Գրավ (քաղաքացիական իրավունք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրավ (այլ կիրառումներ)

Գրավ (քաղաքացիական իրավունքում), պարտավորության կատարման ապահովման միջոց՝ երաշխիք, որի դեպքում պարտատիրոջը հանձնվում է որոշակի գույք։ Պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում պարտատերն իր պահանջը կարող է բավարարել գրավի առարկայի հաշվին։ Գրավի պայմանագիրը կնքվում է գրավոր, իսկ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նոտարական վավերացմամբ։ Եթե գրավի առարկան անշարժ գույք է, ապա գույքի նկատմամբ իրավունքը պետք է գրանցվի անշարժ գույքի գրանցման պետական ռեգիստրում։

Գրավի ինստիտուտը հայտնի է դեռ hռոմեական իրավունքից։ Սա պատկանում էր «ուրիշի գույքի նկատմամբ իրավունքների» դասին (jara in re aliena

  • Հռոմեական իրավունքի զարգացման սկզբնական շրջանում գրավն իրականացվում էր «Ֆիդուցիայի»՝ (fiducia) գույքի հետգնման իրավունքով վաճառքի միջոցով։
  • Սակայն հայտնի է նաև ֆիդուցիային նախորդող մեկ այլ ինստիտուտ՝ «nexum», որն ի տարբերություն ֆիդուցիայի, պարտավորությունների չմարման դեպքում գռավառուին իրավունք էր տալիս սեփականության իրավունքը տարածել ինչպես պարտապանի գույքի, այնպես էլ նրա անձի նկատմամբ։
  • Հաջորդ ավելի մաքուր ձը գրավի «պիգնուսն» էր (pignus)։ Այստեղ արդեն գրավատուն հանձնում էր գույքը գրավառույին, ոչ թե տնօրինման իրավունքով, այլ տիրապետման։
  • Մյուս ավելի կատարելագործված տեսակը հիպոթեքն էր (հուն.՝ hipotheke բառից)։ Սա Սոլոնի ներմուծած ինստիտուտն էր, սրա առանձնահատկությունն այն է, որ գրավի առարկան մնում էր սեփականատիրոջ (գրավատուի) մոտ։

Հայկական իրավունքի պատմության մեջ գրավը՝ որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց նախատեսել է նաև Մխիթար Գոշը։

Գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխով ( հոդված 226-272)։ Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդված 226-ի 1-ին մասի՝ գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար։

Հաջորդող գրավի փոփոխված կարգավորումները ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետությունում հաջորդող գրավի ազատականացման արդյունքում ֆինանսական կազմակերպությունները ակտիվորեն սկսեցին կիրառել հաջորդող գրավը՝ առանց առաջնային գրավառու հանդիսացող ֆինանսական կազմակերպության համաձայնությունը ստանալու անհրաժեշտության մեկ ֆինանսական կազմակերպությունում գրավադրված գույքը այլ ֆինանսական կազմակերպությունում գրավադրելով։ Սակայն կատարված փոփոխությունները միևնույն ժամանակ բազմաթիվ չկարգավորված հարցեր են պարունակում իրենց մեջ, որոնք հետագայում ֆինանսական կազմակերպությունների համար կարող են լուրջ խնդիր հանդիսանալ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նոր կարգավորման համաձայն՝ հաջորդող գրավը կարող է կնքվել առանց առաջնային գրավառուի համաձայնության։

Առանց առաջնային գրավառուի համաձայնության հաջորդող գրավի սկզբունքով Հայաստանի Հանրապետությունում կնքվում են երկու տեսակի գործարքներ՝

1.   Առաջնային գրավով ապահովված պարտավորության կատարմամբ հաջորդող գրավ.

2.   Միևնույն գույքի գրավով ապահովված մեկից ավելի պարտավորությունների ծագմամբ հաջորդող գրավ:

    Թե՛ առաջին, և թե՛ երկրորդ տեսակն ունի և՛ խնդիրներ, և՛ առավելություններ, որոնք բացահայտելու համար նախևառաջ անհրաժեշտ է որոշակիացնել դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը, այնուհետև անդրադառնալ յուրաքանչյուրի խնդիրներին և առավելություններին։

1. Առաջնային գրավով ապահովված պարտավորության կատարմամբ հաջորդող գրավ.

