Գրացուցակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրացուցակ (կատալոգ), գրադարանում պահվող տպագիր երկերի ցուցակ, որը գրադարանային ֆոնդի բովանդակության բացահայտման, գրքեր ընտրելիս ընթերցողներին օգնելու միջոց է։ Ըստ հատկացվածության գրացուցակները բաժանվում են ընթերցողականի, որն ունի տեղեկատու հանձնարարական բնույթ, և ծառայողականի, որը ներառում է նաև սակավ պահանջվող և հնացած ստեղծագործություններ։ Ըստ նյութի խմբավորման լինում են՝ սիստեմատիկ, առարկայական, այբբենական, համարակալված, վերնագրային, երկրագիտական և այլն։ Սիստեմատիկ գրացուցակում տպագիր արտադրանքի նկարագրությունը խմբավորվում է ըստ գիտության տարբեր ճյուղերի բաժինների, տվյալ գրադարանում ընդունված գրադարանամատենագիտական դասակարգման համաձայն։ Առարկայականի նկարագրությունը խմբավորվում է ըստ այն առարկաների (երևույթների, հասկացությունների, օբյեկտների) այբբենական կարգի, որոնց մասին խոսք կա տպագիր արտադրանքում։ Այբբենականում նկարագրումը կատարվում է ըստ հեղինակի ազգանվան կամ վերնագրի (եթե նկարագրությունը կազմված է վերնագրով) այբբենական կարգի։ Գրացուցակներում արտացոլվում են տպագիր երկերի տարբեր տեսակներ, գրքեր, պարբերական հրատարակություններ, աշխարհագրական քարտեզներ, նոտաներ, տպագիր գծանկարչական ստեղծագործություններ, տիպօրինակներ, արտոնագրեր և հեղինակային վկայականներ։ Յուրաքանչյուր գրադարանի համար պարտադիր են սիստեմատիկ և այբբենական գրացուցակները։ Կազմվում է նաև պարբերական մամուլի հոդվածների քարտարան։ Առարկայական գրացուցակը կիրառվում է գիտական ու մասնագիտական գրադարաններում։ Խոշոր գրադարաններում գրադարանի ողջ ֆոնդն արտացոլող գլխավոր գրացուցակներին զուգահեռ կարող են ստեղծվել նաև ֆոնդերի առանձին բաժինները բացահայտող գրացուցակներ։ Ըստ ձևի գրացուցակները լինում են քարտային, տպագիր (գրքի ձևով), բլոկնոտաքարտային (ազատ ներդրվող Էջերով, բլոկնոտի կամ ալբոմի ձևով)։ Ավելի շատ տարածված է քարտայինը, որը թույլ է տալիս հարկ եղած դեպքում փոփոխություն և լրացում անել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 205