Գրաբարի հոլովման համակարգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրաբարում հոլովվում են գոյականը, ածականը, դերանունը, թվականը, ինչպես նաև մի քանի դերբայներ։

Հոլովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաբարն ունի վեց հոլով` ուղղական, սեռական, տրական, հայցական, բացառական, գործիական։

Գրաբարի քերականության մեջ այս հոլովների համար գործածվել են այլ անուններ ևս, օրինակ` ուղղական հոլովը կոչվել է նաև անվանական, սեռականը՝ ստացական, հայրենի, տրականը՝ թղթական, պատվիրական, հայցականը՝ հարցական, խնդրական, աղերսական, կրողական, բացառականը՝ սկզբնական, առողական, գործիականը՝ առաքական (բացառականի հետ միասին), ցուցական և այլն[1]։

Գրաբարի քերականերից ոմանք առանձնացնում են ևս չորս հոլով՝ պատմական, պարառական, ներգոյական ու կոչական։ Դրանցից երեքը նախդրավոր կապակցություններ են. պատմական հոլովը կազմվում է զ նախդրով ու բացառական հոլովով. այն արտահայտում է վերաբերության իմաստ, օրինակ՝ պատմական հոլովաձևով դրված բառը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որի մասին խոսվում է։ Պարառական հոլովը, որ կոչվում է նաև արտագոյական, շրջայական[2], կազմվում է զ նախդրով ու գործիական հոլովով, օրինակ՝ զտամբ - տան շուրջ։ Ներգոյականը հոլովը կազմվում է ի նախդրով ու տրական կամ հայցական հոլովներով։ Կոչական հոլովն արտահայտվում էր ուղղական հոլովի ու ո՛վ ձայնարկության հարադրումով, օրինակ՝ ո՛վ մարդ։

Հոլովը՝ որպես քերականական կարգ, հանդես է գալիս քերականական ձևի ու բովանդակության միասնությամբ, այդ պատճառով էլ այն որոշելիս պետք է նկատի ունենալ ձևաիմաստային հատկանիշները։ Այս պատկերացմամբ մոտենալով խնդրին՝ չի կարելի հիշյալ չորս «հոլովները» ընդունել որպես առանձին հոլովաձևեր[2]։ Դրանք համարվում են նախդիրների (զ, ի) կիրառության առանձին դեպքեր։

Հոլովման բնույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաբարում անունները հոլովվելիս ստանում են զանազան մասնիկներ՝ հոլովիչներ (բացառություն են կազմում մի շարք դերանուններ, որոնք ենթարկվում են դերանվանական հոլովման)։ Գրաբարի հոլովիչները հինգն են՝ Ա, Ե, Ի, Ո, ՈՒ։ Հոլովիչներից բացի՝ հոլովների ձևավորմանը մասնակցում են որոշ հոլովակերտներ։ Եզակի սեռական ու տրական հոլովներում հոլովակերտ մասնիկները՝ ն, ջ, նջ, հանդիպում են սահմանափակ թվով բառերում (օրինակ՝ այր - առն, տէր - տեառն, գիւղ - գեղջ, կին - կնոջ, տիւ - տուընջեան և այլն), տրականում՝ նաև ում (օրինակ՝ հին - հնում, նոր - նորում, աջ - աջում և այլն)։ Եզակի բացառականում հանդես է գալիս է հոլովակերտը, եզակի գործիականում՝ ւ, վ, բ հոլովակերտները։ Հոգնակի ուղղականում գործածվում է ք, սեռականում, տրականում ու բացառականում՝ ց, հայցականում՝ ս հոլովակերտը։ Հոգնակի գործիականում պահպանվում է եզակի գործիականի հոլովակերտը, որին ավելանում է ք։

Ներքին և արտաքին հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հոլովիչների տեղադրման՝ բառերը երկու բնույթի փոփոխության են ենթարկվում՝ ներդրական ու վերջադրական։

Արտաքին կամ վերջադրական հոլովման դեպքում հոլովիչը բառին ավելանում է վերջից՝ առանց խախտելու նրա ամբողջականությունը, օրինակ՝ տիտան - տիտանայ, ծով - ծովու, արքայ - արքայի և այլն։

Ներքին կամ ներդրական հոլովման ժամանակ հոլովիչը հանդես է գալիս բառի կազմում՝ դրվելով արմատի, իսկ ածանցավոր բառերի դեպքում՝ ածանցի վերջին բաղաձայնից առաջ։ Օրինակ՝ դուստր - դստեր, աստղ - աստեղ, գագաթն - գագաթան, որդն - որդան և այլն։

Գրաբարն ունի վեց արտաքին (Ա, Ի, Ո, Ու, Ի-Ա, Ո-Ա) ու երեք ներքին (Ա, Ե, Ի-Ա) հոլովումներ։

Գրաբարում մի շարք բառեր ենթարկվում են անկանոն կամ զարտուղի հոլովման։ Այդ դեպքում բառերի հոլովումը շեզվում է հոլովման ընդհանուր կանոններից։

Պարզ և խառը հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաբարում բառի հոլովմանը կարող են մասնակցել մեկ կամ երկու հոլովիչներ։ Ըստ այդմ՝ առանձնացնում են պարզ և խառը հոլովումներ։

Պարզ հոլովումն արտահայտվում է մեկ հոլովիչով, որը հանդես է գալիս եզակի ու հոգնակի թվերի բոլոր թեք հոլովներում, օրինակ՝ շարժումն - եզ. սեռ. - շարժման, եզ. բաց. - ի շարժմանէ, եզ. գործ. - շարժմամբ, հոգն. սեռ. - շարժմանց, հոգն. բաց. - ի շարժմանց, հոգն. գործ. - շարժմամբք և այլն։

