Գրաբարի խոնարհման համակարգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բայի խոնարհման համակարգ, բայի քերականական փոփոխությունների ամբողջություն։

Խոնարհումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաբարում բայն ունի չորս լծորդ կամ խոնարհիչ. վերջիններս լ հնչյունի հետ կազմում են անորոշ դերբայի դերբայական մասնիկները՝ -ել, -ալ, -ել(իլ)[1], -ուլ։ Ըստ խոնարհիչների էլ առանձնացվում են գրաբարի չորս խոնարհումները՝ Ե, Ա, Ի, ՈՒ։ Օրինակ՝ Ե խոնարհման են ենթարկվում ածել, անցանել, ասել, արկանել, գրաւել, զարկանել, կարգել և այլ բայեր, Ի խոնարհման՝ անկանել (անկանիմ), կամել (կամիմ), մարտնչել (մարտնչիմ), նստել (նստիմ), ուսանել (ուսանիմ), Ա խոնարհման՝ աղալ, գոհանալ, իմանալ, մեծանալ, յուսալ, ստանալ, փութալ, ՈՒ խոնարհման՝ այտնուլ, զարթնուլ, զգենուլ, զբօսնուլ, թողուլ, կիզուլ, յեղուլ, ցածնուլ, քաղցնուլ և այլն։

Խոնարհման ժամանակ կրած ձևական փոփոխությունների ընդհանուր բնույթի հիման վրա բայերի խոնարհումը բաժանվում է երկու տիպի՝ ներգործաձև (ներգործակերպ) ու կրավորաձև (կրավորակերպ)։ Ե խոնարհման բայերը խոնարհվում են ներգործաձև, իսկ դրանցից ներգործական սեռի բայերը՝ նաև կրավորաձև։ Ի խոնարհման բայերը խոնարհվում են միայն կրավորաձև։

Բայահիմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաբարում դերբայներն ու բայի պարզ ժամանակաձևերը կազմվում են երկու բայահիմքից` ներկայի հիմք և անցյալ կատարյալի հիմք։

Ներկայի հիմքից կազմվում են անորոշ ու ապառնի դերբայներ (երբեմն նաև մյուս դերբայներ), սահմանական եղանակի ներկա ու անցյալ անկատար ժամանակաձևերը, ստորադասական եղանակի առաջին ապառնի ժամանակաձևը, հրամայական եղանակի արգելական ձևը։

Անցյալ կատարյալի հիմքից կազմվում են անցյալ ու ենթակայական դերբայները, սահմանական եղանակի անցյալ կատարյալ ժամանակաձևը, ստորադասական եղանակի երկրորդ ապառնի ժամանակաձևը, ինչպես նաև բուն հրամայականը` հրամայական եղանակի ներկան ու հորդորական հրամայականը՝ հրամայական եղանակի ապառնին։

Դերբայներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաբարի դերբայները չորսն են՝ անորոշ, ենթակայական (ներկա), անցյալ և ապառնի։

Անորոշ դերբայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անորոշ դերբայը բայի ուղիղ, չթեքված ձևն է. այն կազմված է ներկայի հիմքից ու համապատասխան դերբայական մասնիկներից՝ -ել, -ալ, -ել(իլ), -ուլ։

Դասական մատենագիրների երկերում Իխոնարհիչը անորոշ դերբայում սովորաբար փոխարինվում է Ե խոնարհիչով, այսինքն՝ Ի խոնարհման բայերի անորոշ դերբայն ունենում է ել վերջավորությունը՝ այդպիսով նմանվելով Ե խոնարհման բայերին։

