Տեգախաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դարթսից)
Տեգախաղի թիրախը

Տեգախաղ, դարթս (անգլ.՝ darts — նետեր, տեգեր), մի շարք առնչվող խաղեր, որի խաղացողներն նետում տեգերը շրջանաձև պատից կախված թիրախին։ Եթե նախկինում օգտագործվել են տարբեր թիրախներ և կանոններ, ապա այժմ ազրույթը սովորաբար վերաբերում է տեգախաղ ստանդարտացված խաղ որոշակի նախագծված թիրախներով և կանոններով։

Խաղը ծնունդ է առել դարեր առաջ, բրիտանական կղզիներում։ Մինչև հիմա տեգախաղը ավանդական խաղ է, որը խաղում են Միացյալ Թագավորության, Նիդեռլանդների, Սկանդինավիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների փաբերում։ Բացի այդ, նշված երկրներում տեգախաղ խաղում են պրոֆեսիոնալ մակարդակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելներից մեկում ասվում է, որ ամպամած մի օր գարեջրատներից մեկում որսորդներն առաջիկա արշավի համար նախապատրաստում էին իրենց նետերն ու աղեղները։ Նրանցից մեկը փորձում էր նետի փայտաձողի դիմացկունությունը, իսկ երբ նետերից մեկն այնուամենայնիվ կոտրվեց, որսորդը կիսված փայտաձողի կտորին հարմարեցրեց մի «պոչ» և նետեց պատից կախված ցուլի մորթու ուղղությամբ։ Դա առաջին քայլն էր դեպի հետագայում մեծ ժողովրդականություն ձեռք բերած զբաղմունքը։ Որոշ ժամանակ անց կաճացված նետերի արձակումը մրցության բնույթ ընդունեց։ Այնուհետև սկսեցին մշակվել խաղի կանոնները։

Մեկ այլ առասպելում ասվում է, որ Անգլիայի թագավորներից մեկի կինը հիվանդության պատճառով ի վիճակի չէր մասնակցելու արքայական որսարշավին։ Այնժամ նրա ամուսինն առաջարկեց այլընտրանք՝ կարճացված նետերն արձակել ցուլի մորթու վրա։

Թե այս առասպելներից որն է մոտ իրականությանը, ոչ ոք չգիտի, սակայն ստույգ հայտնի է, որ խաղի սկզբնական կանոններն զգալիորեն տարբերվում էին այսօր գործողներից։ Նախ՝ հատուկ տեգերի փոխարեն օգտագործվում էին հատուկ կարճացված նիզակներ, երկրորդ՝ մեզ համար սովորական թիրախի այսօրվա տեսքը ձևավորվել է միայն XX դարի սկզբին։ Մինչ այդ Անգլիայի տարբեր անկյուններում խաղում էին իրենց սեփական կանոններով։ XX դարի սկզբում տեգախաղը վերջնականապես լքեց մառախլապատ Ալբիոնի սահմանները և սկսեց նվաճել աշխարհամասային Եվրոպան և Ամերիկան։

Տեգախաղի զարգացմանը շատ օգնեց ամերիկացիների հայտնագործած էլեկտրոնային տեգախաղ-ապարատը, որը խաղը դարձրեց բացարձակ անվտանգ և խաղացողներին ազատեց վաստակած միավորների քանակը թղթի վրա գրանցելու կամ այդ թվերը մտքում պահելու անհրաժեշտությունից։ Ավելին, ներկառուցված համակարգիչն արագ հաշվարկում է միավորները, և դա հնարավոր է դարձնում մշակելու բարդ հաշվարկներով նորանոր խաղեր։ Բացի այդ էլեկտրոնային տեգախաղի ստեղծումը թույլ տվեց այդ սարքավորումները միավորել համացանցում և զգալիորեն ընդլայնել մրցումներն անղկացնելու աշխարհագրությունը։

Տեգախաղի թիրախը մոտ կես մետր տրամագծով շրջան է, որը բաժանված է դեպի կենտրոն նեղացող 20 հատվածի։ Թիրախի բուն կենտրոնը կոչվում է bull (անգլերեն՝ «ցուլ»), որի խոցումը բերում է 50 միավոր, իսկ «ցուլի աչքը» երիզող օղակի խոցումը՝ 25 միավոր։ Շրջանի յուրաքանչյուր հատվածի դիմաց նշված է նրա անվանական արժեքը։ «Ամենաթանկ» հատվածը «20»-ն է, որը զետեղված է ուղղահայաց, «ամենաէժանը»` 1-ը։ Հարկ է նշել, որ այդ խաղում «շահութաբեր» հատվածները գտնվում են «սակավ շահութաբերների» հարևանությամբ։

Ուշագրավ է, որ խոցելու համար կենտրոնը թիրախի ամենալավ հատվածը չէ։ Բանն այն է, որ կան նաև կրկնապատկման և եռապատկման գծեր։ Հետևաբար, խոցելով «20» հատվածի եռապատկման գիծը, խաղացողը ստանում է 60 միավոր, այն դեպքում, երբ կենտրոնի խոցումը բերում է ընդամենը 50 միավոր։

Տեգախաղը մրցութային խաղ է։ Կարելի է խաղալ ինչպես միայնակ՝ ինքդ քեզ հետ, այնպես էլ զույգով և նույնիսկ թիմերով։ Խաղացողները հերթով մոտենում են նետման նշագծին (հեռավորություն՝ 2.73 մետր, բարձրություն՝1.73 մետր)՝ կատարելով նետումների շարք (երեք տեգի նետումը կոչվում է մոտեցում)։ Մեկ մոտեցման ընթացքում առավելագույն միավորների քանակը 180 միավոր է, եթե երեք անգամ խոցվել է «20»-ի եռապատկման գիծը։

Խաղն սկսվում է դեպի թիրախի կենտրոնը կատարվող խոցումներով, որոնցով էլ որոշվում է, թե ով է սկսելու խաղը։ Եթե խաղացողներից ոչ մեկը չի ընկնում bull-ը, հաղթող է համարվում նա, ում տեգն ավելի մոտ է կենտրոնին։