Խառը հոլովման ժամանակ բառի թեքմանը մասնակցում են երկու հոլովիչներ, որոնցից մեկը հանդես է գալիս եզակի թվի սեռական, տրական ու բացառական հոլովներում, երկրորդը՝ եզակի գործիականում ու հոգնակի թվի բոլոր թեք հոլովներում, օրինակ՝ անձն - եզ. սեռ. - անձին, (եզ. բաց. - յանձնէ), եզ. գործ. - անձամբ, հոգն. սեռ. - անձանց, հոգն. բաց. - յանձանց, հոգն. գործ. - անձամբք և այլն։

Գրաբարն ունի հինգ պարզ (Ա (Ա արտաքին և Ա ներքին), Ե, Ի, Ու, Ո) և երկու խառը (Ի-Ա (Ի-Ա արտաքին և Ի-Ա ներքին), Ո-Ա) հոլովումներ։

Հոլովների կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղական հոլով[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզակի ուղղականը բառի ուղիղ ձևն է, չունի հոլովիչ կամ հոլովակերտ, օրինակ՝ տիտան, աղեղն, դուստր, ծով, պատանի և այլն։

Հոգնակի ուղղականը կազմվում է եզակի ուղղականից՝ ք հոլովակերտի (մարդ բառի համար՝ իկ) ավելացումով, օրինակ՝ տիտանք, ծովք, պատանիք և այլն։ Ներքին հոլովման ենթարկվող բառերի հոգնակի ուղղականում բառի կազմում հանդես են գալիս ա, ե, ի ձայնավորներից մեկը կամ ու երկբարբառային ձայնավորը, օրինակ՝ դստերք, աղեղունք, անձինք, մասունք և այլն։

Սեռական հոլով[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզակի սեռականը կազմվում է եզակի ուղղականից՝ համապատասխան հոլովիչների (մի քանի բառերի դեպքում՝ նաև հոլովակերտների) ավելացումով, օրինակ՝ տիտան - տիտանայ, աղեղն - աղեղան, դուստր - դստեր, ծով - ծովու, անձն - անձին և այլն։

Հոգնակի սեռականը կազմվում է եզակի սեռականից՝ ց հոլովակերտի հավելումով, օրինակ՝ տիտանայ - տիտանաց, աղեղան - աղեղանց, դստեր - դստերց, ծովու - ծովուց և այլն։ Խառը հոլովումների դեպքում հոգնակի սեռականում հանդես է գալիս երկրորդ հոլովիչը, օրինակ՝ անձն - եզ. սեռ. - անձին, հոգն. սեռ. - անձանց, պատանի - եզ. սեռ. - պատանւոյ, հոգն. սեռ. - պատանեաց և այլն։

Տրական հոլով[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզակի տրականը կազմվում է եզակի սեռականի նման՝ որոշ տարբերություններով. մի քանի բառերի եզակի տրականը կազմվում է ում մասնիկով, օրինակ՝ հին - հնում, նոր - նորում և այլն։ Որոշ բառեր եզակի տրականում երկրորդաբար ունենում են ջ հոլովակերտ, օրինակ՝ տեղի - եզ. սեռ. - տեղւոյ, եզ. տր. - տեղւոյ կամ տեղւոջ, տարի - եզ. սեռ. - տարւոյ, եզ. տր. - տարւոյ կամ տարւոջ և այլն։

Հոգնակի տրականը կազմվում է հոգնակի սեռականի նման։

Հայցական հոլով[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզակի հայցականը կազմվում է եզակի ուղղականից, հոգնակի հայցականը՝ հոգնակի ուղղականից, որի ք հոլովակերտը փոխարինվում է ս հոլովակերտով։ Եթե բառը գործածվում է որոշյալ առմամբ, ապա բառի սկզբից ավելանում է զ նախդիրը։ Օրինակ՝ զտիտան - զտիտանս, զաղեղն - զաղեղունս, զծով - զծովս, զդուստր - զդստերս, զպատանի - զպատանիս և այլն։

Բացառական հոլով[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզակի բացառականը կազմվում է եզակի տրականից՝ է հոլովակերտով. սկզբից ունենում է ի նախդիր, որը ձայնավորից առաջ վերածվում է յ-ի և արտասանվում է հ։ Օրինակ՝ յաղեղանէ, ի դստերէ, ի ծովէ, ի սահմանէ, յանձնէ և այլն։ Ա արտաքին, Ո պարզ և Ո-Ա խառը հոլովման պատկանող բառերը է հոլովակերտ չեն ստանում, օրինակ՝ ի տիտանայ, ի գետոյ, ի պատանւոյ և այլն։ Ո հոլովման պատկանող այն բառերը, որոնք եզակի տրականում ստանում են ջ կամ ում հոլովակերտ, եզակի բացառականում ստանում են է հոլովակերտ, օրինակ՝ առաջին - առաջնում - յառաջնմէ, տարի - տարւոջ - ի տարւոջէ և այլն։

Հոգնակի բացառականը կազմվում է հոգնակի տրականից՝ սկզբից ստանալով ի նախդիրը, օրինակ՝ ի տիտանաց, յաղեղանց, ի դստերց, ի ծովուց, ի պատանեաց և այլն։

Գործիական հոլով[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզակի գործիականը կազմվում է եզակի սեռականից՝ համապատասխան հոլովակերտներ մասնիկներով։ Խառն հոլովման դեպքում հոլովիչը փոխվում է։