Ապառնի դերբայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաբարում ապառնի դերբայը երկու տարբերակ ունի. մեկը կազմվում է -ոց մասնիկով, մյուսը՝ ։ Դերբայական այս մասնիկները դրվում են անորոշ դերբայի վրա, օրինակ՝ շարժել - շարժելոց, շարժելի, արկանել - արկանելոց, արկանելի, անկանել - անկանելոց, անկանելի, թռչել - թռչելոց, թռչելի, մարտնչել - մարտնչելոց, մարտնչելի, մնալ - մնալոց, մնալի, զարմանալ - զարմանալոց, զարմանալի և այլն։ Ու խոնարհման բայերի ապառնի դերբայի կազմության ժամանակ Ու խոնարհիչը սղվում է, օրինակ՝ կիզուլ - կիզլոց, կիզլի, ջեռնուլ - ջեռնլոց, ջեռնլի, թողուլ - թողլոց, թողլի և այլն։

Անցյալ դերբայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաբարի անցյալ դերբայն իմաստով համապատասխանում է ժամանակակից գրական հայերենի վաղակատար և հարակատար դերբայներին։

Գրաբարում անցյալ դերբայը կազմվում է -եալ մասնիկով, որ ավելանում է բայի անցյալ կատարյալի կամ ներկայի հիմքին, օրինակ՝ հեռացեալ, հեղեալ, ջեռեալ, գտեալ և այլն։

Ե և Ի խոնարհման պարզ բայերի անցյալ դերբայը կազմվում է և՛ կատարյալի, և՛ ներկայի հիմքերից, օրինակ՝ սիրեմ - սիրեցեալ, սիրեալ, գրեմ - գրեցեալ, գրեալ, հաշտիմ - հաշտեցեալ, հաշտեալ, բնակիմ - բնակեցեալ, բնակեալ և այլն։

Անցյալ կատարյալի հիմքում ի թույլ բաղադրիչ ունեցող բայերի անցյալ դերբայը կազմվում է նրանց պատճառականի հիմքից, օրինակ՝ երկնչիմ - երկուցեալ, թռչիմ - թռուցեալ, մատչիմ - մատուցեալ, զարթնուլ - զարթուցեալ, խափնուլ - խափուցեալ, ցասնուլ - ցասուցեալ և այլն։ Բացառություն է կազմում քաղցնուլ բայը, որի անցյալ դերբայը լինում է քաղցեալ[2]։

Ենթակայական (ներկա) դերբայ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթակայական դերբայը (ներկա դերբայ, ընդունելություն ներկա) գրաբարում կազմվում է դերբայական -ող կամ -օղ մասնիկներով։

Ե և Ի խոնարհման պարզ բայերի ենթակայական դերբայը կազմվում է ներկայի հիմքից, օրինակ՝ յաղթող, սիրող, գնող, շինող (Ե խոնարհում), խօսող, դիպող (Ի խոնարհում) և այլն։ Երբեմն նման բայերի ենթակայական դերբայը կազմվում է նաև անցյալ կատարյալի հիմքից, օրինակ՝ երգեցող, ասացող, կամեցող։

Ե և Ի խոնարհման ածանցավոր բայերի ենթակայական դերբայը զուգահեռաբար կազմվում է ներկայի ու անցյալ կատարյալի հիմքերից, բայց ավելի հաճախ` անցյալ կատարյալի հիմքից, օրինակ` գտանել - գտանող, գտող, հարցանել - հարցանող, հարցող, տեսանել - տեսանող, տեսող (Ե խոնարհում), ուսանել - ուսանող, ուսող, ծնանել - ծնանող, ծնող (Ի խոնարհում)։

Ա և Ու խոնարհման պատկանող բայերի ենթակայական դերբայը կազմվում է անցյալ կատարյալի հիմքից, օրինակ՝ բարկացող, գոհացող, ցանկացող (Ա խոնարհում), արգելող, առող, զենող (Ու խոնարհում)։

