Գուսանական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գուսանական երաժշտություն, լայն իմաստով հայ երաժշտական արվեստի ճյուղերից է, որի ստեղծողները ստրկատիրական հասարակարգի պայմաններում՝ վիպասանները, վաղ և զարգացած ֆեոդալիզմի շրջանում՝ գուսաններն ու վարձակները, ուշ միջնադարում և նոր ժամանակներում՝ աշուղներն էին։ Նեղ առումով գուսանների ու վարձակների մշակած արվեստն է, որ հարատևել է հիմնականում մինչև XV— XVI դդ․։ «Գուսան» (պահլ․, պարսկ․ kusan, gosan, gusan) անվանումը արմատավորվել է հայ-պարթևական մշակութային խաչավորումների պայմաններում։ Ժառանգելով վիպասանների ստեղծագործության ժանրային բազմազանությունը (առասպելական, պատմական և դիցաբանական, հերոսական, ծիսական և ռազմական երգեր, ներբողներ և տոնական երգեր)՝ գուսանները ոչ միայն հարստացրել են այն (սեղանի, խնջույքի, սիրո, գարնան, ուրախության և ուրիշ երգերով), այլև էապես նորոգել են բովանդակությունը։ Սկզբնական շրջանում գուսանները կապված են եղել հեթանոսական մշակույթին։ Գուսանական երգերը, մանավանդ հայրենները, արժանացել են գրավոր հաստատագրման։ Ավելի ուշ խոշոր շարքերով մտել են գրչագիր տաղարանների մեջ։ Երաժշտական գրառումները, սակայն, սակավ են։ Դրանցից են Կոմիտասի ձայնագրած «Մի լար մայրիկ»-ը, «Գիշեր ցերեկ»-ը, «Օրոր»-ը, «Անտունի»-ն, «Քաջ հարեն»-ը։ Հովհաննես Երզնկացին, Առաքել Սյունեցին, Հակոբ Ղրիմեցին և ուրիշներ իրենց գրվածքներում կարևոր տեղ են հատկացրել նվագարաններին, գուսանական նվագին, նրա տեսական հարցերին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 254