Դանիական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դանիական թատրոնը ծագել է միջնադարյան եկեղեցիներում կատարվող Զատիկի և Հայտնության տոնի ծիսակատարություններից։ Կրոնական դրամաները, ինչպես նաև ֆարսերը, որոնք խաղում էին գերմանացի դերասանները, ի հայտ եկան 15-րդ դարում։ Թեև եկեղեցական դրամաներն արգելվեցին Բարեփոխումների ժամանակ, սակայն դպրոցներում և այլ կրթական հաստատություններում շարունակվում էին բեմադրվել լատինական կատակերգություններ, ինչպես նաև ժամանակակից այլ ժանրեր (աստվածաշնչյան «Սյուզաննա» (1576))։

Թատրոնը 16-17-րդ դարերում[խմբագրել]

Լյուդվիգ Հոլբերգ

16-17-րդ դարերում միապետները կազմակերպում էին շքեղ փառատոներ՝ իտալական մոտիվներով, այլաբանական շքերթներով։ Թատրոնի զարգացմանը հատկապես նպաստում էին Քրիստիան IV (թագ. 1596-1648) և Ֆրեդերիկ III (թագ. 1648-1670) արքաները։

Օտարերկրյա ազդեցությունը շարունակվեց նաև 1662 թվականին, երբ դանիացի մի վաճառական արտոնագիր ձեռք բերեց կառուցելու Կոպենհագենի առաջին հասարակական թատրոնը (1663-1666), որը սակայն երկար չգործեց։ Դանիայի առաջին օպերային տունը բացվեց 1703 թվականին։ Այդ ժամանակ պալատում հանդես էին գալիս ֆրանսիական թատերախմբեր, որոնց մեջ էր նաև Ռենե Մագնոն դե Մոնտեգուն, ում հայրը ճանաչում էր Մոլիերին։ 1722 թվականին Մոնտեգուի թատերախումբը տեղափոխվեց մեկ այլ թատրոն և շուտով թույլտվություն ձեռք բերեց բեմադրելու դանիերեն ներկայացումներ՝ Մոլիերի «Ժլատը», նորվեգիացի Լյուդվիգ Հոլբերգի 32 կատակերգություններից «Պղնձագործ քաղաքական գործիչը»։ Թատերախումբն ընդմիջումներով գործեց մինչև 1728 թվականը, երբ մեծ կոպենհագենյան հրդեհը, ինչպես նաև 1730 թվականին գահ եկած բարեպաշտ արքա Քրիստիան VI վերջ դրեցին թատերական գործունեությանը Դանիայում։ Նրա ժառանգորդ Ֆրեդերիկ V աջակցում էր թատրոնների վերածնմանը. պալատում գործում էր օպերային թատերախումբ, քաղաքում՝ ֆրանսիական և գերմանական թատերախմբեր և Դանիական թատերախումբը՝ Հոլբերգի ղեկավարությամբ, որը 1748 թվականից հանդես էր գալիս Արքայական թատրոնում։ Խաղացանկում ընդգրկված էին Մոլիերի և Հոլբերգի կողմից գրված կատակերգություններ՝ որտեղ հանդես էին գալիս այնպիսի տաղանդաշատ դերասաններ, ինչպիսին էր Գերտ Լոնդեմանը։ 1770-ական թվականներին փորձեցին թատրոն ներմուծել ողբերգությունը։ 1800-ական թվականներին ողբերգությունները, հուզական դրամաները և Յոհան Էվալդի լուրջ երաժշտական դրամաները մեծ հաջողություն էին վայելում։ Շեքսպիրի պիեսներից առաջինը բեմադրվեց «Համլետ»1792 թվականին։

18-րդ դարի վերջին տասնամյակներում հասուն դրամատիկական ակումբներ բացեցին մի շարք թատրոններ։ Կոպենհագենում գործում էին մի քանի, իսկ կարևոր պրովինցիաներում՝ գոնե մեկ թատրոն։ 1800-ական թվականներին այդ պրովինցիալական թատրոններն աստիճանաբար զարգացան և վերափոխվեցին պրոֆեսիոնալ շրջիկ թատերախմբերի։

