Գոթայի ծրագրի քննադատություն (աշխատություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Մարքս և Ֆրիդրիխ Էնգելս

«Գոթայի ծրագրի քննադատությունը» (գերմ.՝ Kritik des Gothaer Programms), փաստաթուղթ, հիմնված Կառլ Մարքսի` 1875 թվականի մայիսի սկզբին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցությանը (ԳՍԴԲԿ) ուղղված գրված «Դիտողություններ գերմանական բանվորական կուսակցության շուրջը» անվամբ նամակի վրա։ Համարվում է մարքսիզմի ծրագրային փաստաթղթերից մեկը։ Հրատարակվել է Ֆրիդրիխ Էնգելսի կողմից, 1891 թվականին։ Լրիվ տեքստն առաջին անգամ հրատարակվել է նախկին ԽՍՀՄ-ում, 1932 թվականին՝ ռուսական, 1933 թվականին՝ գերմանական տարբերակներով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքսը «կապիտալ» աշխատությունում կատարած հետազոտությունների հիման վրա «Գ․ծ․ք․»-ում առաջին անգամ հստակ ձևակերպում է կոմունիստական հասարակության զարգացման երկու փուլերի՝ սոցիալիզմի և կոմունիզմի վերաբերյալ դրույթը, բնութագրում է դրանց տարբերիչ և ընդհանուր գծերը։ Տալով լիակատար կոմունիզմի համակողմանի բնութագիրը՝ նշում է, որ միայն այսպես կոչված լիակատար կոմունիզմի ժամանակ հասարակությունը կազատվի անցյալի մնացուկներից, կվերանա աշխատանքի հասարակական բաժանման հին ձևը, կանհետանա մտավոր և ֆիզիկակաև աշխատանքի հակադրությունը, աշխատանքը, մնալով իբրև ապրուստի անհրաժեշտ միջոց, միաժամանակ կդառնա առաջին կենսական պահանջմունքը, արտադրողական ուժերի զարգացման հիման վրա կստեղծվի կենսական բարիքների լիակատար առատություն և հնարավոր կլինի իրականացնել կոմունիզմի այսպես կոչված՝ մեծ սկզբունքը՝ «Յուրաքանչյուրն ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին ըստ պաևաևջմունքների»։

Կոմունիզմը Մարքսը դիտում էր որպես «բնապատմական պրոցեսի արդյունք» և հարցը քննարկում հետևյալ կերպ. «․․․ ինչպես բնագետը կդներ մի նոր, ասենք, բիոլոգիական տեսակի զարգացման հարցը, երբ մենք գիտենք, որ այն հենց այս կերպ է ծագել ու այսինչ որոշ ուղղությամբ է կերպարանափոխվում»։ Մարքսը հաստատում էր կապիտալիզմից սոցիալիզմին անցումային շրջանի քաղաքական իշխանության ուրույն ձևի հաստատման անխուսափելիությունը, գտնելով, որ այդ շրջանի պետությունը պետք է լինի «պրոլետարիատի հեղափոխական դիկտատուրան»։ Քննարկվում է նաև կոմունիստական հասարակությունում պետության էվոլյուցիայի հարցը, ցույց է տրվել, որ պետության մահացման պրոցեսի էությունը պետական ֆունկցիաները հասարակականի վերածվելու մեջ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 146