Գրիգոր Ավագյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսագրությունը[խմբագրել]

Գրիգոր Երեմի Ավագյանը ծնվել է 1928 թ. սեպտեմբերի 23-ին Գրոզնի քաղաքում։ 1934 թ. հայրը ընտանիքը տեղափոխում է իր ծննդավայրը՝ Ադրբեջանական ՍՍՀ-ի Աղսուի շրջանի Հնղար հայկական գյուղը։ Սովորել է նախ Հնղարի թերի միջնակարգ դպրոցում, ապա հարևան Գյուրջևան գյուղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1946 թվականին։ Հայրենական պատերազմի տարիներին ուսումնառությանը զուգընթաց, օգնել է չորս որդիներին ռազմաճակատ ուղարկած մորը՝ աշխատելով կոլտնտեսությունում։

1947 թվականին Գ. Ավագյանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը, որն ավարտում է 1952 թ.։ Համալսարանական տարիներին մասնակցել է ՈւԳԸ աշխատանքներին և ԲՈւՀ-ի հասարակական կյանքին։ Ավագյանի վկայությամբ համալսարանն իր alma mater-ն էր, իսկ հանրային գրադարանը, ուր անց էր կացնում ժամանակի մեծ մասը, alma fater-ը։ Ագահ ընթերցանությամբ (ընթերցում էր և մասնագիտական գրականություն , և դարերի ընթացքում ստեղծված դասական գրականությունը և մամուլը) նա լրացնում էր այն բացը, որն առաջացել էր աշխարհից կտրված գյուղի՝ ուսուցիչների մեծ մասին ռազմաճակատ ուղարկած դպրոցում , միաժամանակ հագուրդ տալիս բազմատեսակ հետաքրքրասիրություններին։ Համալսարանն ավարտելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի։ 1952-57 թթ. աշխատել է Երևանի Թելմանի անվան , իսկ 1957-58 թթ. Թումանյանի անվան դպրոցներում։ Դպրոցում աշխատելու տարիներին տպագրել է երկու գիրք. «Քարտեզը աշխարհագրության դասին » և «Տուրիստական էքսկուրսիոն ուղեցույց »։ Այդ տարիներին գրվել է նաև «Կենդանիների աշխարհի հսկաները» /Կետերը/ գիրքը, որը լույս է տեսել ուշ /1971 թ./։ 1958 թվականից աշխատանքի է անցել դպրոցների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ Ինստիտուտի պլանային աշխատանքներին զուգընթաց գրել է «Հայրենի բնություն » դասագիրքը 4-րդ դասարանի համար /ուրիշների հեղինակությամբ/, «Հայրենագիտական աշխատանքը դպրոցում» և մի շարք գիտա-մեթոդական գրքեր ու ծրագրեր։ Միջնակարգ դպրոցում մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան մեդալով։ 1961 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը, որից անմիջապես հետո՝ մրցույթով աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանում դոցենտի պաշտոնում։

1971 թ. մարտին պաշտպանել է դոկտորական թեզը, 1972 թ. ստացել է պրոֆեսորի կոչում։ 1976 թվականից աշխատանքի է անցել Ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսական աշխարհագրության ամբիոնում՝ վարիչ։

Գ. Ավագյանի գիտական գործունեությունը հիմնականում նվիրված է լեռնային տարածքների տնտեսաշխարհագրական հետազոտություններին։ Այդ բնագավառում ԽՍՀՄ-ում և արտասահմանում ճանաչվել է որպես առաջատար մասնագետ։ 1977 թ. ամբիոնին կից կազմակերպել է լեռնային տարածքների տնտեսաշխարհագրական հետազոտությունների գիտական լաբորատորիա, որը մտել է ՅՈւՆԵՍԿՈ-յի «ՄԱԲ 6-ա» ծրագրի մեջ և որպես այդպիսին ՝ միակն էր ԽՍՀՄ-ում։ Նշված լաբորատորիայի բազայի վրա երկու անգամ /1980 թ., 1989թ./ Երևանում հրավիրվել է միջազգային համաժողով՝ նվիրված լեռնային երկրների տնտեսաշխարհագրական հիմնախնդիրներին։ 1989 թ. Մոսկվայում հրատարակվել է նրա «Люди и горы» /история, теория и практика/ գիրքը։ Գ.Ավագյանը մասնակցել է մի շարք միջազգային գիտական համաժողովների, այդ թվում՝ Լեռնային տրածքների օգտագործման պատմությանը /Երևան, 1980 թ./, Ազգամիջյան հարաբերությունները ԽՍՀՄ-ում /Մոսկվա , 1988 թ./, Անդրկովկասը ԽՍՀՄ կազմում /Լոնդոն, 1990 թ./, ՀՀ բնատնտեսական հնարավորությունները գյուղատնտեսության զարգացման առումով /Լոս-Անջելես, 1991 թ./։ Նրա մասնակցությամբ մշակվել է ԽՍՀՄ լեռնային տարածքների տնտեսական ծրագիրը։

