Գյումրիի պատմություն (Կումայրիի ժամանակաշրջանի վերլուծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքի տարածքի մեջ այսօր ընդգրկված է երկու մեծ հնավայրեր՝ Կումայրին և Մսի կոմբինատի թաղամասի հնավայրը, իսկ հյուսիս-արևմուտքից նրան հարում է մեկ ուրիշ մեծ հնավայր՝ Տիրաշենը։ Քաղաքի երկարատև պատմության ուրվագծման տեսանկյունից առավել կարևոր է Կումայրի հնավայրը։ Սա եղել է այն միջուկը, որի շուրջ և ձևավորվել է մինչև 1837 թվականը նրա անունը պահած Գումրի կամ Գյումրի (հետագայում Ալեքսանդրապոլ, 1924 թվականից՝ Լենինական) քաղաքը։

Կումայրի եկեղեցու ավերակները

Կումայրի հնավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումայրին բազմաշերտ հնավայր է։ Այստեղ պեղումներ կատարած Խորհրդային Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի (ղեկավար՝ Ս. Վ. Հարությունյան) հայտնաբերած «սև ողորկ» խեցեղենի նմուշները, բրոնզեդարյան աշխատանքի գործիքները և նյութական արտադրության ոլորտին պատկանող մյուս իրերը վկայում են, որ Կումայրին բնակելի է եղել դեռևս Ք.ա. 3-րդ հազարամյակում։ Պատմական զարգացման հաջորդ փուլերում, ինչպես հնագիտական նյութից ելնելով եզրակացնում է հնագետ Խաչատրյանը, բնակավայրն աստիճանաբար ընդարձակվել է և նախաուրարտական ժամանակաշրջանում վերածվել Շիրակի տարածքի խոշոր բերդավաններից (ամրոց-բնակավայրերից) մեկի։ Առաջին գլխավոր տեղեկությունը այժմյան Գյումրիի տարածքում գոյություն ունեցած հնադարյան բնակավայրերից մեկի մասին հաղորդում է Մարմաշենի ուրարտական արձանագրությունը։ Մարամաշեն և Վահրամաբերդ գյուղերի մոտ գտնվող ժայռը հղկել և նրա վրա այդ արձանագրությունը փորագրել է տվել Ուրարտուի արքա Արգիշտի Առաջինը (786-760 թթ. Ք.ա.)։ Գիտությունների ազգային ակադեմիայի Մելիքիշվիլու մշակած ժամանակագրության համաձայն, Մարմաշենի արձանագրությունը թվագրվում է մ.թ.ա. 774 թվականը։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ Արարատյան դաշտի նվաճումից և այնտեղ երկու բերդավանների (Էրեբունի՝ 782 թ. և Արգիշտիխինիլի՝ 776 թ.) հիմնադրումից հետո, Արգիշտին ձեռնամուխ էր եղել Հայկական լեռնաշխարհի հյուսիսային շրջանների՝ դրանց թվում և Շիրակի (ուրարտերեն Էրիախի) նվաճմանը։

Մարմաշենի սեպագիր արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմաշենի սեպագիր արձանագրությունը.

Արձանագրությունը, որը 1862 թվականին հայտնաբերել էր ակադեմիկոս Մ. Կեստները, առաջին անգամ հրատարակվել է նույն թվականին Պետերբուրգի Կայսերական գիտությունների ակադեմիայի բյուլետենում։ Այն ունի հետևյալ բովանդակությունը. «Խալդյան մեծությամբ Արգիշտին ասում է. – գրավեցի Էրիախի երկիրը, գրավեցի Իրդանիու քաղաքը՝ միմչև Իշկիգուլու երկիրը»։ Նույն Արգիշտի Առաջինի թողած Խորխոռյան տարեգրության 13-րդ տարվա տակ դարձյալ խոսվում է Արգիշտիի կողմից Էրիախի երկրի (այս անգամ Կատարզայի հետ միասին) նվաճման մասին։ Մ.Վ. Նիկոլսկին, Լեոն, Ի.Ի. Մեշչանինովը, Գ. Ա. Ղափանցյանը, Գ. Ա. Մելիքիշվիլին, Ս.Տ. Երեմյանը և ուրիշներ Իրդանիու քաղաքը տեղադրում է Լենինականի շրջակայքում, երբեմն ուղղակիորեն այն նույնացնելով հետագայի Մարմաշենի հետ։ Սակայն, ինչպես առարկում է Հ. Հ. Կարագյոզյանը Իրդանիուն փնտրելու ենք ոչ թե Մարմաշենում, այլ նրա մոտերքում, որովհետև Մարմաշենում գտնվել է այդ բնակավայրը նվաճած Արգիշտի Առաջինի բնակատեղին։

