Դաշանց թուղթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դաշանց թուղթ (դաշինք)ից)

Դաշանց թուղթ՝ Հայոց թագավոր Տրդատ Գ-ի և Հռոմի Կոստանդինոս կայսեր միջև կնքված դաշինքը ըստ անվավեր մի գրության։ Նման դաշինք իրոք եղել է, բայց «Դաշանց թուղթ»-ի կազմողը, որը ապրել է 12-13-րդ դարերում և նպատակ ուներ հիմնավորել կիլիկահայ վերնախավի եվրոպական կողմնորոշումը, այն ձնափոխել է ըստ ժամանակի պահանջների։ Համաձայն «Դաշանց թուղթ»֊-ի, Տրդատ Գ և Գրիգոր Լուսավորիչը մեկնել են Հռոմ, Սեբեստրոս պապը Հայոց եպիսկոպոսապետ է ճանաչել Գրիգոր Ա Լուսավորիչին, սահմանել Վրաց ու Աղվանից եկեղեցապետների, ինչպես և Երուսաղեմի, Անտիոքի ու Ալեքսանդրիայի պատրիարքների ձեռնադրությունը Հայոց հովվապետից։ Կայսրը թագադրել է Տրդատին և շնորհել Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմի իշխանությունը, որի դիմաց Հայոց թագավորը նրան տրամադրել է թիկնազոր։ Կոստանդինոսն իբր գուշակել է հայ Արշակունիների անկումը, հայերի գերեվարումը, ապա ազատագրումը՝ իր հաջորդների ջանքերով։ Սահմանվել է նաև ապագա՝ ազատագրված Հայաստանի հասարակական-քաղաքական կարգը (եկեղեցին, հոգևորականությունը ապահարկ են, հայերը՝ ազատ գլխահարկից ևն)։ «Դաշանց թուղթ» մտել է Ագաթանգեղոսի պատմության ձեռագիր օրինակների մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 284