնական տիպն անտառայինն է: Այստեղ հիմնականում գերակշռում են լայնատերև տերևաթափ ծառատեսակները` հաճարենի արևելյան (Fagus orientalis), կաղնի վրացական (Quercus iberica), կաղնի արևելյան (Q. macranthera), բոխի սովորական (Carpinus betulus), բոխի արևելյան կամ ղաժի (C. orientalis): Հաճարենու, կաղնու և կաղնու-բոխու անտառները զբաղեցնում են ծովի մակարդակից 1000-2000մ բարձրության լեռնալանջերը։ Սովորաբար կաղնի վրացական և կաղնի արևելյան տեսակները, ինչպես նաև  հաճարենի արևելյան տեսակը կազմում են միատար համակեցություններ (հաճարենու անտառները հյուսիսային, իսկ կաղնու անտառները՝ հարավային լանջերին)։ «Դիլիջան» ազգային պարկի անտառները շատ հարուստ են վայրի պտղատու-հատապտղատուներով՝ տանձենի կովկասյան (Pyrus caucasica), խնձորենի արևելյան (Malus orientalis), սալորենի չռված (Prunus divaricata), սալորենի փշոտ կամ մամխենի (P. spinosa), հոնի սովորական (Cornus mas), զկեռ սովորական (Mespilus germanica), կոկռոշենի թեքված (Grossularia reclinata), ինչպես նաև սզնի (Crataegus), հաղարջենի (Ribes), մոշենի (Rubus) ցեղերի տեսակները։ Մշտադալար փշատերև անտառները բավական սփռված են ազգային պարկում, սակայն մեծ տարածքներ չեն զբաղեցնում։ Այս համակեցություններում գերակշռող տեսակներից է Կոխի սոճին (Pinus kochiana), որը երբեմն կազմում է շատ խիտ ծառուտներ:Գիհու նոսրանտառները սովորաբար հանդիպում են անտառային բուսականության վերին սահմանի մոտ (1800-2000մ):Կենին (Taxus baccata) բավական հաճախ է հանդիպում ազգային պարկի տարածքում` սովորաբար առանձնյակների տեսքով։ Աղավնավանք գյուղի մոտ պահպանվում է կենու բավական մեծ պուրակը։ Այստեղ լեռնային փոքր գետակի առաջին և երկրորդ դարավանդներում աճում են կենու բազմաթիվ ծառեր (300-400 տարեկան, մինչև 25 մ բարձրության և 75-80 սմ բնի տրամագծով)։

Անոթավոր բույսերից «Դիլիջան» ազգային պարկի տարածքում աճում են 97 ընտանիքի 441 ցեղի շուրջ 1150 տեսակի, որոնցից 17-ը ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում (9-ը՝ վտանգված (EN), 5-ը՝ խոցելի (VU), իսկ 3-ը՝ անհետացման եզրին գտնվող (NT) կարգավիճակով):14 տեսակ էնդեմներ են, որոնցից 7-ը՝ Հայաստանի, 3-ը՝ Կովկասի, 4-ը՝ Անդրկովկասի։ 14 տեսակ էնդեմներ են, որոնցից 7-ը՝ Հայաստանի, 3-ը՝ Կովկասի, 4-ը՝ Անդրկովկասի։

Ըստ ուսումնասիրությունների ազգային պարկի տարածքում և շրջակայքում հայտնաբերվել են 480 մակրոսկոպիկ սնկերի տեսակներ և ենթատեսակներ, որոնցից 320-ը ագարիկալ տեսակներ են, 124-ը՝ աֆիլոֆորայիններ (aphyllophorales) և 36-ը՝ գաստերոմիցենտներ (gasteromycetes)։