Իրդանիու քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրդանիու քաղաքի տեղը կարելի է ավելի կոնկրետացնել, ելնելով նրա տեղադրության ճշգրտմանն օգնող հետևյալ հանգամանքներից։ 1. Քանի որ Իրդանիուն(այն էլ որպես քաղաք) հիշատակվում է Էրիախի երկրի հետ միասին, ուրեմն այն պետք է լիներ միայն Էրիախի երկրի կենտրոնատեղին, նրա «արքայական քաղաք»-ը։ 2.Անտարակույս, Էրիախիի կենտրոնատեղին՝ նրա «արքայական քաղաք» Իրդանիուն չէր կարող գտնվել նրա ծայր հյուսիսում Իշկիգուլու (Աշոցք) երկրի հետ նրա ունեցած սահմանի մոտ՝ Մարմաշենում։ Էրիախի երկրի «արքայական քաղաք»-ը, անկասկած պետք է գտնվեր նրա մի այնպիսի շրջանում, որտեղից երկրի «արքա»-ները (իրականում «ցեղապետ-արքա»-ները) համեմատաբար հեշտությամբ կկարողանային իրականացնել ինչպես տոհմացեղային կազմակերպությունների ու բնակավայրերի վրա իրենց ունեցած իշխանությունը, այնպես էլ Էրիախին արտաքին աշխարհի հետ կապող գլխավոր ճանապարհների հսկողությունը։ Նշանակում է՝ Էրիախի երկրի «արքայական քաղաք» Իրդանիուն գտնվելու էր նրա այն մասում, որտեղ հատվում էին այդ ցեղային երկրի (մասնավորապես) և Հայկական լեռնաշխարհի (ընդհանրապես) չորս ծագերը միմյանց կամրջող ճանապարհները։ Հնագիտական հարուստ նյութը հնագետ Հ. Ա. Մարտիրոսյանին հիմք է տվել եզրակացնելու, որ բրոնզեդարից սկսած Շիրակի և հենց Լենինականի վրայով է անցնում Կովկասից առաջավոր և Փոքր Ասիա տանող մայրուղին։ Իսկապես էլ, Լենինականի տարածքը հետագայում ևս գտնվել է տարբեր մայրուղիների խաչմերուկում։ Այդ են վկայում անտիկ շրջանի և վաղ միջնադարի օտար և հայ հեղինակները, որոնց հաղորդած տեղեկությունների վրա հենվելով, հնագետ Եփրեմյանը Կումայրին է համարում այն վայրը, որտեղ խաչաձևում էին մի կողմից Իրանից Արարատյան դաշտի, Շիրակի, Աշոցքի ու Ջավախքի վրայով Վիրք (Վրաստան) տանող մայրուղին, մյուս կողմից՝ Փոքր Ասիայից Բարձր Հայքի, Բասենի, Վանանդի, Շիրակի և Գուգարքի վրայով Վիրք ու Աղվանք տանող մայրուղին։ Վերոբերյալից բխում է, որ Իրդանիուն գտնվել է ոչ թե Մարմաշենում կամ Լենինականի շրջակայքի մեկ ուրիշ վայրում, այլ հենց քաղաքի տարածքում՝ հիշյալ մայրուղիների խաչաձևման վայրում։ Ուրարտական զորքերի կողմից գրավվելուց հետո ևս Իրդանիու-Կումայրին շարունակել էր իր հետագա գոյությունը։ Այդ է վկայում Լենինականի տարածքից հայտնաբերված հնագիտական նյութը և, մասնավորապես, ուրարտական դարաշրջանի գոտու բեկոր՝ թևավոր արծվառյուծի ուշագրավ պատկերով։ Ընդ որում, նույն հնագիտական նյութը ընդգրկելով Ք.ա. 3-րդ հազարամյակից մինչև միջնադարն ընկած մի ընդարձակ ժամանակահատված, վկայում է Կումայրիի հազարամյակներ շարունակ բնակելի լինելու մասին։