Թատրոնը 19-րդ դարում[խմբագրել]

Արքայական թատրոնը Դանիայում

19-րդ դարի կեսերին Արքայական թատրոնը բարձր գնահատանքի արժանացավ՝ գտնվելով Յոհան Լյուվիգ Հեյբերգի և նրա դերասանուհի կնոջ հովանու ներքո։ Հեյբերգները խթանում էին Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի՝ դասական գեղեցկության մասին գաղափարը և ֆրանսիական բուլվարային կատակերգության բարեկրթությունը։ Նրանք հանեցին Ավգուստ ֆոն Կոցեբուի պիեսները՝ դրանք փոխարինելով Էժեն Սկրիբի, Հեյբերգի վոդևիլներով և Հենրիկ Հերցի հուզական դրամաներով։ 1850-ական թվականներին Հեյբերգները կանգ առան առաջադիմական խաղացանկ ստեղծելու պահանջարկի առաջ։ 1874 թվականին Արքայան թատրոնը տեղափոխվեց իր ներկայիս շենքը։

Արքայական թատրոնի առաջին մրցակիցը Կոպենհագենում մասնավոր Կասինոն էր (1848), որտեղ որոշ հայտնի դրամատուրգներ սկսել են իրենց կարիերան։ Իբսենի կոպենհագենյան առաջին բեմադրությունը եղել է Կասինոյում։ Այստեղ կայացավ նաև Յոհան Ստրինդբերգի «Հայրը» ներկայացման պրեմիերան 1887 թվականին։ Folketeatret (Մարդկանց թատրոն), ը (1857) մասնագիտացված էր կատակերգությունների և օպերետաների վրա, սակայն 1880-ական թվականներից այս ներկայացումները մերժվեցին Արքայական թատրոնի կողմից՝ ներառյալ նաև Իբսենի «Ուրվականները»։ 1889 թվականին մեծ աջակցություն ստացան մասնավոր թատրոնները։

Մի շարք ծայրամասային քաղաքներում բացվեցին նոր թատրոններ։ Կոպենհագենում բացվեցին Ny Teater (Նոր թատրոն) (1908) և Բեթի Նանսենի թատրոնը (1917), որը շարունակեց գործել մինչև Նանսենի մահը՝ 1943 թվականին։

1960-ական թվականները ակնառու էր թատրոնների տարածումը և բազմազանությունը։ Տարածում ունեին երգիծական և նաև քաղաքական ռեվյուները։

Թատրոնն այժմ[խմբագրել]

1980-ական թվականներին Արքայական թատրոնը շարունակում էր առաջատար մնալ։ Արհուսի թատրոնը դանիական նոր պիեսներ էր բեմադրում։ 1975 թվականից նախկին մասնավոր թատրոններից շատերը միավորվեցին «Կոպենհագենի տեղական թատրոնի» մեջ՝ ստանալով սուբսիդիաներ կառավարությունից և օգտագործելով ազգային Արտե տոմսային գործակալությունը, որպեսզի վաճառեն թատրոնի տոմսերի երկու երրորդը։

Նոր թատրոն էր Nyt Skandinavisk Forsøgsteater (1989-1992), որը ղեկավարում էր շվեդ ռեժիսոր Ստաֆան Վալդեմար Հոլմը։ Մի քանի վերանորոգված վարձակալված թատրոններ, ինչպիսիք են Husets Teater-ը և Kanonhallen, օգնեցին այլընտրանքային թատրոնների։ Ավանգարդ թատրոնները բեմադրում են Դանիայի ամենասադրիչ ներկայացումները։ Օդին թատրոնը, որը 1986 թվականից հանդիսանում է Nordisk Teaterlaboratorium-ի մի մասը, շարունակում է մնալ Դանիայի միջազգայնորեն ամենաճանաչված թատրոնը։ Էուջենիո Բարբայի ղեկավարությամբ թատրոնը ուշագրավ ներկայացոմներ է բեմադրել։ Տուկակ թատրոնը (1975) շրունակում է մնալ Գրիլանդերների ուսումնական ամենամեծ կենտրոնը։ Hotel Pro Forma-ն (1985) համարվում է Դանիայի ամենահավակնոտ թատերական ընկերությունը։