Ա և Ի հոլովիչներից հետո դրվում է Ւ (ւ) հոլովակերտ, օրինակ՝ տիտանաւ, սահմանաւ, փայտիւ, սրտիւ և այլն։

Բ հոլովակերտը դրվում է բաղաձայնով վերջացող հիմքերի վրա, օրինակ՝ դստերբ, աւուրբ, անձամբ, աղեղամբ, հիմամբ, մասամբ և այլն։

Ու հոլովիչից հետո հոլովակերտ չի ավելանում, օրինակ՝ ծովու, փոքու, աղուեսու և այլն։

Հոգնակի գործիականը կազմվում է եզակի գործիականից՝ ք հոլովակերտի հավելումով, օրինակ՝ տիտանաւք, սահմանաւք, փայտիւք, դստերբք, աւուրբք, անձամբք, աղեղամբք, ծավուք և այլն։

Պարզ հոլովումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա արտաքին հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր թեք հոլովներում բառի վերջում ավելանում է Ա հոլովիչ, որից հետո դրվում է յ ձայնորդը, որը, սակայն, չի արտասանվում, իսկ հոլովակերտից առաջ դուրս է ընկնում։ Եզակի բացառականը է հոլովակերտ չի ստանում, իսկ եզակի գործիականն ստանում է ւ հոլովակերտ։ Ներգոյական հոլովի իմաստն արտահայտվում է եզակի և հոգնակի հայցականի միջոցով։ Օրինակ՝

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. տիտան տիտանք
Սեռ. տիտանայ տիտանաց
Տր. տիտանայ տիտանաց
Հայց. (զ)տիտան (զ)տիտանս
Բաց. ի տիտանայ ի տիտանաց
Գործ. տիտանաւ տիտանաւք

Ա պարզ վերջադրական հոլովման են ենթարկվում՝

  • Հատուկ անունների մեծ մասը (հոլովվում են միայն եզակի թվով), օրինակ՝ Անակ, Անահիտ (Անահտայ), Ապիրատ, Արամ, Արշակ, Բէլ, Երասխ, Երուանդ, Հայկ, Մեսրոպ, Սահակ, Վարդան, Տիգրան, Տիրան, Տրդատ և այլն։
  • Մի շարք անեզական հատուկ անուներ, օրինակ՝ Ալանք (Ալանաց), Գամիրք, Ծոփք, Մարք (Մարաց), Միջագետք, Մոկք, Վիրք, Տաշիրք, Քուշանք և այլն։
  • Հունական աս, էս, էոս, էաս, իոս, ոս հնչյունակապակցություններով վերջացող հատուկ անուններ, օրինակ՝ Ղուկաս, Անդրէաս, Տիմոթէոս, Աքիլլէս, Հերակլէս, Տիբերիոս, Հոմերոս և այլն։ Թեք հոլովներում այդ բառերի աս, ոս, ս մասրն ընկնում են, իսկ բառավերջում մնացած է-ն և ի-ն դառնում են ե, օրինակ՝ Անդրէաս - Անդրեայ, Հերակլէս - Հերակլեայ և այլն։
  • Է-ով վերջացող մի քանի հատուկ անուններ (Ա հոլովիչից առաջ է-ն վերածվում է ե-ի), օրինակ՝ Գայիանէ, Հեղինէ, Հռիփսիմէ, Մանէ, Վահէ և այլն։
  • Ա-ով և իա-ով վերջացող հատուկ անունները, օրինակ՝ Աննա, Ասիա, Գալիլիա, Եղիա, Կեսարիա, Մակեդոնիա, Շաղիտա, Սամարիա և այլն։

Ա ներքին հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր թեք հոլովներում բառի կազմում հանդես է գալիս Ա հոլովիչը։ Եզակի բացառականն ունենում է է հոլովակերտ, եզակի գործիականը՝ բ, որից առաջ ն բաղաձայնն առնմանության օրենքով վերածվում է մ-ի։ Հոգնակի ուղղականում բառի կազմում հանդես է գալիս ու երկբարբառային ձայնավորը, և բառը վերջանում է ունք-ով, օրինակ՝ սկզբունք, մասունք, գագաթունք և այլն։ Մի քանի բառերում հանդես է գալիս ա ձայնավորը (օրինակ՝ անուանք, կողմանք, ջերմանք, սերմանք և այլն)։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. գագաթն գագաթունք
Սեռ. գագաթան գագաթանց
Տր. գագաթան գագաթանց
Հայց. (զ)գագաթն (զ)գագաթունս
Բաց. ի գագաթանէ ի գագաթանց
Գործ. գագաթամբ գագաթամբք