Կումայրին հայ մատենագրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որ Կումայրին վաղ միջնադարում ևս եղել է բավականին նշանակալից մի բնակավայր, վկայում են նրա տարածքում (այժմյան Կումայրի տուրիստական հանգրվանի բակում) գտնվող 5-րդ և 7-րդ դարերի եկեղեցիների ավերակները, (ըստ հնագետներ Հարությունյանի և Մանուչարյանի թվագրումների) ինչպես նաև հին տապանաքարերի բեկորները։ Ի դեպ, ինչպես եկեղեցիներից մեկի, այնպես էլ շիրմաքարերի գոյությունը չի վրիպել Ղևոնդ Ալիշանի ուշադրությունից։ Իր Շիրակ աշխատության մեջ (էջ 155) նա գրում է, որ Կումայրի-Գյումրիում կա «…եկեղեցաական մի աւեր չորիւք փոքրիկ մատրամբ յանկիւնսն, եւ գերեզմանք առ նովաւ, ի միում ի մատրանցն կամ ավանդատանց գոյր հայ թուական «Թվ. ՄԵ» (756 թ.) և միում տապանաքարի սակավ բառքս»։ Ալիշանի հիշատակած թվականը՝ ՄԵ-ն, հետաքրքրական է ոչ միայն նրանով, որ Կումայրիի տարածքից հայտնի առաջին (և առայժմ միակ) թվագրումն է պարունակում, այլև նրանով, որ ավելի վաղ մի ժամանակահատված (756 թ.) է արտացոլում, քան Կումայրիի մասին հայ մատենագրության մեջ պահպանված առաջին վկայությունը։ Միջնադարի հայ մատենագրության մեջ Կումայրին առաջին անգամ հիշվում է 774 թվականին՝ արաբական խալիֆաթի դեմ ուղղված ապստամբության կապակցությամբ։ Ըստ Ղևոնդ պատմիչի, Շիրակ գավառի Կումայրի բնակավայրում էր, որ Արտավազդ Մամիկոնյանը «սպանանէր զհրամանատար հարկին» և ազդանշան տվեց համահայկական մի մեծ ամստամբության (774-775 թթ.)։ Ապստամբական շարժումն այնուհետև տարածվում է Շիրակին հարևան Արշարունիք գավառում և Բագրևանդում։ Նախարարական ուժերին միացած Բագրևանդի հայ շինականները, Կումայրիի ապստամբների օրինակով, կոտորել էին արաբ հարկահաններին և ջարդել Դվինից ու Կարինից իրենց վրա շարժվող արաբական զորամասերը։ Այնուհետև ապստամբության ոլորտն էր ընդգրկվել նաև Հարավային Հայաստանը, որտեղ ապստամբական ուժերի կարևոր հավաքատեղիները գտնվում էին Վասպուրականում։ Ապստամբների ձեռքից մազապուրծ եղած խալիֆաթի պատժիչ ջոկատների մնացորդները սարսափահար պատսպարվել էին Հայաստանի այն հատուկենտ քաղաքներում (Դվին, Կարին, Արճեշ), որոնցում արաբական զորամասեր էին մնացել։ Խալիֆ Ալ-Մանսուրը 775 թ. ապստամբների դեմ ուղարկել էի 30-հազարանոց մի ընտիր զորամաս, որը միանալով տեղի արաբական ուժերին, կարողացել էր օգտվել ապստամբների անհամաձայնեցված գործողություններից և նախ Արճեշի, ապա Արձնիի ճակատամարտերում պարտության մատնել նրանց։ Հայ մատենագրության մեջ Կումայրին Կումիրի ձևով երկրորդ անգամ հիշատակվում է Մատենադարանի 1886 թվահամարը կրող պատառիկում։ Նրա հիշատակարանում ոմն Հովասափի անունից գրված է. «Ես մեղուցեալ եւ ետինս ի կրաունաուորս Ովասափս, որ էի ազգավ եւ տոհմիւ ի մեծ գեւղաքաղաքէն կումիրոյ…»։ Ինչպես նշում է հիշատակարանի հետազոտող Մաթևոսյանը. «…պատառիկը հնագույն և հարազատ փաստաթուղթն է գրված 1209 թվականին ժամանակակցի և տեղացու ձեռքով… Պատառիկը Կումրի բնակավայրի գյուղաքաղաք լինելու վկայականն է հայագիտության մեջ»։ 1956 թվականին Էրմիտաժն ստացել է Ժ. Մուրյեի հավաքածուից անծանոթ մնացած մի արծաթե շերեփ։ Իրային գրանցման համաձայն այն ձեռք է բերվել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ քաղաքում։ Ելնելով շերեփի տեխնիկական առանձնահատկություններից (պատերի բարակությունը, մասնակի ոսկեջրվածությունը, կանթի ձևը) և պատկերագրական ու ոճական տվյալներից (զույգ արծվառյուծների առկայությունը, բուսական զարդանախշերի բնույթը)։

