Գլուխկոտրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գլուխկոտրուկ, բարդ խնդիր, որի լուծման համար, որպես կանոն, անհրաժեշտ են ոչ թե առանձնահատուկ բարձր մակարդակի գիտելիքներ, այլ որոշակի հնարամտություն:

Ամեն դեպքում, որոշ գլուխկոտրուկներ խթանում են գիտնականների տեսական և գործնական մշակումները: Այսպես, օրինակ, Ռուբիկի խորանարդի հնարավոր տարբեր վիճակների թիվը հավասար է (8! × 38-1) × (12! × 212-1) ÷ 2 = 43 252 003 274 489 856 000, այսինքն 43 կվինտիլիոնից ավելի կոմբինացիա: Չնայած սրան, համարվում է, որ ցանկացած վիճակից խորանարդը կարելի է հավաքել ոչ ավելի, քան 20 քայլից հետո: Այլ կերպ ասած, այսպես կոչված «Աստծո ալգորիթմը» կտա լուծումներ 20 քայլից ոչ ավելի կատարելով:

Պատմությունը [խմբագրել]

Որոշ գլուխկոտրուկներ հայտնի են հին ժամանակներից: Հետաքրքիր տրամաբանական խնդիրներ հայտնաբերվում են եգիպտական բուրգերի պատերին, հին հունական ձեռագրերում և այլ պատմական հուշարձաններում: Գլուխկոտրուկների միջնադարյան պատմության ծաղկման ժամանակաշրջան կարելի է համարել 9-րդ դարը: Կրթական մակարդակի աճը և գիտության նկատմամբ կրոնի անհանդուրժողականության նվազումը հանգեցրին տրամաբանական խնդիրների սիրահարների շրջանակների ընդլայնմանը: Այդ ժամանակ էլ հայտնվեց գլուխկոտրուկների առաջին գիրքը Եվրոպայում՝ իռլանդացի լուսավորիչ Ալկուինի «Խնդիրներ երիտասարդ խելքի զարգացման համար» գիրքը:

Գլուխկոտրուկները ամենից շատ տարածում ստացան 19-րդ և 20-րդ դարերի սահմանում: Ամերիկացի Սեմ Լոյդի և անգլիացի Հենրի Դյուդենի գործունեության շնորհիվ գլուխկոտրուկները մտցվեցին բազմաթիվ պարբերականների մեջ, դարձան տարածված բնակչության լայն շերտերի մոտ: Լոյդը համարվում է ամբողջ աշխարհում ամենահայտնի գլուխկոտրուկի՝ «15 փազլ»ի հեղինակը: Խաղը այնքան տարածված էր, որ որոշ գործատուներ ստիպված էին արգելել աշխատավայրում դրա օգտագործումը:

Գլուխկոտրուկների զարգացման հաջորդ ցատկը եղավ 1974 թվականին հունգարացի Ռուբիկ Էռնյոյի հայտնագործումը՝ հայտնի խորանարդիկը: Ռուբիկի խորանարդը դարձավ ոչ միայն խաղալիք, այլև մաթեմատիկոսների և ինժեներների հետազոտությունների օբյեկտ: Այդ ժամանակից ի վեր ամբողջ աշխարհում անցկացվում են Ռուբիկի խորանարդի արագ հավաքման մրցումներ: Գլուխկոտրուկները ներկա ժամանակներում բուռն կերպով զարգանում են: Շուկայում անընդհատ հայտնվում են նոր խաղեր, որոնք կոչված են պահել մարդու ինտելեկտը տոնուսի մեջ, զարգացնել տրամաբանությունը, վարժեցնել ոչ ստանդարտ մտածելակերպը և բարձրացնել տրամաբանության մակարդակը ամբողջությամբ:

1992 թ-ից անցկացվում են Փազլսպորտի աշխարհի առաջնություններ, որտեղ մասնակիցները մրցում են թղթի վրա գլուխկոտրուկների արագ լուծման մեջ:

Գլուխկոտրուկների հայտնի հեղինակներ [խմբագրել]

Գլուխկոտրուկների ամենաճանաչված հեղինակներից են համարվում Հենրի Էռնեստ Դյուդենը, Սեմյուել Լոյդը, Մարտին Գարդները, Ռուբիկ Էռնյոն: Թղթի վրա իր բազմաթիվ գլուխկոտրուկներով և փազլսպորտի աշխարհի առաջնության առաջադրանքներով հայտնի է ամերիկացի մաթեմատիկայի պրոֆեսոր Էրիխ Ֆրիդմանը:

Գլուխկոտրուկների տիպերը [խմբագրել]

Գլուխկոտրուկների համընդհանուր ընդունված դասակարգում գոյություն չունի, կարելի է միայն պայմանականորեն բաժանել դրանք մի քանի խմբերի.