Դայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայք

Դայք (անգլ.՝ dike, dyke՝ քարե պատ), զուգահեռ մակերևույթներով սահմանափակված ներծին մարմին, որը ներփակող ապարներում տեղադրվում Է հիմնականում մեծ թեքությամբ՝ ուղղաձիգ կամ զուգահեռ կրկնվող տեկտոնական ճեղքերում։ Բնորոշվում Է խիստ բազմազան կազմությամբ՝ գերհիմնայինից մինչև թթու։ Դայքերը բնորոշվում են մեծ և փոքր երկարությամբ, խորությամբ և համեմատաբար փոքր հզորությամբ։ Ըստ տեղադրվածության լինում են՝ ճառագայթաձև, միմյանց նկատմամբ զուգահեռ, օղակաձև, կիսաօղակաձև և հիմնականում գծային։ ՀՀ բնատարածքը բարդեցված Է տարբեր երկարության, հզորության ու տարբեր ապարագրական կազմության տարահասակ դայքերով։ Փոքր Կովկասի, ՀՀ կառուցվածքամետաղագոյացման գոտիներում, հանքային շրջաններում, հանքային դաշտերում, հանքավայրերում դայքերը երբեմն հանդիսանում են տարատեսակ օգտակար հանածոների (պղինձ-հրաքարային ոսկեբեր, բազմամետաղային ոսկեբեր, պղինձ-մոլիբդենային, ոսկի-սուլֆիդային և այլն) որոնողական նախադրյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png