Պոլոզ Մուկուչ գարեջրատան ճակատի արծվառյուծները.

Ալ. Կակովկինը այն թվագրում է 13-րդ դարի վերջով և 14-րդ դարի սկզբով։ Պատմաբան Սարգիս Պետրոսյանը ալեքսանդրապոլյան շերեփը տեղական արտադրանք է համարում և այն վկայում է 13-14-րդ դդ. Կումայրիի («Կումիրի մեծ գյուղաքաղաքի») արհեստագործական ավանդույթների խոր արմատների մասին։ Սրան զուգահեռ պատմաբանը հիշատակում է Լենինականի տարածքից հայտնաբերված Ուրարտական դարաշրջանի գոտու բեկորը։ Սրա վրա պատկերված զույգ արծվառյուծների հետ անխզելի կապի մեջ են այն զույգ արծվառյուծների քանդակները, որոնք ժամանակին դրված են եղել ավելի ուշ «Պոլոզ Մուկուչ» կոչված գարեջրատան ճակատային մասում՝ քիվի կենտրոնում։ Այսպիսով, հնագիտական, պատմագիտական և լեզվաբանական բնույթի տարատեսակ նյութերը հիմք են տալիս ընդունելու Գյումրի քաղաքի տարածքում տեղադրված հնագույն բնակավայրերից մեկի՝ Կումայրիի, անընդմեջ գոյությունը բրոնզեդարից սկսած մինչև մեր օրերը։ Իհարկե, իր երկարատև պատմական գոյության ընթացքում բնակավայրը միշտ չէ, որ ուղղագիծ զարգացում է ապրել։ Այդուհանդերձ, Գյումրին երբևէ մարդաթափ չի եղել և մեզ հայտնի բոլոր պատմական ժամանակաշրջաններում մնացել է որպես հայկական բնակավայր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ.Կ. Գաբրիելյան, Լենինական, Երևան 1984
  • Գյումրի, Քաղաքը և մարդիկ, Գյումրի 2009
  • Կ.Կոզմոյան, Լենինական, Երևան 1957
  • «Կումայրի» թերթ, 2003 թ. հուլիս