Ա ներքին հոլովման են պատկանում՝

  • Ն-ով և նրան նախորդող մի այլ բաղաձայնով վերջացող բառերի մի մասը[3], օրինակ՝ ակն, աղեղն, ամառն, ասեղն, բուրգն, գագաթն, գեղարդն, դիակն, դուռն, եղեռն, եղէգն, երկն, թիթեղն, լիսեռն, խուռն, ծիծառն, կայծակն, ձմեռն, ձուկն, մատուռն, մուկն, նուռն, շուրթն, ոսպն, որդն, ուլն, ունկն, ռունգն, սկիզբն, փայլակն և այլն։
  • Այն բառերը, որոնք ունեն ումն վերջածանցը, օրինակ՝ ազդումն, անկումն, դեգերումն, երդումն, երևումն, խոստումն, խոտորումն, կոչումն, հարցումն, շարժումն և այլն։
  • Այն բառերը, որոնք վերջում ունեն մն, օրինակ՝ այծեամն, եղեամն, կողմն, կոտիմն, հիմն, որոմն, ջերմն, սերմն և այլն։
  • Ուն-ով վերջացող մի շարք բառեր, օրինակ՝ անուն, ձեղուն, շուն, տուն։
  • Իկ և ուկ փոքրացուցիչ-փաղաքշական ածանց ունեցող (որոշ բառերում ածանցը չի գիտակցվում) մի շարք բառեր, օրինակ՝ աղջիկ, անդրանիկ, խցիկ, ծաղիկ, մանուկ, մասնիկ, փոքրիկ, ինչպես նաև մի շարք հատուկ անուններ, օրինակ՝ Աստղիկ, Ձուիկ, Յուսիկ, Սաթէնիկ և այլն։
  • Ութիւն վերջածանց ունեցող բառերը, օրինակ՝ բազմութիւն, իմաստութիւն, մեծութիւն, կազմութիւն, քաջութիւն և այլն։
  • Այն բառերը, որոնք վերջանում են -իւն-ով, օրինակ՝ անկիւն, արիւն, կորիւն, ձիւն, մրջիւն, սիւն։

Այս բառերի նմանությանմբ հոլովվում են՝

  • Ունդ, ուստ, ուրդ վերջածանց ունեցող մի շարք բառեր, օրինակ՝ ծնունդ, սերունդ, գալուստ, կորուստ, փախուստ, ժողովուրդ, խորհուրդ, հանգիստ և այլն։
  • Ձևական ընդհանրություններ չունեցող մի քանի այլ բառեր, օրինակ՝ տեսիլ, ամիս, տիւ և այլն։

Ե պարզ հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր թեք հոլովներում բառի վերջին բաղաձայնից առաջ հանդես է գալիս Ե հոլովիչը։ Հոգնակի թվում այս հոլովման պատկանող որոշ բառերում զուգահեռաբար գործածվում է նաև Ա հոլովիչը, որը, սակայն, դրվում է Ե հոլովիչով հոլովված ձևերի վրա։ Եզակի բացառականն ստանում է Է հոլովակերտ, գործիականը՝ բ։ Հոգնակի ուղղականում բառի վերջին բաղաձայնից առաջ հանդես է գալիս ե ձայնավորը։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. դուստր դստերք
Սեռ. դստեր դստերց կամ դստերաց
Տր. դստեր դստերց կամ դստերաց
Հայց. (զ)դուստր (զ)դստերս
Բաց. ի դստերէ ի դստերց կամ ի դստերաց
Գործ. դստերբ դստերբք կամ դստերաւք

Ե պարզ հոլովման ենթարկվում են՝

  • Ր-ով կամ Ղ-ով և նրան նախորդող բաղաձայնով վերջացող բառերը[4], օրինակ՝ անգղ, աստղ, ազդր, արկղ, դուստր, եզր, լիտր, կայսր, կոճղ, համր, ոսկր, ուստր, սկուտեղ, վագր, վաղր, տարր և այլն։
  • Իւր (եւր)-ով վերջացող մի քանի բառեր՝ ալիւր (ալեւր), աղբիւր (աղբեւր), եղջիւր (եղջեւր), աղտիւր (աղտեւր) կամ եղտիւր։

Ի պարզ հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեք հոլովներում հանդես է գալիս Ի հոլովիչը։ Եզակի բացառականն ունենում է է հոլովակերտը, որից առաջ Ի հոլովիչը, շեշտակորույս լինելով, ընկնում է։ Եզակի գործիականն ունենում է ւ հոլովակերտը։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. սիրտ սիրտք
Սեռ. սրտի սրտից
Տր. սրտի սրտից
Հայց. (զ)սիրտ (զ)սիրտս
Բաց. ի սրտէ ի սրտից
Գործ. սրտիւ սրտիւք

Ի պարզ հոլովման ենթարկվում են՝

  • Ձևաիմատային ընդհանրություն չունեցող մի շարք բառեր, օրինակ՝ ախտ, ահ, ահեղ, ամբողջ, այծ, այտ, ատաղձ, արօտ, բախտ, բան, բանտ, բառ, բարդ, բոյլ, բարձ, գոյժ, դատ, երթ, երկիւղ, խիղճ, ծայր, ծանօթ, ծնօտ, կայծ, կայթ, կարօտ, կերպ, հանդէս, հարց, հաց, հպարտ, հօտ, ձայն, ճառ, ճառագայթ, նետ, նժոյգ, ողորկ, ոստայն, պատուհաս, պատրաստ, պերճ, ջահ, սիրտ, սրահ, վախ, վեհ, վտանգ, տող, տօն, փայլ, փայտ, փաստ, քայլ և այլն։
  • Այն բառերը, որոնք վերջում ունեն հետևյալ հնչյունակապակցությունները՝
    • Այ - արքայ, երախայ (երեխայ), ընծայ, լումայ, ծառայ, կասկարայ, ճայ, շղթայ, պողոտայ, սկայ կամ հսկայ, վկայ, փեսայ, փիլիսոփայ, քուրայ և այլն։
    • Եայ - աշտեայ, մետաքսեայ, պաշտոնեայ, փախստեայ և այլն։
    • Ոյ, ածոյ - գոյ, երեկոյ, կոփածոյ, կռածոյ, ձուլածոյ և այլն։
    • Եան - ատեան, մատեան, յոբելեան, պատեան, վայրկեան և այլն։
    • Ոյթ - երևոյթ, ծածկոյթ, սովորոյթ և այլն։
    • Է - ափսէ, հալուէ, հիւղէ կամ հիւլէ, րոպէ և այլն։
    • Եստ - գովեստ, համեստ, ուտեստ, պահեստ և այլն։
    • Աստ - զգաստ, իմաստ, նպաստ և այլն։
  • Այսպես նաև որոշ բացառություններով՝ ոյտ, ոյց, ուտ հնչյունակապակցություններով վերջացող բառերը, օրինակ՝ կոյտ, պտոյտ, հանգոյց, բրուտ, օգուտ և այլն։
  • Մի շարք հատուկ անուններ, օրինակ՝ Մովսէս, Ներսէս, Հերովդէս, Մատթէոս, Պետրոս, Սարգիս, Մակաբէ, Վաչէ և այլն։
  • Մի շարք անեզական բառեր, օրինակ՝ ագոյցք, անէծք, առանցք, ասք, արևելք, արևմուտք, գնացք, խօսք, կուրծք, հաղբք, հմայք, ցնորք, Աղուանք, Կասպք, Պարսք և այլն։

