Դատարկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետրոյի կայարանի դատարկությունը ակտիվ ժամերի մարդկային շարժից հետո, կարող է խորհրդանշել դեպրեսիայից առաջացած դատարկության և մեկուսացման զգացումը:

Դատարկություն, ունայնություն որպես մարդկային հոգեվիճակ՝ ընդհանուր ձանձրույթի, հասարակական մեկուսացման և ապատիայի զգացումը։ Դատարկության զգացումը հաճախ ուղեկցվում է դիսթիմիայով[1], դեպրեսիայով, մենակության, հուսահատության զգացումներով կամ այլ հոգեկան/զգայական խանգարումներով՝ շիզոիդ անձնային խանգարում, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ, շիզոտիպիկ անձնային խանգարում և սահմանային անձնային խանգարում։ Դատարկության զգացումը նաև սգի մի մասն է, որը լինում է սիրելի կամ մոտիկ մարդու մահվան կամ այլ կարևոր փոփոխություններից հետո։ «Դատարկություն» բառի նշանակությունը, սակայն, կախված է կոնտեքստից, մշակութային կամ կրոնական ավանդույթներից[2]։

Քրիստոնեությունը և արևմտյան հոգեբանները և սոցիոլոգները դատարկության զգացումը դիտարկում են որպես բացասական երևույթ, որոշ արևելյան փիլիսոփայական ուղղություններ, սակայն, օրինակ՝ բուդդիզմը և դաոսականությունը, դատարկությունը (շունյատան՝ Śūnyatā) դիտարկում են որպես ձեռքբերում։

Արևմտյան մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիոլոգիա, փիլիսոփայություն և հոգեբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան փիլիսոփայության մեջ դատարկությունը դիտարկվում է որպես բացասական հոգեվիճակ։ Հոգեբան Կլիվ Հեզելը դատարկության զգացումը կապում է ընտանեկան խնդիրների, վատ հարաբերությունների և վատ վերաբերմունքի հետ[3]։ Նա պնդում է, որ դատարկության զգացում ունեցող մարդկանց մեծ մասը, իրենց զգայական ցավի պատճառով կարող են թմրամոլ դառնալ կամ ցուցաբերել ագրեսիվ վարք, բռնություն։ Սոցիոլոգիայում դատարկության զգացումը ասոցացվում է անձի հասարակական օտարացման հետ։ Օտարացման այս զգացումը կարող է ճնշվել աշխատանքի ընթացքում, բայց ազատ ժամերին կամ հանգստյան օրերին այդ մարդիկ կարող են զգալ էքզիստենցիալ վակուում կամ դատարկություն[4]։

Քաղաքական փիլիսոփայության մեջ դատարկությունը ասոցացվում է նիհիլիզմի հետ։ Գրական քննադատ Ջորջ Լուկասը պնդում է, որ «կապիտալիզմը տանում է մարդու բարոյական և հոգեկան դատարկությանը, այն դեպքում, երբ կոմունիզմը բերում է իմաստալից կյանք»[5]։

Դատարկության գաղափարը կարևոր է որոշ էքզիստենցիալ փիլիսոփայական և կրոնական ուղղությունների համար[2]։ Էքզիստենցիալիզմը համարում է, որ մարդու օտարացման և դատարկության զգացումը գալիս է մարդու հիմնարար մենակությունը և անտարբեր տիեզերքի ճանաչումից և ընդունումից[6]։ Ըստ էքզիստենցիալիստների մարդը աստծուց, այլ մարդկանցից և ինքն իրենից օտարացման մեջ է ապրում։ Խմբավորվելով հսկա քաղաքներում, աշխատելով ամեն օր, զվարճանալով հասարակական մեդիայով, մարդն ապրում է «մակերեսային կյանք», որի պատճառով նույնիսկ այն մարդիկ, որ ամեն ինչ ունեն, զգում են դատարկություն, օտարություն[7]։

Այն մշակույթներում, որտեղ դատարկության զգացումը դիտվում է բացասաբար, այն ասոցացվում է դեպրեսիայի հետ։

Գեղարվեստական գրականություն, կինո և դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հեղինակներ են անդրադարձել դատարկությանը։ Դատարկության գաղափարը կարևոր էր 19-20-րդ դարերի եվրոպական երևակայական գրականության համար[2]։ Ֆրանց Կաֆկան պատկերել է տարօրինակ աշխարհի դատարկությունը իր «Դատավարություն» գրքում, ֆրանսիացի հեղինակներ Ժան Պոլ Սարտրը («Սրտխառնոց»), Ալբեր Կամյուն («Օտարը») նկարագրել են առանց իմաստի կամ պատճառի աշխարհը։ Էքզիստենցիալիզմից ազդված Թոմաս Սթեռնս Էլիոթը իր «Ալֆրեդ Պրուֆրոքի սիրո երգը» բանաստեղծության մեջ նկարագրում է մի «հակահերոս կամ օտարացած հոգի, ով փախչում է իր գոյության դատարկությունից»։ Պրոֆեսոր Գորդոն Բիգելովը պնդում, որ էքզիստենցիալ դատարկությունը ընդհանուր է 20-րդ դարի գրականության համար, նա Էլիոթի թվին է դասում նաև Էռնեստ Հեմինգուեյին, Ֆոլքներին, Ստեյնբեքին և Անդերսենին[7]։

Արևելյան մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդդիզմում դատարկություն տերմինը (սանսկրիտ՝ śūnyatā) նկարագրում է այն գաղափարը, որ ամեն ինչ կախյալ է ստեղծվում, այդ թվում՝ պատճառներն ու պայմանները, նույնիսկ պատճառականության սկզբունքն ինքը։ Սա նիհիլիզմ չէ և ոչ էլ մեդիտացիա ոչնչի թեմայով[8]։

Հարցազրույցներից մեկի ժամանակ Դալայ Լաման ասում է, որ «դատարկության գիտակցման կամ լուսավոր մտքի ուժեղացման համար» կարելի է օգտագործել տատրիկ մեդիտացիան[9]։ Բուդդիստական փիլիսոփայության մեջ գոյության դատարկության գիտակցումը տառապանքը հաղթահարելու և նիրվանային հասնելու կարևոր մասերից մեկն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Downs, A. The Half-Empty Heart: A supportive guide to breaking free from chronic discontent. (2004)
  2. 2,0 2,1 2,2 «emptiness (mysticism), Britannica Online Encyclopedia». Britannica.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  3. Paul L. Adams, Ivan Fras, "Beginning Child Psychiatry", page 208.
  4. «Existentialism A Brief Overview» (PDF). Mind NC. 2012 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  5. We Didn't Start the Fire: Capitalism and Its Critics, Then and Now.
  6. «Existentialism». Personal.georgiasouthern.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  7. 7,0 7,1 «A Primer of Existentialism». iClass Zone.
  8. Interview on Emptiness by Lama Zopa Rinpoche.
  9. A Survey of the Paths of Tibetan Buddhism with His Holiness the Dalai Lama. Available at: http://www.lamayeshe.com/otherteachers/hhdl/survey.shtml

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Moss, Robert. Understanding Emptiness: The Think/Feel Conflict. R. A. Moss, 1993. ISBN 0-9638848-0-8
  • Sanders, Catherine. How to Survive the Loss of a Child: Filling the Emptiness and Rebuilding Your Life. Three Rivers Press, 1998. ISBN 0-7615-1289-6