Գրաբարում ենթակայական դերբայ չեն ունենում՝

  • Անցյալ կատարյալի հիմքում ի թույլ բաղադրիչ ունեցող բայերը, այսինքն՝ Ի խոնարհման պատկանող չ և նչ սոսկածանցավոր բայերը, օրինակ՝ թռչիմ, մարտնչիմ, կորնչիմ և այլն, ինչպես նաև Ու խոնարհման ն ածանց ունեցող մի շարք բայեր, օրինակ՝ այտնուլ, զարթնուլ, ուռնուլ և այլն։
  • Կրավորական սեռի բայերը, իսկ հասարակ բայերի ենթակայական դերբայն արտահայտում է միայն ներգործական նշանակություն, օրինակ՝ ծնող, դատող։
  • Ու խոնարհման չեզոք բայերը։

Սահմանական եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանական եղանակը գրաբարում ունի չորս պարզ ու երեք բաղադրյալ ժամանակաձևեր։

Ներկա անկատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա անկատար ժամանակաձևը կազմվում է բայի ներկայի հիմքից՝ հետևյալ վերջավորություններով՝

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Առաջին դեմք -մք
Երկրորդ դեմք -յք
Երրորդ դեմք

Ե, Ի և Ու խոնարհումների դեպքում եզակի թվի երրորդ ու հոգնակի թվի երկրորդ դեմքում եղած յ-ն դուրս է ընկնում է երկբարբառային ձայնավորի, ի ձայնավորի ու ւ ձայնորդի առկայության պատճառով։

Ե խոնարհման պատկանող բայերը անկատար ներկա ժամանակում ենթարկվում են ներգործաձև խոնարհման

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Առաջին դեմք արկանեմ արկանեմք
Երկրորդ դեմք արկանես արկանէք
Երրորդ դեմք արկանէ արկանեն

Ե խոնարհման ներգործական սեռի բայերը ենթարկվում են նաև կրավորաձև խոնարհման՝ արտահայտելու համար կրավորականի իմաստ.

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Առաջին դեմք արկանիմ արկանիմք
Երկրորդ դեմք արկանիս արկանիք
Երրորդ դեմք արկանի արկանին

Ի խոնարհման բայերը՝ անկախ սեռից, խոնարհվում են միայն կրավորաձև՝

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Առաջին դեմք թռչիմ թռչիմք
Երկրորդ դեմք թռչիս թռչիք
Երրորդ դեմք թռչի թռչին

Ա խոնարհման բայերը ներկա ժամանակում ունեն ընդհանուր վերջավորություններ, որոնք ծառայում են և՛ ներգործաձև, և՛ կրավորաձև խոնարհումների համար.

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Առաջին դեմք գողանամ գողանամք
Երկրորդ դեմք գողանաս գողանայք
Երրորդ դեմք գողանայ գողանան

Ու խոնարհման բայերը ևս ներկա ժամանակում ունեն ընդհանուր վերջավորություններ.

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Առաջին դեմք կիզում կիզումք
Երկրորդ դեմք կիզուս կիզուք
Երրորդ դեմք կիզու կիզուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրաբարում Ի խոնարհիչը անորոշ դերբայում սովորաբար փոխարինվում է Ե խոնարհիչով, այդ պատճառով էլ բառարաններում տրվում է բայի սահմանական եղանակի ներկա ժամանակի եզակի թվի առաջին դեմքը։
  2. Ա. Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1976։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1976։
  • Մ. Աբեղյան, Գրաբարի քերականություն, Երևան, 1936։
  • Է. Աղայան, Գրաբարի քերականություն, հ. 1, գիրք Ա, Երևան, 1964։
  • Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, մ. 1-2, Երևան, 1940-1951։
  • Վ. Առաքելյան, Գրաբարի հոլովումը և խոնարհումը, Երևան, 1945
  • Հ. Ավետիսյան, Ռ. Ղազարյան, Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1978։
  • Ս. Ղազարյան, Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1951։
  • Պ. Շարաբխանյան, Գրաբարի դասընթաց, Երևան, 1974։
  • Ստ. Մալխասյանց, Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները, 2-րդ հրատ., Թիֆլիս, 1910։
  • Գ. Ջահուկյան, Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը, Երևան, 1959։
  • Գ. Ջահուկյան, Գրաբարի քերականության պատմություն, Երևան, 1974։