Ո պարզ հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր թեք հոլովներում հանդես է գալիս Ո հոլովիչը։ Եզակի բացառականը հոլովակերտ չի ստանում։ Եզակի գործիականն ունենում է վ հոլովակերտը։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. գործ գործք
Սեռ. գործոյ գործոց
Տր. գործոյ գործոց
Հայց. (զ)գործ (զ)գործս
Բաց. ի գործոյ ի գործոց
Գործ. գործով գործովք

Ո հոլովման ենթարկվում են՝

  • Մի շարք բառեր, օրինակ՝ աթոռ, ախոռ, ածուխ, աղանդ, աղբ, աղիւս, ամբար, ամիճ, ամուլ, ամպ, անուր, արդար, արծաթ, արմատ, արջառ, արտ, աւազ, բերան, բոյն, բոյս, բոց, գետ, գետին, գէշ, գին, գինձ, գիր, գլուխ, գոգ, գոմ, գործ, գուբ, դուր, երազ, երգ, երդ, երէ, երկաթ, էշ, թել, թեւ, թեփ, թիւ, թուխ, թուղթ, թուք, թոք, ժողով, իլ, իւղ, լոյս, լուր, խմոր, խոտ, խոր, ծառ, ծեր, ծուխ, կաւ, կեղեւ, կիր, կշիռ, կողով, հին, հող, հողմ, հով, հոտ, հուր, ձող, ձոր, ձորձ, ճաշ, մարդ, մարմին, մէջ, մոխիր, մոմ, մորթ, մրուր, յոյս, ներկ, նոր, շուք, ողբ, ոճ, ոստ, որթ, որս, ուս, պղինձ, պտուղ, ջուր, սէր, սուգ, սուր, տապ, տարափ, տերև, տունկ, տօթ, ցեց, ցօղ, փետուր, փոր, փուշ, քոս, քուղ և այլն։
  • Այն բառերը, որոնք ունեն հետևյալ վերջածանցները՝
    • Ային - ամառային, աշխարհային, դաշտային, լեռնային, ձմերային կամ ձմեռնային, մարդկային և այլն։
    • Ուած - առեղծուած, դիպուած, զանգուած, կալուած, հայեցուած, մանուած, յօդուած, շինուած և այլն։
    • Ուն - անասուն, ասուն, գիտուն, զեռուն, թռչուն, հասուն, սողուն, ցօղուն և այլն։
    • Ցի[5] - հելլենացի, քաղդէացի, քանանացի, Կողբացի, Խորենացի, Փարպեցի և այլն։
  • Ի ձայնավորով վերջացող միավանկ բառերը, օրինակ՝ թի, լի, ձի և այլն, և երկվանկ երի, ոսկի, որդի, ոգի բառերը[6]
  • Անորոշ դերբայը, որը հոլովվում է միայն եզակի թվով, օրինակ՝ ասելոյ, երթալոյ, զարմանալոյ, հասանելոյ, տեսանելոյ և այլն։
  • Չեզոք և կրավորական սեռի բայերի անցյալ դերբայը, օրինակ՝ զարմացեալ - զարմացելոյ, մնացեալ - մնացելոյ, գնացեալ - գնացելոյ, մտեալ - մտելոյ, ասացեալ - ասացելոյ, սիրեցեալ - սիրեցելոյ և այլն։
  • Մի շարք հատուկ անուններ, օրինակ՝ Կարին, Շապուհ, Սանատրուկ, Տարօն, Վռամշապուհ և այլն։
  • Մի շարք անեզական բառեր, օրինակ՝ դժոխք, կոչունք, կուռք, հունձք, պահք, տիք, ինչպես նաև անեզական հատուկ անուններ՝ Հայք, Հոռոմք, Վայք, Տայք։

Ու պարզ հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառի թեքումը կատարվում է Ու հոլովիչով։ Եզակի բացառականն ստանում է է հոլովակերտ։ Եզակի զարդիականը որևէ հոլովակերտ չի ստանում և ձևով նման է լինում սեռականին. տարբերությունը կարելի է որոշել նախադասության մեջ։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. զարդ զարդք
Սեռ. զարդու զարդուց
Տր. զարդու զարդուց
Հայց. (զ)զարդ (զ)զարդս
Բաց. ի զարդուէ ի զարդուց
Գործ. զարդու զարդուք

