Գուրգեն Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գուրգեն Աշոտի Առաքելյան (1925, օգոստոսի 26 - ), հայ արձակագիր, լրագրող, կինոսցենարիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963-ից։

Ծնվել է Երևանում։ 1944-ին ավարտել է Երևանի հատուկ ռազմահրետանային դպրոցը, 1949-ին` Երևանի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը։ 1946-58-ին աշխատել է «Պիոներ կանչ» և «Ավանգարդ» թերթերում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, խմբագիր։ 1958-59-ին եղել է «Երեկոյան Երևան» թերթի խմբագիրը, 1959-74-ին` «Պրավդա» թերթի Հայաստանի թղթակիցը։ 1974-79-ին աշխատել է Հայաստանի ԿԿ Կենտկոմում որպես մշակույթի բաժնի վարիչ։ 1980-ի հունվարից մինչև 1985-ի դեկտեմբերը եղել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստր։ 1985-ի դեկտեմբերից եղել է «Սովետական արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիրը։

1970-ին «Գեղարվեստական գրականությունը սովետահայ մամուլում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրականգիտությունների թեկնածուի աստիճան։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Կռունկ» (Մոսկվա, 1965), «Պրավդա» թերթը Հայաստանի մասին» (Գևորգ Ղարիբջանյանի և Սպարտակ Բաղդասարյանի հեղինակակցությամբ, Երևան, 1973), «Կարուսել» (երգիծական պատմվածքների ժողովածու, Երևան, 1975), «Պրավդան» և հայ կուլտուրան» (Երևան, 1978) գրքերը։

Հեռուստատեսային ֆիլմերի ստուդիան նրա սցենարով նկարահանել է «Թունելի մարդիկ» (1965) կինոնկարը, «Հայֆիլմ» կինոստուդիան` «Ապրում էր մարդը» (Արշավիր Դարբնու և Ալեքսանդր Արաքսմանյանի հեղինակակցությամբ, 1968), «Արևիկ» երկսերիանոց գեղարվեստական (հեղինակակից Առնոլդ Աղաբաբով) կինոնկարը։ «Արևիկ» կինոնկարը 1979-ին Պրահայի միջազգային կինոփառատոնում շահել է «Գրան Պրի» բարձրագույն մրցանակը։

Գուրգեն Առաքելյանը եղել է ՀԽՍՀ IX-XI գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի (2) և «Պատվո նշան» շքանշաններով։[1]

Գ. Առաքելյանի երկերի մատենագրություն [խմբագրել]

  • Տափաստանի մարդիկ (ակնարկների ժողովածու), Երևան, Հայպետհրատ, 1955, 92 էջ։
  • Անհայտ հերոսը (ակնարկներ), Երևան, Հայպետհրատ, 1960, 308 էջ։
  • Նրա կյանքի ուղին (ակնարկ սոցիալիստական աշխատանքի հերոս Աշոտ Մելքոնյանի մասին), Երևան, Հայպետհրատ, 1961, 35 էջ։
  • Կամուրջի մոտ (գրքում տեղ են գտել «Վստահություն» վիպակը, ակնարկներ և կինոակնարկներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 264 էջ։
  • Օվկիանոսն ու նավապետը (կինովիպակներ, ակնարկներ, պատմվածքներ, հումորիստական ֆելիետոններ), Երևան, «Հայաստան», 1965, 396 էջ։
  • Հանդիպում, Երևան, «Հայաստան», 1968, 291 էջ։
  • Հունգարական պատկերներ, Երևան, «Հայաստան», 1968, 84 էջ։
  • Գրականություն ծնված մամուլում (ուսումնասիրություն պարբերական մամուլում լուս տեսած գրական-հրապարակախոսական գործերի մասին), Երևան, «Հայաստան», 1971, 228 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել Գ. Առաքելյանի «Ճանապարհ» գործը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Հեռավոր ափերում..., Երևան, «Հայաստան», 1982, 380 էջ։

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 45-46։