Մեծ են պրոֆ. Գ.Ավագյանի ծառայությունները մասնավորապես Հայկական ՍՍՀ-ի գյուղատնտեսության տնտեսաշխարհագրական հիմնախնդիրների գիտական վերլուծության բնագավառում։ Հայկական ՍՍՀ-ի համար հատկապես կարևոր նշանակություն ունի լեռնային տարածքների յուրացման և բնակեցման հիմնախնդիրը, որը մեր հանրապետությունում առաջին անգամ գիտականորեն, համակողմանի հետազոտել ու դրա լուծման համար հիմնավոր առաջարկություններով հանդես է եկել պրոֆ. Գ.Ե.Ավագյանը։ Նրա լեռնային տարածքների յուրացման ու բնակեցման գիտական մշակումները, գյուղատնտեսական արտադրության ըստ ուղղաձիգ գոտիների տարածքային ՝ հարահոսային համակարգով կազմակերպելու մշակած սկզբունքները և կազմած խոշոր մասշտաբի գյուղատնտեսական քարտեզները հիմք են ծառայել հանրապետության գյուղատնտեսական ՍՍՀ-ի, այլև Միության համապատասխան բնակլիմայական պայմաններում գտնվող մյուս տնտեսական շրջանների համար։ Գիտական և գործնական լուրջ նշանակութուն ունեն նրա հետազոտութույունները ևառաջարկությունները Երևան քաղաքի բնակչության կարճատև /շաբաթ-կիրակի/ ու երկարատև հանգիստը կազմակերպելու, քաղաքի մակերևույթը արդունավետ օգտագործելու, Սևանի հիմնախնդիրը լուծելու, հանրապետության մերկացած տարածքը անտառապատելու, հանրապետությունում տուրիզմը զարգացնելու, Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի արտադրական ուղղությունը փոխելու, հանրապետության ջրային պաշարները արդյունավետ օգտագործելու և այլ հրատապ խնդիրների վերաբերյալ։ Նշված առաջարկությունների զգալի մասը արժանացել է հավանության և կիրառվել։ Լեռնայի շրջանների գյուղական փոքր բնակավայրերի ամրապնդման և զարգացման վերաբերյալ նրա առաջարկութունների հիման վրա կառավարութունը ընդունել է համապատասխան որոշում։

Պրոֆ. Գ.Ե.Ավագյանի դասագրքերով արդեն մի քանի տասնամյակ է աշխարհագրություն են ուսումնասիրում հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտները և ԲՈւՀ-երի ուսանողները։ Ուսուցիչների համար նա մշակել է մի շարք դասագրքեր ու ձեռնարկներ, մեթոդական աշխատութուններ, գիտահանրամատչելի գրքեր/, ամսագրերում և ընթացիկ մամուլում հրապարակված շուրջ 600 հոդվածների։ Մասնակցել է մամուլում բարձրացված գրեթե բոլոր հիմնախնդիրների քննարկմանը՝ Սևան, Եղվարդի ջրամբար, ատոմակայան, երկրաշարժ...։ Արձագանքել է ժամանակի բոլոր մեծ ու փոքր իրադարձութուններին՝ նամակ-առաջարկների, հոդվածների , գրքույքների տեսքով, գրել հանրամատչելի գրքեր։ Նրա գիտական մեծ արժեք ներկայացնող գրքերից ու դասագրքերից են « Սովետական Հայաստանի գյուղատնտեսութունը» /1971 թ./, որը ժամանակին արժանացել է մասնագետների դրվատանքին, « Հայկական ՍՍՀ բնակչությունը» / տնտեսաշխարհագրական ուսումնասիրություն 1975 թ./, « Երևանի դյութազնական քայլերը » /Երևանը 150 տարում , 1979 թ./ « Սովետական Հայաստանի տնտեսական աշխարհագրություն» /1981 թ./, «Սովետական Հայաստանի աշխարհագրություն» /1982 թ./, «Հայաստանը և հայերս աշխարհում» /1992 թ./ /1997 թ. հայերեն, ռուսերեն ւ անգլերեն լեզուներով/, «Հայկական ՍՍՀ աշխարհագության ուսուցման մեթոդիկա»/1983 թ./, «Հայաստանը 1920-1990 թթ.», «Нагорныи Карабах ответ фальсификаторам», /1991 թ./, «Իմ օրացույցային գրառումներից», ուր ընթերցողին է ներկացնում իր փորձը, դիտարկումները, եզրահանգումները՝ կարևոր իրադարձությունների շուրջ, խոհերը՝ ամենատարբեր դեպքերի ու դեմքերի հետ կապված, ինչպես նաւ մեր գրական մեծերի հետ իր բարեկամության մասին։ Նրա ղեկավարությամբ կազմվել են ՀՀ և ԼՂՀ տնտեսական, վարչական տասնյակ քարտեզներ, այդ թվում չորս խոշորամասշտաբ քարտեզներ։ Գ. Ավագյանը լուրջ ուշադրություն է դարձրել գիտական կադրեր պատրաստելու վրա։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական ու դոկտորական թեզեր։

1991 թվականին նրան շնորհվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսի կոչում։ Գ.Ավագյանը գիտութունների ակադեմիաների Միջազգային ասոցիացիայի աշխարհագրական հիմնախնդիրների գծով միացյալ գիտ. խորհրդի անդամ է։ Գ.Ավագյանը նաև ակտիվ հասարակական գործիչ է։ 1990-95 թթ. եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր, 1995-99 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1992 թ. Գ.Ավագյանը հիմնադրեց «ՊԱՐՄԱՆԻ» ուսանողական համազգային բարեգործական հիմնադրամը, որը գոյատևում է նրա միջոցների , ջանքերի ու եռանդի շնորհիվ։ Հիմնադրամն օգնել է հանրապետության պետական ԲՈւՀ-երի մեծ թվով ուսանողների ՝ վճարելու ուսման վարձը։ Գ.Ավագյանի նախաձեռնությամբ հիմնադրամը հինգ անգամ հրավիրել է Երևանում հայազգի ուսանողության վեհաժողովներ / 1996 թ., 1997 թ., 1998 թ. 1999 թ., 2000 թ./, որոնք Սփյուռքի ուսանողությանը հայրենիքի շուրջ համախմբելու լուրջ միջոցառումներ են։