Ու պարզ հոլովման ենթարկվում են՝

  • Մի շարք բառեր՝ այգ, առաւօտ, արդ, արև, գանձ, դաս, դար, զարդ, զէն, ժամ, ծակ, ծով, ճակատ, նախանձ, շաբաթ, ուրբաթ, պար, սակաւ, սպաս, վրէժ, քէն և այլն։
  • Կենդանի և թռչուն նշանակող որոշ բառեր՝ ագռաւ, աղուէս, առիւծ, արջ, գրաստ, ինծ կամ ինձ, կաքաւ, հաւ, ձագ, որթ (հորթ), ուլ, ուղտ, ցուլ և այլն։
  • Մի քանի հատուկ անուներ, օրինակ՝ Աբրահամ, Խոսրով, Ղուկաս, Յոհան, Յովհաննէս, Յովսէփ, Յորդանան, Մարիամ, Սոկրատէս և այլն։
  • Սակավաթիվ անեզական բառեր, օրինակ՝ աղունք, բարք, պարտք, վարք։
  • Ր-ով և նախընթաց բաղաձայնով վերջացող հետևյալ բառերը` ասր, թանձր, ծաղր, ծանր, կարծր, մանր, մեղր, փոքր, քաղցր։ Այս բառերի հոլովման ժամանակ եզակի թեք հոլովներում և հոգնակիի բոլոր հոլովներում ր-ն ընկնում է։ Հոգնակի թվի բոլոր հոլովներում հոլովակերտ մասնիկներից առաջ հանդես է գալիս ն ձայնորդը, օրինակ`
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. փոքր փոքունք
Սեռ. փոքու փոքունց
Տր. փոքու փոքունց
Հայց. (զ) փոքր (զ) փոքունս
Բաց. ի փոքուէ ի փոքունց
Գործ. փոքու փոքումբք

Խառը հոլովումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի-Ա արտաքին հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառի հոլովմանը մասնակցում են Ի և Ա հոլովիչները` առաջինը` մինչև եզակի գործիականը, երկրորդը` եզակի գործիականում ու հոգնակի թվի բոլոր թեք հոլովներում։ Եզակի բացառականում հանդես է գալիս է հոլովակերտը, որից առաջ Ի հոլովիչը, շեշտակորույս լինելով, սղվում է։ Եզակի գործիականում բառն ստանում է ւ հոլովակերտը։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. աշակերտ աշակերտք
Սեռ. աշակերտի աշակերտաց
Տր. աշակերտի աշակերտաց
Հայց. (զ) աշակերտ (զ) աշակերտս
Բաց. յաշակերտէ յաշակերտաց
Գործ. աշակերտաւ աշակերտաւք

Ի-Ա արտաքին հոլովման ենթարկվում են`

  • Մի շարք գոյականներ ու ածականներ, օրինակ` ագահ, ազատ, աղքատ, ամ, ամպրոպ, աշխարհ, բազում, բևեռ, գազան, գարշապար, գաւազան, գաւառ, գերեզման, գուսան, դաժան, դաշտ, դև, դպիր, երախան, երիտասարդ, երկիր, իր, լաւ, խաւար, կարգ, հագագ, հզօր, հրաման, ճանապարհ, ճարտար, մեծ, նախարար, նահանգ, նուազ, շպետ, ոսոխ, չար, պայծառ, պատկեր, պարկ, պարտէզ, սագ, սահման, սէգ, վախճան, վահան, վայրագ, վէմ, վիշապ, տէգ, տխմար, տկար, փապար, փարթամ, փիղ, քաջ, քիլ, օտար, օրիորդ և այլն։
  • Այն գոյականներն ու ածականները, որոնք վերջանում են հետևյալ հնչյունակապակցություններով`
    • Ակ - ագարակ, աթոռակ, ախորժակ, աղաղակ, աղիւսակ, ամբարտակ, աշտարակ, ասպատակ, աւազակ, բաժակ, բանակ, գիսակ, դանակ, դաստակ, դաստիարակ, երակ, զաւակ, լծակ, կտակ, կրակ, ճաշակ, պսակ, օրինակ և այլն։
    • Ական - անապատական, հանդիսական, շինական, փախստական և այլն։
    • Ածու - ակնածու, ձեռնածու, նուագածու և այլն։
    • Անակ - աշտանակ, արգանակ, ժամանակ, յաղթանակ և այլն։
    • Արան - գանձարան, գելարան, դատարան, պահարան և այլն։
    • Ացու - ապականացու, մահկանացու, պիտանացու և այլն։
    • Եակ - դայեակ, դղեակ, մանեակ, որդեակ, սենեակ և այլն։
    • Եղ - զօրեղ, հիւթեղ, ուժեղ և այլն։
    • Եղէն - բոցեղէն, հողեղէն, հրեղէն, ոսկեղէն և այլն։
    • Իկ - կապիկ, կօշիկ, մրրիկ, շապիկ և այլն։
    • Իչ - բրիչ, գործիչ, գրիչ, կարգիչ և այլն։
    • Որդ - անդէորդ, կշռորդ, ճանապարհորդ, որսորդ և այլն։
    • Ոց - գելոց, խայթոց, փողոց և այլն։
    • Ու - արու, եղջերու, լեզու, մեղու և այլն։
    • Ուկ - աղմուկ, բազուկ, գեղջուկ, ճամուկ, մտրուկ, ստրուկ, վհուկ, տզրուկ։
    • Պան - դռնապան, զանգապան, պահապան, պարտիզպան և այլն։
    • Ստան - այգեստան, բուրաստան, շահաստան և այլն։
    • Իոր կամ աւոր - աղանդաւոր, աղեղնաւոր, գեղմնաւոր, դատաւոր, զինուոր, շնչաւոր, ուղևոր, չքաւոր, սպասաւոր և այլն։
  • Մի շարք անեզական բառեր` արտասուք, խելք, կամք, կառք, կեանք, միտք, փառք, նույնպես և -անք բաղադրյալ մասնիկ ունեցողները` աղաչանք, բաղձանք, զարդարանք, զարմանք, զբօսանք, լլկանք, կալանք, հալածանք, հանգամանք, հոսանք, մեծարանք, յանցանք, յարգանք, պատրանք, պարսաւանք, պերճանք և այլն։

