Դառնուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դառնուկ
Դառնուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Ոսկրային ձկներ
Կարգ Ծածանանմաններ
Ընտանիք Ծածաններ
Ցեղ Դառնուկ
Տեսակ Սովորական դառնուկ
Լատիներեն անվանում
Rhodeus sericeus
(Pallas, 1776)

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 163607
NCBI 58327


Դառնուկ (լատ.՝ Rhodeus sericeus), ծածանաձկների ընտանիքի ձուկ։ ՀՀ ջրամբարներում հայտնաբերվել և նկարագրվել Է 1996-ին։ Հանդիպում է Արաքս, Հրազդան, Մեծամոր գետերում և նրանց հարող ջրանցքներում։ Մանր ձուկ է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինը լայն է՝ կողքերից սեղմված, երկարությունը՝ 4-5 (երբեմն՝ մինչև 8) սմ, զանգվածը՝ 6 գ և ավելի։ Արուները սովորաբար էգերից խոշոր են։ Բերանը փոքր է, գտնվում է դնչի ծայրին։ Թեփուկները խոշոր են, 1 երկայնական շարքում՝ 30-38 հատ։ Կողագիծն արտահայտվում է միայն առաջին 1-7 թեփուկների վրա կամ ընդհանրապես բացակայում է։ Կլանային ատամները միաշարք են, յուրաքանչյուր կողմում՝ 5-ական։ Պոչային լողակը մկրատաձև, է, մեջքային լողակը՝ 12-13-ճառագայթանի, հետնալողակը՝ 11-13։ Մեջքը մոխրականաչավունից սև. է, կողքերը՝ արծաթափայլ, փորիկը՝ սպիտակ։

Մարմնի միջին մասից մինչև պոչային լողակի հիմքը ձգվում է սև՝ կանաչավուն նրբերանգով նեղ շերտ։ Լողակները բաց մոխրագույն են։ Աչքի ծիածանաթաղանթը դեղին է, վերին մասում՝ կարմիր։ Հարսանեկան շրջանում արուների մարմնի գունավորումը հիմնովին փոխվում է. կողքերը ձեռք են բերում ծիածանային գունավորում՝ վարդագույն, երկնագույն և կանաչ նրբերանգներով, մեջքային լողակը և հետնալողակը մոխրագույնից վերածվում են վառ կարմրի, բերանի անկյունային մասերում հայտնվում է սպիտակավուն մաշկային ցան։ Էգերի գունավորումն այդ ընթացքում չի փոխվում, նրանց մոտ հայտնվում է երկար ձվադիր, որը կարող է հասնել մարմնի երկարությանը։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Սեռահասուն է դառնում 1 տարեկանում։ Բազմանում է գարնանից մինչև աշնան սկիզբը։ Յուրաքանչյուր առանձնյակ կարող Է ձվադրել մինչև 9 անգամ՝ որոշակի ընդմիջումներով և փոքր քանակներով։ Ընդհանուր բեղունությունը հասնում է մինչև 600 ձկնկիթի։ Երկարավուն ձվադիրի օգնությամբ էգերը դեղնավուն ձկնկիթը դնում են երկփեղկանի փափկամարմինների՝ անատամիկների սիֆոնի մեջ, որտեղ և կատարվում է նրա բեղմնավորումը։ Ձկնկիթի զարգացումը, մանրաձկների կյանքի առաջին փուլերն ընթանում են փափկամարմնի թիկնոցային խոռոչում։ Հասնելով մոտ 1 սմ երկարության՝ երիտասարդ ձկները թողնում են իրենց ապաստարանը և սկսում ինքնուրույն կյանք վարել։ Բնակվում է վտառներով՝ գետերի և ջրանցքների դանդաղահոս և բույսերով հարուստ տեղամասերում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է բույսերով, ինչպես նաև մանր անողնաշարավորներով՝ միջատներով և նրանց թրթուրներով, ստորակարգ խեցգետնակերպներով, որդերով։

Տնտեսական նշանակություն[խմբագրել]

Արդյունաբերական նշանակություն չունի։ Կարող է որոշակի վնաս հասցնել՝ սնվելով արժեքավոր ձկնատեսակների (ծածան, հաջամ, ճանար, կողակ) ձկնկիթներով և թրթուրներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png