Գրապայքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրապայքար, 1840-1870-ական թթ․ մղված բանավեճ-պայքար հայոց գրական լեզվի շուրջը։ Հայ մտավորականության մի մասը (գրաբարյաններ) լուսավորչական եկեղեցու հետ պաշտպանում էր հին գրական հայերենը՝ գրաբարը, նոր ժամանակներում իբրև գրական լեզու օգտագործելու ծրագիրը։ Մտավորականության մյուս մասը (աշխարհաբարյաններ) պաշտպանում էր նոր գրական հայերենը կամ աշխարհաբարը իբրև համազգային գրական լեզու օգտագործելու գաղափարը։ Գրաբարյանները ելնում էին այն բանից, որ գրաբարը մշակված, դարերի ավանդույթ ունեցող և հարուստ գրականությամբ ներկայացված լեզու է, միասնական՝ հայության բոլոր հատվածների համար, իսկ աշխարհաբարն անմշակ է, զուրկ գրական մեծ ավանդույթից, բաժանված մի քանի ճյուղի։ Աշխարհաբարյանների հիմնական կռվանն այն էր, որ աշխարհաբարը, թերություններով հանդերձ, հասկանալի է ժողովրդին, նրանով հնարավոր է հաղորդակցվել զանգվածների հետ, կազմակերպել ժողովրդական կրթության ու մշակութային զարգացման գործը, իսկ գրաբարը, իր արժանիքներով հանդերձ, անհասկանալի է ժողովրդին, ուստի ոչ պիտանի ամբողջ հայության հասարակական ու մշակութային զարգացման համար։ Արևելահայերի մեջ աշխարհաբարի եռանդուն պաշտպաններն էին Խաչատուր Աբովյանը, Գ․ Պատկանյանը, Ս․ Նազարյանը, Մ․ Նալբանդյանը, Ս․ Մանդինյանը և ուրիշներ, արևմտահայերի մեջ՝ Գ․ Այվազովսկին, Ղ․ Ալիշանը, Ա․ Այտընյանը, Ն․ Ռուսինյանը, Հ․ Սվաճյանը, Մ․ Չերազը և ուրիշներ։ Գրաբարն իբրև գրական լեզու օգտագործելու կողմնակիցներից էին Մ․ Թաղիադյանը, Խ․ Ավետումյանցը, Մ․ Խրիմյանը (գործունեության առաջին շրջանում), Ա․ Մուրադյանը և ուրիշներ։ Նախապես, 1830-1840 թթ.-ին, որոշ աշխարհաբարյաններ (Խ․ Աբովյան և ուրիշներ) ծրագրում էին աշխարհաբարը մշակելու միջոցով հետագայում անցնել գրաբարի գործածությանը, սակայն 1850-ական թթ․ աշխարհաբարի պաշտպանների համար պարզ դարձավ, որ գրաբարը երբևէ չի կարող դառնալ հայոց ընդհանուր գրական լեզու։

Արդյունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթեցին աշխարհաբարյանները, քանի որ պատմական զարգացման ուժով հաղթանակեց ժողովրդին հասկանալի լեզուն՝ նոր գրական հայերենը, որն իր երկու ճյուղով դարձավ համահայկական ազգային լեզու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 203