Ի-Ա ներքին հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառի հոլովմանը մասնակցում են Ի և Ա հոլովիչները, որոնք դրվում են բառի վերջին ձայնավորից առաջ։ Ի հոլովիչը հանդես է գալիս մինչև եզակի գործիականը, իսկ դրանից սկսած` գործում է Ա հոլովիչը։ Եզակի բացառականում հանդես է գալիս է հոլովակերտը, եզակի գործաիականում` բ հոլովակերտը։ Հոգնակի ուղղականում բառի վերջին ն բաղաձայնից առաջ հանդես են գալիս ի կամ ու հնչյունները։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. անձն անձինք
Սեռ. անձին անձանց
Տր. անձին անձանց
Հայց. (զ) անձն (զ) անձինս
Բաց. յանձնէ յանձանց
Գործ. անձամբ անձամբք

Ի-Ա ներքին հոլովման ենթարկվում են ն-ով և նախընթաց բաղաձայնով վերջացող[7] մի շարք բառեր` ազն (սերունդ, ցեղ), ազն (ազնվական), առն, ափն, բեռն, բուռն, գառն, դաշն, դառն, դոխն, եզն, եղն, թոռն, լեառն, խաշն, կաթն, կամն, կառափն, հարսն, մասն, նեռն, ողն, սառն, տոռն։

Ո-Ա խառն հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառի հոլովման ժամանակ եզակի թվում մինչև գործիականը հանդես է գալիս Ո հոլովիչը, իսկ եզակի գործիականում ու հոգնակի թվի բոլոր թեք հոլովներում` Ա հոլովիչը։ Եզակի բացառականը սովորաբար է հոլովակերտ չի ստանում, իսկ եզակի գործիականում հանդես է գալիս ւ հոլովակերտ մասնիկը։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. պատանի պատանիք
Սեռ. պատանւոյ պատանեաց
Տր. պատանւոյ պատանեաց
Հայց. (զ) պատանի (զ) պատանիս
Բաց. ի պատանւոյ ի պատանեաց
Գործ. պատանեաւ պատանեաւք

Ո-Ա խառն հոլովման ենթարկվում են`

  • Ի ձայնավորով վերջացող բազմավանկ բառերը[8], օրինակ` այգի, աղաւնի, աղօրի, ամեհի, ամուրի, այրի, անդրի, ապակի, առաքինի, բարի, գարի, գերի, գօտի, եղևնի, թշնամի, կատաղի, կենդանի, հագնի, մարի, մորթի, մորի, յուռթի, ոզնի, պատասխանի, փոշի և այլն։
  • Այն բառերը, որոնք ունեն հետևյալ վերջածանցները`
    • Անի - գեղանի, լեզուանի, հովանի, պիտանի և այլն։
    • Ենի - աղուեսենի, արմաւենի, զմռնենի, թզենի, հայրենի, վայրենի, վարդենի և այլն։
    • Ոտի - զազրոտի, ցնցոտի և այլն։
    • Ուհի - տիրուհի, քրմուհի, Սմբատուհի, Տաճատուհի և այլն։
    • Ունի - արքունի, ծերունի։
  • Ունի մասնիկով վերջավորվող հատուկ անունները, օրինակ` Արշակունի, Արծրունի, Բագրատունի, Մանդակունի և այլն։
  • Մի շարք անեզական բառեր, օրինակ` անդրավարտիք, արգասիք, բաղանիք, երախտիք, ընթրիք, ժանիք, կարիք, կարծիք, կեղծիք, հարսանիք, չարիք, օձիք և այլն։

Անկանոն հոլովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաբարում անկանոն կամ զարտուղի են համարվում հայր, մայր, եղբայր, այր, տէր, քոյր, կին, տիկին, աւր, տիւ, գիւղ բառերի հոլովումը, քանի որ դրանք կատարվում են ընդհանուր կանոններից որոշակի շեղումներով։ ՀԱյ քերականության մեջ փորձեր են արվել այս բառերը ևս բաշխել ըստ առանձին հոլովումների։ Օրինակ` Արսեն Բագրատունին այր, տէր, հայր, մայր, եղբայր, կին բառերը համարում է առաջին հոլովման (Ա հոլովում), քույր բառը` երկրորդ հոլովման (Ե հոլովում), գիւղ բառը` երրորդ հոլովման (Ի հոլովում), աւր բառը` հինգերորդ հոլովման (Ու հոլովում)[9]։

Այր բառի եզակի սեռական, տրական ու բացառական հոլովներում հոլովիչի դեր է կատարում արմատական ձայնավորը։ Եզակի գործիական ու հոգնակի թվի թեք հոլովներում բառին ավելանում է Ա հոլովիչը։ Եզակի թվի թեք և հոգնակի թվի բոլոր հոլովներում յ հնչյունը սղվում է, իսկ ր հնչյունը Ն հոլովակերտ մասնիկի մոտ վերածվում է ռ-ի։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. այր արք
Սեռ. առն արանց
Տր. առն արանց
Հայց. (զ) այր (զ) արս
Բաց. յառնէ յարանց
Գործ. արամբ արամբք

Տէր բառը կազմությամբ բարդ է. այն կազմված է տի (մեծ, բարձրաստիճան) և այր արմատներից, որտեղ ի ձայնավորը սղվել է, իսկ այ երկբարբառը միայն եզակի ուղղականում պարզվելով վերածվել է է[10]։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. տէր տեարք
Սեռ. տեառն տեարց, տերանց
Տր. տեառն տեարց, տերանց
Հայց. (զ) տէր (զ) տեարս
Բաց. ի տեառնէ ի տեարց, ի տերանց
Գործ. տերամբ տերամբք

