Գուստավ Ադոլֆ Շրումպֆ (Schrumpf) (փետրվարի 8, 1844(1844-02-08), Օբերոսբերգեն - դեկտեմբերի 12, 1892(1892-12-12), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիական բանասեր, հայագետ։ Ծագումով գերմանացի։ Ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն է դասավանդել Անգլիայի քոլեջներից մեկում։ Զբաղվել է նաև հայերենի քերականությամբ, բարբառագիտությամբ, բանահյուսությամբ, հեթանոսական կրոնով։ 1890 թվականին հրատարակել է «Հայագիտությունը Եվրոպայում» հոդվածաշարը՝ ներկայացնելով 16-19-րդ դարերում եվրոպացի հայագետների համառոտ կենսագրությունները, քննության ենթարկել նրանց գործերը։ Այս աշխատությունն իր տեսակի մեջ առաջինն է հայագիտության բնագավառում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 593)։