Գյուղական ծիծեռնակ
Գյուղական ծիծեռնակ (Hirundo rustica), ծիծեռնակների ընտանիքի թռչուն:
Գյուղական ծիծեռնակի մարմնի վերին մասը սև է` կապտավուն փայլով, թևերի ու պոչի փայլը ավելի թույլ է, ճակատը, կզակը և կոկորդը մուգ շիկաշագանակագույն են, որովայնը, մարմնի կողային հատվածները, թևերի ստորին մակերեսը` սպիտակ կամ շիկավուն: Պոչի վրա կան սպիտակ բծեր: Քաշը` 14-22, 5 գ, թևի երկարությունը` 105-130 մմ:
Հանրապետությունում բնադրվող, չվող թռչուն է: Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին: Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ` գյուղերում, ավաններում և քաղաքներում: Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ: Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր: Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում: Թռիչքը սահուն է` թևերի արագ թափահարումով:
Տարածված է Իռլանդիայից և Պիրենեյան թերակղզուց մինչև Հիմալայան լեռներ, Աֆրիկայում, Եգիպտոսում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանի հյուսիսում, Պեչորայի միջին հոսանքներում, Ենիսեյի, Լենայի ափերին, Յակուտիայում, Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում, Անդրկովկասում:[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Մ. Ս. Ադամյան (1988)։ Հայաստանի թռչունները։ Երևան: «Արևիկ», էջ 16։