    Առաջնային գրավով ապահովված պարտավորության կատարմամբ հաջորդող գրավը՝ Ֆինանսական կազմակերպությունում գրավադրված գույքը հաջորդող գրավի սկզբունքով  մեկ այլ ֆինանսական կազմակերպությունում գրավադրելու և վերջինիցս ավելի բարենպաստ պայմաններով ֆինանսավորում ստանալու միջոցով առաջին ֆինանսական կազմակերպությունում միևնույն գույքի գրավադրմամբ ապահովված պարտավորությունների կատարումն է։

    Հաջորդող գրավի  այս տեսակը, որպես ֆինանսավորում ստանալու գործիք, ամենատարածվածն է ֆինանսական շուկայում, քանի որ հաջորդող գրավի այս տեսակի կիրառմամբ ֆինանսական կազմակերպությունները իրավական ռիսկի առումով անհամեմատ պաշտպանված են։ Եվ՛ առաջնային, և՛ երկրորդային գրավառու հանդիսացող ֆինանսական կազմակերպությունները հաջորդող գրավի այս տեսակի դեպքում կարողանում են գործող հնարավոր եղանակներով համեմատաբար զսպել իրենց իրավական ռիսկերը։

    Մասնավորապես՝ երկրորդ գրավառուն, ֆինանսավորում տրամադրելով իր հաճախորդին, ֆինանսավորման գումարը հաճախորդին վճարելու փոխարեն փոխանցում է առաջնային գրավառու հանդիսացող ֆինանսական կազմակերպությանը, որպեսզի ամբողջությամբ մարվեն այն նույն գույքի գրավով ապահովված ֆինանսական պարտավորությունները և այդ գույքի նկատմամբ տվյալ ֆինանսական կազմերպության գրավի իրավունքը դադարի գործել։ Այդ դեպքում գրավի առարկայի արժեքից երկրորդային բավարարման իրավունք ունեցող ֆինանսական կազմակերպությունը ձեռք է բերում գույքի արժեքից առաջնային բավարարման իրավունք՝ հանդիսանալով որպես առաջնային գրավառու։

    Սակայն այս մեխանիզմը նույնպես ունի իր ռիսկերը և միշտ չէ, որ այն կիրառելով ֆիանանսական կազմակերպությունները հասնում են իրենց համար ցանկալի արդյունքին։ Հանդիպում են դեպքեր, երբ երկրորդային գրավառուն չկարողանալով ստանալ առաջնայն գրավառուի մոտ տվյալ գույքի գրավով ապահովված պարտավորությունների չափի մասին հավաստի տեղեկատվություն՝ չի կարողանում ամբողջությամբ մարել առկա պարտավորությունները և արդյունքում առաջնային գրավառուի՝ տվյալ գույքի նկատմամբ գրավի իրավունքը չի դադարում։

2. Միևնույն գույքի գրավով ապահովված մեկից ավելի պարտավորությունների ծագմամբ հաջորդող գրավ.

    Միևնույն գույքի գրավով ապահովված մեկից ավելի պարտավորությունների ծագմամբ հաջորդող գրավը՝  Ֆինանսական կազմակերպությունում գրավադրված գույքը հաջորդող գրավի սկզբունքով մեկ այլ ֆինանսական կազմակերպությունում գրավադրելու և վերջինիցս ֆինանսավորում ստանալու միջոցով նոր ֆինանսական պարտավորությունների առաջացումն է։

    Հաջորդող գրավի այս տեսակը հատկապես տարածում է գտել վերջին շրջանում, երբ ֆինանսական կազմակերպությունները, հաջորդող գրավի կնքման ազատության շունչը զգալով, սկսեցին այն մեծ ծավալով կիրառել՝ առանց վեր հանելու հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ դրա կիրառման արդյունքում։

Միևնույն գույքի գրավով ապահովված մեկից ավելի պարտավորությունների ծագմամբ հաջորդող գրավի այս տեսակը կիրառվում է հետևյալ դեպքերում՝

- Միևնույն ֆինանսական կազմակերպությունում միևնույն հաճախորդին միևնույն գույքի գրավով տարբեր ֆինանսական գործիքներ տրամադրելիս,

- Միևնույն ֆինանսական կազմակերպությունում տարբեր հաճախորդների միևնույն գույքի գրավով տարբեր ֆինանսական գործիքներ տրամադրելիս,

- Տարբեր ֆինանսական կազմակերպություններում միևնույն հաճախորդին միևնույն գույքի գրավով տարբեր ֆինանսական գործիքներ տրամադրելիս,

- Տարբեր ֆինանսական կազմակերպություններում  տարբեր հաճախորդների միևնույն գույքի գրավով տարբեր ֆինանսական գործիքներ տրամադրելիս:


[1] ՀՀ քաղաքացիական օրենսգիրք 236-րդ հոդված 1-ին մաս

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 204