      Կենդանական աշխարհ

   Ընդհանուր առմամբ, ազգային ներառում է բազմաթիվ տարրեր, որոնք բնորոշ են այնպիսի լանդշաֆտներին, ինչպիսիք են տափաստանները, մարգագետինները, ժայռերը, խոնավ տարածքները և այլն։ Այս փաստը բացատրվում է ԴԱՊ-ի տարբեր հատվածներում բազմազան էկոհամակարգերի առկայությամբ։ Անողնաշարավորներից պարկի կենդանական աշխարհը կարելի է բնութագրել որպես լեռնանտառային, թեև այն Ազգային պարկի տարածքում հանդիպում են բզեզների (Coleoptera) 512 տեսակ, որոնք պատկանում են 44 ընտանիքների 296 ցեղերին։

Ողնաշարավորներից Ազգային պարկի տարածքում հանդիպում են 286 տեսակի կենդանատեսակներ, որոնցից 53-ը ընդգրկված են Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում և 17-ը՝ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։ Ձկներից «Դիլիջան» ազգային պարկի գետերում և լճերում բնակվում է 15 ձկնատեսակ։Սողուններից հանդիպում են 1 տեսակի կրիա, 12 տեսակի մողեսներ և 9 տեսակի օձեր, որոնք կենսակերպով կապված են անտառային բիոտոպների հետ։

Թռչուններից «Դիլիջան» ազգային պարկում հանդիպում է շուրջ 190 տեսակ, որոնցից 130-ն այստեղ բնադրում են։ Թռչունների 36 տեսակը գրանցված են Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում, որոնցից 11-ը ընդգրկված են նաև Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր ցուցակում։ Ազգային պարկի տարածքում ներկայումս հայտնի են 55 տեսակի կաթնասուններ, որոնցից 9-ը գրանցված են Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում, 3-ը՝ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Պատմամշակույթային հուշարձաններ

Դիլիջանն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն։ Ամենանշանակալից մշակութային հուշարձաններն են Հաղարծնի վանքը (10-րդ 13-րդ դդ.), Գոշավանքը (12-13-րդ դդ.), Ջուխտակ վանքեը (11-րդ 13-րդ դդ.), Մաթոսավանքը (10-13-րդ դդ.), Աղավնավանքի եկեղեցին (11-րդ դ.): 1970-ականներին իրականացված հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ սկսել են ապրել Դիլիջան քաղաքի տարածքում բրոնզե դարի վերջերին և երկաթե դարի սկզբներին։ Գոլովինոյի և Պապանինոյի նախապատմական դամբարանների պեղումների ժամանակ հայտնաբերվել են գրեթե երեք հազար տարեկան բրոնզե իրեր, այդ թվում, զենք ու զրահ, դաշույններ, կուժեր, օղեր և այլն։ Այս բոլոր իրերը կարելի է տեսնել Դիլիջանի թանգարանում կամ Էրմիտաժի թանգարանում։ Դիլիջանում, ինչպես ամբողջ Հայաստանում, կան բազմաթիվ խաչքարեր՝ բացառիկ նրբաքանդակներով։ Վարպետ Պողոսի խաչքարը (1291), որը մշակվել է առանձնահատուկ հմտությամբ, գտնվում է Գոշավանքում։ 97 Քաղաքի մասին հիշատակումներ արվել են 19-րդ դարի առաջին կեսի տարբեր փաստաթղթերում, երբ Դիլիջանը սկսեց զարգանալ որպես առողջարանային կենտրոն՝ գրավելով թոքերի հիվանդություններով տառապող մարդկանց։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին սկսեցին զարգանալ արհեստները, ինչպիսիք են դարբնագործությունը, գորգագործությունը, փայտի գեղարվեստական փորագրությունը և այլն։ Դիլիջանի գորգերը բավականին հայտնի են Հայաստանում։ Դիլիջանի թանգարանի հավաքածուներում կան գորգերի և կարպետների տարբեր հետաքրքիր նմուշներ ։ ԴԱՊ-ի տարածքում կան ավելի քան 220 պատմական, հնագիտական և մշակութային վայրեր։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլիջան ազգային պարկ» հոդվածին։
Հայաստանի ազգային պարկեր

Դիլիջանի  • Սևանի  • Արփի լճի  • Արևիքի

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 386