Տէր բառի օրինակով են հոլովվում նաև այն բարդ բառերը, որոնց վերջին բաղադրիչը տէր-ն է, օրինակ` տանուտէր - տանուտեառն, պարտատէր - պարտատեառն և այլն։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. հայր հարք
Սեռ. հաւր (հօր) հարց, հարանց
Տր. հաւր (հօր) հարց, հարանց
Հայց. (զ) հայր (զ) հարս
Բաց. ի հաւրէ (ի հօրէ) ի հարց, ի հարանց
Գործ. հարբ հարբք, հարամբք

Մայր, եղբայր բառերը հոլովվում են հայր բառի նման, սակայն առանց հոգնակի թվի հոլովների երկրորդ ձևերի։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. մայր մարք
Սեռ. մաւր (մօր) մարց
Տր. մաւր (մօր) մարց
Հայց. (զ) մայր (զ) մարս
Բաց. ի մաւրէ (ի մօրէ) ի մարց
Գործ. մարբ մարբք
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. եղբայր եղբարք
Սեռ. եղբաւր (եղբօր) եղբարց
Տր. եղբաւր (եղբօր) եղբարց
Հայց. (զ) եղբայր (զ) եղբարս
Բաց. յեղբաւրէ (յեղբօրէ) յեղբարց
Գործ. եղբարբ եղբարբք

Սրանց նման են հոլովվում նաև բարդվածները, օրինակ` նախահայր, նախամայր, հօրեղբայր և այլն։

Քոյր բառի թեք հոլովներում ոյ երկբարբառին փոխարինում է Ե հոլովիչը։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. քոյր քորք
Սեռ. քեռ քերց
Տր. քեռ քերց
Հայց. (զ) քոյր (զ) քորս
Բաց. ի քեռէ ի քերց
Գործ. քերբ քերբք
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. կին կանայք
Սեռ. կնոջ կանանց, կանաց
Տր. կնոջ կանանց, կանաց
Հայց. (զ) կին (զ) կանայս
Բաց. ի կնոջէ ի կանանց, ի կանաց
Գործ. կանամբ կամ կնաւ կանամբք
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. տիկին տիկնայք
Սեռ. տիկնոջ տիկնայց, տիկնաց
Տր. տիկնոջ տիկնայց, տիկնաց
Հայց. (զ) տիկին (զ) տիկնայս
Բաց. ի տիկնոջէ ի տիկնայց, ի տիկնաց
Գործ. տիկնամբ կամ տիկնաւ տիկնամբք

Գիւղ բառի եզակի սեռական, տրական ու սրանից կազմված բացառական հոլովներում հանդես է գալիս ջ մասնիկը, բացառականում ավելանում է է հոլովակերտը։ Եզակի թվի սեռական, տրական ու բացառական հոլովները ներդրական բնույթ ունեն, որտեղ իւ երկբարբառը փոխարինվում է ե հնչյունով։ Եզակի գործիականում ու հոգնակի թվի թեք հոլովներում բառի վերջում ավելանում է Ի հոլովիչը, որից հետո հանդես են գալիս հոլովակերտ մասնիկները։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. գիւղ գիւղք
Սեռ. գեղջ գիւղից
Տր. գեղջ գիւղից
Հայց. (զ) գիւղ (զ) գիւղս
Բաց. ի գեղջէ ի գիւղից
Գործ. գիւղիւ գիւղիւք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1976, էջ 15։
  2. 2,0 2,1 Ա. Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1976, էջ 16։
  3. Նման բառերի մի մասն էլ ենթարկվում է Ի-Ա ներքին հոլովման։
  4. Դրանց մի մասը ենթարկվում է ՈՒ պարզ հոլովման։
  5. Ի-ով վերջացող բազմավանկ բառերի մյուս մասը ենթարկվում են Ո-Ա հոլովման։
  6. Ի-ով վերջացող բազմավանկ բառերի մեծ մասը ենթարկվում են Ո-Ա հոլովման։
  7. Նման բառերի մի մասն էլ ենթարկվում է Ա ներքին հոլովման։
  8. Բացառություն են կազմում ցի ածանցով վերջացող բառերը, Ի ձայնավորով վերջացող միավանկ բառերն ու երի, որդի, ոսկի, ոգի բառերը, որոնք ենթարկվում են Ո պարզ հոլովման։
  9. Ա. Բագրատունի, Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց, Վենետիկ, 1852, էջ 34-37։
  10. Ա. Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1976, էջ 54։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1976։
  • Մ. Աբեղյան, Գրաբարի քերականություն, Երևան, 1936։
  • Է. Աղայան, Գրաբարի քերականություն, հ. 1, գիրք Ա, Երևան, 1964։
  • Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, մ. 1-2, Երևան, 1940-1951։
  • Վ. Առաքելյան, Գրաբարի հոլովումը և խոնարհումը, Երևան, 1945
  • Հ. Ավետիսյան, Ռ. Ղազարյան, Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1978։
  • Ս. Ղազարյան, Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1951։
  • Պ. Շարաբխանյան, Գրաբարի դասընթաց, Երևան, 1974։
  • Ստ. Մալխասյանց, Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները, 2-րդ հրատ., Թիֆլիս, 1910։
  • Գ. Ջահուկյան, Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը, Երևան, 1959։
  • Գ. Ջահուկյան, Գրաբարի քերականության պատմություն, Երևան, 1974։