Դանիական թատրոնները ղեկավարվում են 1963 թվականին ընդունված թատերական օրենքով (վերանայվել է 1970 և 1991թթ), որը սահմանում է, որ թատերական տարբեր կատեգորիաներ կարող են պետական ֆինանսավորում ստանալ։ Մինչև 1990 թվականը գործում էր «երաշխիք կորստի դեպքում» ծրագիրը, որով թատրոնները ոչ միայն դրամաշնորհ էին ստանում, այլև տրվում էր լրացուցիչ ֆինանսավորում, եթե բավականաչափ տոմսեր չէին վաճառվում։ Թատրոններն սկսում էին ամեն թատերաշրջան առանց պակասորդի, սակայն չէին կարողանում կապիտալ հավաքել։ Նոր օրենքը նախատեսում է ֆիքսված դրամաշնորհներ, սակայն հանում է «երաշխիք կորստի դեպքում» ծրագիրը։

1980-1990-ական թվականներին դանիական թատրոններն ավելի շատ դանիական պիեսներ էին բեմադրում քան երբևէ։ Հայտնի դրամատուրգներից են Էռնստ Բրուն Օլսենը, Ստիգ Դալագերը, Սվեն Հոլմը, Ֆին Մեթլինգը, Աստրիդ Սաալբակը, Պիա Տաֆդրուպը, ռեժիսորներից՝ Էուջենիո Բարբան, Սամ Բեսեկովը, Կասպար Ռոստրուպը, Էմիլ Հանսենը, Կլաուս Հոֆմեյերը, Փիթեր Լանգդալը, Յան Մաագաարդը։ Ականավոր բեմադրող նկարիչներից են Կարին Բետզը, Նինա Ֆլագստադը, Կիմ Վիտզելը և Ստեֆեն Աարֆինգը, դերասաններից՝ Ֆիրգիտ Ֆեդերսպիելը, Ֆրից Հելմուտը, Հենինգ Ջենսենը, Բոդիլ Կջերը, Կրիստեն Օլեսենը, Ուլլա Հենինգսենը, Հենինգ Մորիցենը։

Օգտագործված գրականություն[խմբագրել]

  • Կ. Արնտզեն, Տ. Սվենդսեն, Մ. Մոի «Kunnskapsforlagets Teater-og Filmleksikon», Օսլո, 1991 թ
  • Պ. Բրասկ «Drama Contemporary: Scandinavia», Նյու Յորք, 1989 թ
  • Հ. Ֆենգեր, Ֆ. Մարկեր «The Heibergs», Նյու Յորք, 1971 թ
  • Ա. Հենրիկես «Արքայական թատրոնի անցյալն ու ներկան», Կոպենհագեն, 1967 թ
  • Ս. Ջենսեն, Կ. Կվամ «Dansk Teater I 60erne og 70erne», Կոպենհագեն, 1983 թ
  • Կ. Կվամ, Ջ. Ռիսում, Ջ. Վիինգաարդ «Dansk Teaterhistorie, 2 vols», Կոպենհագեն, 1992 թ
  • Ֆ. Մարկեր, Լ. Մարկեր «Սկանդինավյան թատրոնը», Օքսֆորդ, 1975 թ
  • «Nordic Theatre Studies», Կոպենհագեն, 1988 թ
  • Լ. Սենելիկ «Ազգային թատրոնը Հյուսիսային և Արևելյան Եվրոպայում», Քեմբրիջ, 1991 թ
  • «Teater Et» ամսագիր, Կոպենհագեն, 1989 թ
  • «Teater I Danmark» տարեթերթ, Կոպենհագեն, 1965-1987 թթ