Դանիայի քաղաքական կառուցվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիայի թագուհի Մարգրետե II-ը

Դանիայի քաղաքականությունն իրականացվում է խորհրդարանական համակարգի և ներկայացուցչական ժողովրդավարության շրջանակներում։ Դանիայի թագավորությունը սահմանադրական միապետություն է, որտեղ միապետը՝ այժմ թագուհին Մարգրետե II-ը պետության ղեկավարն է։ Գործադիր իշխանությունն իրականացվում է կառավարության (regeringen) միջոցով, որը ղեկավարում է վարչապետը, ով համարվում է երկրի առաջին դեմքը։ Օրենսդիր իշխանությունն իրականացնում է ֆոլկետինգը՝ միապալատ խորհրդարանը։ Դատական իշխանությունը անկախ է գործում, պաշտոնապես նշանակվում է միապետի կողմից և աշխատում է մինչև թոշակի անցնելը։

Դանիան բազմակուսակցական պետություն է։ Ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չի կազմել ֆոլկետինգում 20-րդ դարից սկսած [1] և ոչ մի կուսակցություն միայնակ կառավարություն չի կազմել սկսած 1982 թվականից։ Քանի որ միայն 4 հետպատերազմյան կոալիցիոն կառավարություններ են մեծամասնություն կազմել, շատ քիչ օրինագծեր են դառնում օրենքներ առանց ընդդիմադիր կուսակցությունների հետ քննարկման։ Ֆոլկետինգը ավելի հզոր է այստեղ քան օրենսդիր մարմինները ԵՄ այլ երկրներում։ Սահմանադրությունը իրավունք չի ընձեռում դատական իշխանությանը վերանայել օրենսդրությունը, թեև դատարանները դա իրականացնում են իշխանության մյուս ճյուղերի հետ համաձայնեցնելով։ Քանի որ չկան սահմանադրական և վարչական դատարաններ, գերագույն դատարանն է զբաղվում սահմանադրական հարցերով։

Իշխանությունների թափանցիկությունը և հաշվետվողականությունը արտահայտվում է հասարակության գոհունակությամբ իշխող մարմինների նկատմամբ․ ըստ միջազգային կազմակերպությունների՝ Դանիան նաև համարվում է աշխարհի ամենաքիչ կոռումպացված պետություններից մեկը։ [2]

Բազմաթիվ հարցերի լուծման համար քաղաքական կուսակցություններն ըտրել են համագործակցության ճանապարհը, և սոցիալական պետության դանիական մոդելը ստանում է խորհրդարանի աջակցությունը։ Սա թույլ է տալիս կենտրոնանալ հասարակական ոլորտի արդյունավետության վրա, ինչպես նաև տարածաշրջանային և քաղաքային մակարդակներում տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել]