Գրիգոր Անանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Անանյան
Ծնվել է1770
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էօգոստոսի 3, 1865
Մահվան վայրՏրիեստե, Իտալիա
Ազգությունհայ
ԿրթությունՊադովայի համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Գրիգոր Անանյան (1770, Կոստանդնուպոլիս - օգոստոսի 3, 1865(1865-08-03), Տրիեստ, Ավստրիական կայսրություն), արքունի հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Անանյանը ծնվել է 1770 թվականին Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, երկրորդական ուսումը՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վանքի վարժարանում։ 1783-1793/1794 թվականներին սովորել է Իտալիայի Պադովա քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետում և ստացել բժշկության դոկտորի տիտղոս։ 1793/1994 թվականներին վերադարձել է Կոստանդնուպոլիս և, զբաղվելով բժշկությամբ, կարճ ժամանակ անց ձեռք բերել հմուտ բժշկի համբավ։ Այդ ժամանակ Կոստանդնուպոլսում կար ընդամենը 2 համալսարանական հայ բժիշկ՝ Պողոս Անտոնյան-Շաշյանը և Հովակիմ Օղուլուխյանը։

Շուտով Օսմանյան կայսրության փադիշահի (միապետ) հրովարտակով նշանակվել է արքունի բժշկի պաշտոնում և զբաղվել կայսերական գերդաստանի առողջապահության և բուժման հարցերով։

1814-1815 թվականներին սուլթանի հարեմի սիրած կանանցից մեկին բուժելու, սակայն կյանքը փրկել չկարողանալու պատճառով ենթարկվել է հետապնդումների, ուստի մահապատժից խուսափելու պատճառով (ըստ Մեզպուրեանի՝ սեփական խղճահարությունից հալածված) փախել է Իտալիա։ Հաստատվելով Իտալիայի Տրիեստե քաղաքում՝ շարունակել է զբաղվել բժշկությամբ։

Մահացել է 1865 թվականի օգոստոսի 3-ին, Տրիեստե քաղաքում՝ 95 տարեկանում։ Թաղվել է Տրիեստեի գերեզմանոցում։ Խոշոր գումար է կտակել ազգային, բարեգործական և որբախնամ նպատակների հատկացնելու համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թորգոմեան Վահրամ «Հայաստանի կոչնակ», Նիւ Եորք, թ. 28
  • Թորգոմեան Վահրամ «Հանդէս ամսօրեայ», Վիեննա, 1897, թ. 2
  • Պոտուրեան Մկրտիչ «Հայ հանրագիտակ», Պուքրէշ, 1938
  • Մեզպուրեան Արթօ «Հայ եւ ծագումով հայ բժիշկներ», Իսթանպուլ, 1950